Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 06-04-2012
Տեղեկատվական տեխնոլոգիաները հայ երիտասարդների կյանքում
Տեղեկատվական տեխնոլոգիաները վերջին տարիներին բազմաթիվ երկրների զարգացման հիմք են հանդիսացել:
Հայաստանը ևս անմասն չմնաց ՏՏ մարտահրավերներից և բռնեց զարգացման ուղին: Այժմ մեր վերլուծությամբ փորձենք պարզել, թե մեր երկրում որքանո՞վ է զարգացած ՏՏ ոլորտը: Այսպես` 20-ամյա Նունեն նշում է, որ ինտերնետն իր համար օդի պես է, իր կյանքն առանց ինտերնետի չի էլ կարող պատկերացնել: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Ռուզաննան էլ փաստում է. «Ամենից առաջ ինտերնետն ինձ համար ինֆորմացիա ստանալու աղբյուր է եւ շփման միջոց: Առավելապես օգտվում եմ «Facebook» սոցիալական ցանցից: Ինֆորմացիան էլ ստանում եմ «1in.am»-ից: Ժամանցային կայքերից կառանձնացնեի «youtube.com»-ը: Խոսելով ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի մասին` հարկ է նշել, որ եղել են դեպքեր, երբ այս կամ այն երկրի զարգացումը պայմանավորվել է ՏՏ ոլորտում հայտնի ընկերությունների ծննդով ու զարգացմամբ («Dell»-ը եւ «Microsoft»-ը` ԱՄՆ-ում, «Nokia»-ն` Ֆինլանդիայում): Իսկ զարգացման ո՞ր մակարդակում է գտնվում մեր երկիրը: «Եթե արդի տեղեկատվական տեխնոլոգիաները բաժանենք երկու մասի, ապա կարելի է առանձնացնել երկու հիմնական միջոց` հեռախոսային կապը եւ բուն IT-ն: Առաջինի դեպքում կարելի է նշել, որ Հայաստանը ոչնչով չի զիջում տարածաշրջանի մյուս երկրներին: Բջջային հեռախոսների առումով մեր երկրում թափանցելիությունը (проникновение) 110% է. այսինքն` հեռախոսահամարներն ավելի շատ են, քան բնակչության թիվը: Մարդկանց մեծ մասն օգտվում է մի քանի բջջային օպերատորի ծառայությունից,- նշում է ՏՏ ոլորտի մասնագետ, «Մեդիամաքս» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ հավելում,- թեպետ Կառավարությունը հայտարարում է, որ ՏՏ ոլորտն առաջնային է Հայաստանի Հանրապետության համար, բայց գործուն քայլեր չեն արվել, որպեսզի այս ոլորտն իսկապես առաջընթաց ունենա: Միայն վերջերս հայտարարվեց, որ ՏՏ ոլորտի ընկերությունները հարկային արտոնություններ ունեն: Մեր երկիրը նոր-նոր է սկսել բարենպաստ պայմաններ ստեղծել այս ոլորտի զարգացման համար»: ՏՏ ոլորտի մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանն էլ նշում է. «Ինտերնետի կիրառությամբ մենք առաջինն ենք ԱՊՀ երկրների շարքում: Բացի դրանից` էլեկտրոնային կառավարումը եւս արդեն մեծ կիրառություն ունի մեր երկրում: Դրա միջոցով վճարումներ ենք անում, դիմումներ գրում տարբեր մարմինների... Այդուհանդերձ, արդի երիտասարդության համակարգչային գրագիտությունը սկսնակ մակարդակում է: Պետք է հավելեմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաներն արագ են զարգանում ու երիտասարդները քիչ-քիչ կներգրավվեն, եւ այդ մակարդակը կբարձրանա»: Հայաստանի Հանրապետության երիտասարդությունն ունի ինֆորմացիոն ռեսուրսներով բավականին բարձր ապահովվածություն: Տանը համակարգիչ ունի երիտասարդների 54.6%-ը, իսկ ինտերնետին միացված համակարգիչ` 47.1%-ը: Երիտասարդների 7.7%-ի ընտանիքներում առկա է 2 կամ ավելի համակարգիչ: Բջջային հեռախոս ունի երիտասարդների 99.6%-ը, որոնցից ինտերնետին տեխնիկապես կարող է միանալ 95.9%-ը: Հետաքրքիր է նաեւ, թե ո՞ր կայքերն են գտնվում լավագույն հորիզոնականներում, թե ո՞ր կայքերից են երիտասարդներն առավելապես օգտվում: «Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ամենաշատը սոցիալական ցանցեր են հաճախում: Առաջին տեղում գտնվում է «Facebook»-ը: Այն ունի մոտ 26 հազար ակտիվ օգտատեր: Երկրորդ տեղում «odnoklassniki.ru»-ն է, երրորդը` «vkontakte.ru»-ն: «Facebook.com»-ը ոչ միայն շփման միջոց է, այլեւ տեղեկատվություն ստանալու հարթակ: Բազմաթիվ էլեկտրոնային կայքերի տերեր նշում են, որ այցելուների մեծ մասն իրենց կայքեր մուտք են գործում «Facebook»-ի միջոցով: Այս առումով լրատվական կայքերից կարելի է առանձնացնել «news.am»-ը, «tert.am»-ը, «1in.am»-ը: Ժամանցային կայքերի մասին կարելի է նշել, որ հիմնականում առաջին տեղում գտնվում են այն կայքերը, որոնք գողացված քոնթենթ են առաջարկում մարդկանց: Մարդիկ մտնում, նայում են, օրինակ, իրենց սիրելի ֆիլմի կրկնությունը, հաղորդումը...»,- փաստում է Դավիթ Ալավերդյանը: Մեր կատարած փոքրիկ հարցման արդյունքները համընկնում են մասնագետի նշած տվյալների հետ: Ցուցանիշներն այսպիսին են. Սոցիալական ցանցեր` 1. «facebook.com» 2. «odnoklassniki.ru» 3. «vkontakte.ru» Լրատվական կայքեր` 1. «news.am» 2. «tert.am» 3. «1in.am» Ժամանցային կայքերի մասին խոսելիս երիտասարդները հիմնականում նշեցին «youtube.com»-ը: Եվ վերջապես, հարցնենք ինքներս մեզ` ինչի՞ համար ենք օգտագործում ինտերնետը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի երիտասարդության 49%-ն ինտերնետը կիրառում է զուտ ժամանցային կամ շփման նպատակներով, իսկ զուտ ինտելեկտուալ նպատակներով` 11.2%-ը: Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինտերնետ մուտք գործելն առավելապես իրականացվում է համակարգչի՞, թե՞ հեռախոսի միջոցով: Ընդ որում` շատ բարձր է ինտենսիվ կերպով ինտերնետ օգտագործող երիտասարդների քանակը: Ամեն օր մի քանի անգամ համակարգչային ինտերնետից օգտվում է երիտասարդների 65.4%-ը: Մեծ է նաեւ բջջային հեռախոսով օգտվողների թիվը` 53.1%: Հեռախոսով օգտվելն ունի իր դրական եւ բացասական կողմերը: Հեռախոսի միջոցով կարելի է օն-լայն լինել ամենուր` երթուղայինում, փողոցում, տանը… Բայց երբ մարդիկ համակարգչի օգնությամբ ինտերնետ մուտք գործելու հնարավորություն են ունենում, բնականաբար ընտրում են համակարգիչը: Այն աշխատում է ավելի արագ, քան հեռախոսը, եւ բացի դրանից` ունի ֆունկցիաների ավելի մեծ բազմազանություն: Մասնագետները մի քանի խորհուրդ են տալիս, որպեսզի երիտասարդները կարողանան պաշտպանվել հակերների հարձակումներից եւ համակարգչային վարակներից: «Խորհուրդ եմ տալիս ընտրել բարդ գաղտնաբառեր, ձեր էլեկտրոնային փոստի էջերում մի՛ պահպանեք կարեւոր ինֆորմացիա, մշտապես թարմացրե՛ք ձեր համակարգչի հակավիրուսային ծրագիրը, խուսափե՛ք անծանոթ կայքերից, անծանոթ անձանց նամակներից. դրանք կարող են վիրուսներ պարունակել»,- ասում է Դավիթ Ալավերդյանը: Սամվել Մարտիրոսյանն էլ հավելում է. «Խուսափե՛ք պոռնոգրաֆիկ բնույթի կայքեր մուտք գործելուց: Ամենից հաճախ այդպիսի կայքերում են թաքնված վիրուսները: Ցանկալի է, որ ձեր գաղտնաբառերում լինեն սիմվոլներ, մեծատառեր, փոքրատառեր եւ իհարկե թվեր»: Վերջում հարկ է հիշել, որ գոյություն ունի «վիրտուալ հիվանդություն» հասկացություն: Եկե´ք չկորցնենք իրականի ու վիրտուալի սահմանները: Քայլե´նք տեղեկատվական տեխնոլոգիաների ռիթմին համընթաց, բայց չտարվենք այդ ռիթմով: Վիճակագրական տվյալները` ըստ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» Հասմիկ Բալեյան