Նյութը՝ Լուսի Սարգսյան
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 10-04-2012
Գյումրին ինձ ձգում է
Կրկին Գյումրի: Այս անգամ էլ այցս գործնական բնույթ էր կրում, չնայած դրան, միեւնույնն է, այդ քաղաքն ինչ-որ հոգեւոր հետք է թողնում ինձ վրա:

Ինչպես հաճախ ընկերներիս եմ ասում` Գյումրին ինձ ձգում է: Չգիտեմ` ինչն է պատճառը: Այս այցս արդեն երրորդն էր:

Մինչ Գյումրի գնալը միշտ կարդացել եմ քաղաքի պատմության մասին, ուսումնասիրել նրա անունները, այն գործիչների կյանքը, որոնց Գյումրին է ծնել, ու միշտ ցանկություն է առաջացել, որ այցելեմ եւ քաղաքը զգամ այնպիսին, ինչպիսին այժմ է: Երբեք չեմ մտածել մինչ երկրաշարժյան Գյումրու մասին: Իմ պատկերացումներում այն եղել է ավերված քաղաք, որն անգամ այդ տեսքով որոշակի մշակույթ է պարունակում:

Այս անգամ քայլում էինք կիսաքանդ շենքերի կողքով: Փորձում էի նկարել յուրաքանչյուր շենքը, հատկապես շենքերի դռները: Ինձ համար հետաքրքիր էր հատկապես այն դուռը, որ կիսով չափ էր պահպանվել: Անցնում էինք փողոցներով, որտեղ կենդանի շունչ անգամ չկար:

Ինձ մոտ այն տպավորությունն էր, թե ինչ-որ մեռած քաղաքում եմ, որը նույնիսկ այդ տեսքով դեռ շնչում է: Ճիշտ է, Գյումրու շատ փողոցներում կյանքն այժմ եռում է, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով, գործերով: Կարծես քաղաքը երկու մասի բաժանված լինի: Կենտրոնական փողոցներում ամեն ինչ աշխույժ է, սակայն հարակից փողոցներում կրկին թանգարանային շունչն է տիրում:

Գյումրին Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է: Սակայն համեմատած Ե

րեւանի հետ, որտեղ անգամ կենտրոնից հեռու փողոցներում է կյանքը եռում, այստեղ դրա մասին ակնարկել նույնիսկ չենք կարող: Այս անգամ հատկապես ուշադրություն դարձրի Գյումրու` սալահատակով պատված փողոցներին: Որքան երկար են փողոցները, հատումները, կարծես հատուկ գծած քաղաք լինի` առանց այլեւայլությունների, առանց էլիտար, երկար շենքերի, առանց անհամապատասխան շինությունների, առանց փողոցներում սփռված սրճարանների: Հենց այստեղ ես կ

արողացա ուղիղ սալահատակավոր փողոցի մեջտեղով քայլել ու զգալ քաղաքի հին շունչը: Կարծես խորհրդային ժամանակահատվածը լիներ, կարծես մուտք էի գործել պատմության խորքերը: Զգացի, թե քաղաքը ոնց է շնչում: Քաղաքը միշտ ասոցիացրել եմ Մհեր Մկրտչյանի հետ. այն մեծանուն դերասանի, որ ծնվել է հենց այս քաղաքում: Ծանոթ լինելով նրա կյանքի պատմությանը` հենց այդ ժամանակ պատկերացրի, թե ինչպես է նա մանուկ հասակում քայլել հենց նույն սալահատակի վրայով…

Ասացի մանուկ...

Այս այցիս ընթացքում երեխաներ համարյա թե չտեսա: Չնայած հանդիպելով Շիրակի մարզպետարանի աշխատակիցների հետ` փորձեցի հավատալ, որ քաղաքում ծնելիության մակարդակը բարձրացել է:

Իսկ երիտասարդներ…

Այո՛, տեսա, քիչ էին, բայց կային. մի փոքր հուսադրող էր: Անգամ զրուցեցի նրանցից շատերի հետ: Իրենք էլ գիտեն իրենց խնդիրները, փորձում են լուծել դրանք` ներգրավելով այլ երիտասարդների: Յուրաքանչյուրի հետ զրույցում, սակայն, զգացի, որ ներքին տրտմություն կա:

Միգուցե բոլորն իրենց հոգսերն ունեն, կամ անցյալն է…

Չգիտեմ: Հետաքրքրականն այն էր, որ հանդիպելով հաշմանդամ կանանց` տրտմություն չզգացի: Նրանք անգամ, չնայած իրենց վիճակին, ժպտում էին, փորձում էին զրուցել բոլորի հետ, կիսվել` խնդիրների մասին, սակայն, չխոսելով: Ինձ ասացին, որ գյումրեցի երիտասարդներն անտարբեր են ամեն ինչի նկատմամբ, բայց ամեն դեպքում ներքին շարժ կա: Իհարկե բոլոր վայրերում երիտասարդության մի մասն անտարբեր է, մի մասը պայքարում է, մի մասն էլ հեռանում: Խնդիրն ամենուրեք է:

 դեպ, գյումրեցիները միանգամից զգում են «օտար տարրերին»: Ինձ այդպես էլ կանվանեի, քանի որ միանգամից զգում էին, որ, այսպես ասած, իրենց մարդը չի քայլում փողոցով. զննում էին, բայց երբեք չէին խոսում: Միայն հետաքրքիր էր մի բանվորի կերպար, ում ուղղեցի հարցս, եւ նա, իր գործը թողած, գյումրեցիներին հատուկ խոսելաձեւով սկսեց պատասխանել եւ օգնել: Ներքին զվարթություն ապրեցի, քանի որ զգացի, որ քաղաքը, այնուամենայնիվ, մեռած չէ:

Պետք է միայն արթնացնել, եւ այն կզարթնի…

Մի պահ մտքովս անցավ, որ հրաշալի կլիներ Գյումրին մշակութային մայրաքաղաք դարձնեը, քանի որ այժմ Երեւանի պատմական դեմքն աստիճանաբար կորչում է: Գյումրին, սակայն, դեռ պահպանում է այդ շունչը…

Սիրեմ գը Գյումրին...

Պատկերասրահ` Գյումրի