Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 30-03-2012
Թե ինչո՞ւ են հայ երիտասարդները խուսափում ամուսնանալուց
«Եթե փափախով խփում ես, աղջիկը չի ընկնում, ուրեմն պատրաստ է ամուսնության»:
Հայ երիտասարդների շրջանում ամուսնացած չեն 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, իսկ 30 տարեկաններից` յուրաքանչյուր 4-րդը: Այսօր աղջիկների համար ամուսնության «լեգիտիմ» տարիքը 17-ն է, տղաների համար` 18-ը: Սակայն, արի° ու տե°ս, որ մեզնից ընդամենը 100-150 տարի առաջ այդ տարիքի հասած ու չամուսնացած երիտասարդներն արդեն անհույս էին համարվում: Ազգագրագետ Գայանե Շագոյանի խոսքերով` մեր պատմության մեջ վաղ ամուսնության ամենահին օրինակը Գրիգոր Լուսավորչինն է, ով ամուսնացել է 11 տարեկանում, կինն էլ 9 տարեկան էր: Դարերի ընթացքում տարբեր հրովարտակներով ու եկեղեցական կանոնադրությամբ այդ տարիքը փոխվել է` հետզհետե բարձրանալով: Արդեն 19-րդ դարում ընդունված էր այն կարծիքը, որ աղջիկն ամուսնանալիս պետք է գոնե 15 տարին բոլորած լինի: Տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ էին հիմնավորում երեխաներին շատ վաղ ամուսնացնելու հանգամանքը: Եվ հիմնականում հաշվի էին առնում ֆիզիոլոգիական հասունացումը: Քանի որ ամուսնությունը երկու գերդաստանների միջեւ տնտեսական համաձայնություն էր նաեւ, ուստի տարբեր գործոններ էլ էին հաշվի առնվում: Ամուսնական տարիքը կարող էր պայմանավորված լինել տղաների բանակ գնալով (օրինակ` Ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակ): Թուրքական տիրապետության ընթացքում էլ թուրքերի կամ քրդերի առեւանգումներից խուսափելու համար կա°մ շուտ էին ամուսնացնում իրենց երեխաներին, կա°մ էլ աղջիկներին ծպտյալ տղաներ էին դարձնում: Աղջիկների «կամքի ազատականացման էվոլյուցիան» կատարվել է այսպես. շատ հնում, երբ մարդիկ գնում էին խնամախոս, բնականաբար նախապես ամեն ինչ որոշված էր, սակայն աղջկա կարծիքը, այնուամենայնիվ, հարցնում էին: Ի նշան համաձայնության` նրանք խոնարհում էին գլուխները: Որոշ դեպքերում էլ հարսնացուն պարզապես դիպչում էր նրանց բերած նվերին` այդ կերպ տալով իր համաձայնությունը: Ավելի ուշ որոշ շրջաններում աղջիկը ձայն հանելու իրավունք ստացավ, այսինքն` խոսքի միջոցով էր համաձայնություն տալիս: Չամուսնացած երիտասարդների շրջանում, սկսած 29 տարեկանից, առաջիկա երկու տարիներին ամուս¬նա¬նալու վերաբերյալ ունեցած դիրքորոշումը սկսում է նվազել: Այսօր քիչ թե շատ քաղաքակիրթ հասարակություններում տղան ու աղջիկն են որոշում` երբ եւ ում հետ ամուսնանան կամ ընդհանրապես ամուսնանան, թե ոչ: Ըստ վերջերս տպագրված «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի»` եթե 18-19 տարեկանների խմբում առաջիկա երկու տարիների ընթացքում հարա¬բե¬րականորեն ավելի շատ են ամուսնանալ պատրաստվող աղջիկները, ապա 20-24 տա¬րեկանների խմբում այդպիսի տղաների եւ աղջիկների թիվը հավասարվում է, իսկ 25-30 տարեկանների խմբում արդեն չամուսնացած եւ առաջիկա 2 տարիներին ամուսնանալ պատրաստվող տղաների հարաբերական քանակն արդեն գերազանցում է աղջիկների թվին: Հարցված երիտասարդներն իբրեւ չամուսնանալու պատճառ մատնանշել են հետեւյալ պատճառները. առաջատար դիրքերում են «ընտրյալ չունեմ/հարմար թեկնածու չկա», «ուզում եմ ազատ ապրել», «պատրաստ չեմ/մտադրություն չունեմ», «ինքնահաստատված չեմ», «մտածում եմ կարիերայի մասին» պատճառները եւ այլն: Հոգեբան Մամիկոն Թոսունյանի կարծիքով` ամուսնանալ չցանկացողների վրա ոչ միայն հոգեբանական, այլեւ սոցիալ-տնտեսական պատճառներն են ազդում: Առաջին հերթին, սակայն, մարդկանց զգուշավորությունն ու տագնապայնությունն են բարձրացել: Սոցիալ-տնտեսական ծանր վիճակը նրանց ստիպում է լինել ավելի զգուշավոր, շրջահայաց: Եվ շատ հաճախ երիտասարդները վախենում են պատասխանատվություն վերցնելուց, որովհետեւ վստահ չեն վաղվա օրվա հանդեպ: Զեկույցն ասում է, որ չամուսնանալու տնտեսական պատճառներն առավելապես բնորոշ են տղամարդկանց, իսկ մշակութային պատճառները` կանանց: Տղամարդկանց շրջանում մշակութային եւ տնտե¬սական պատճառների տարածվածության հարաբերությունը 2:1 է, իսկ կանանց շրջանում` 11:1: Հոգեբանն այդ հանգամանքը բացատրում է հետեւյալ կերպ. «Մեծ ազդեցություն ունի նաեւ մեր ժամանակի համար ընդունված հաջողակ կյանքի մոդելը, երբ մարդ պետք է ստանա ուսում, ստեղծի կարիերա, հասնի որոշակի հաջողությունների, այնուհետեւ միայն մտածի ընտանիքի մասին»: Ազատ ապրելու գաղափարը թյուր պատկերացնողների կողքին քիչ չեն նաեւ «հարմար թեկնածու չկա»-ի կողմնակիցները: «Չնայած տարածված, բայց անհասկանալի տարբերակ է: Օրինակ` ֆինանսական բավարարվածության աստիճանի, կրթական ցենզի հետ կապված գուցեեւ հարմար թեկնածուի պակաս կա, երբ, ասենք, բարեկեցիկ ընտանիքի աղջիկը ցանկանում է նույնպիսի ընտանիքի տղայի հետ ամուսնանալ: Մյուսը, երբ չկան զգացմունքներ: Շատ մարդիկ էլ զբաղված են առօրյա հոգսերով կամ աշխատանքով եւ ամուսնանալու ժամանակ չունեն, շփումներն էլ բավականին սահմանափակ են: Այդ ժամանակ գուցեեւ չկա գերադասելի անձնավորություն»,- ասում է հոգեբանը: Մյուս կողմից էլ, ինչպես պարոն Թոսունյանն է փաստում, երիտասարդների շրջանում ամեն ինչ շատ իդեալականացված է: Չկա այն գաղափարը, որ զույգը կարող է զարգանալ ու մի բանի հասնել միասին. «Տուն, ավտոմեքենա, լավ աշխատանք. բայց չէ՞ որ դրանք միանգամից չեն լինում: Ամսագրային պատկերացումները շատ են ազդում մեր երիտասարդների վրա: 25-ից բարձր, հատկապես 30-անց երիտասարդների մոտ էլ ընտրությունն է բարդանում: Նրանք շատ ավելի դժվար են մոտենում այդ հարցին, քանի որ ունեն կայացած կենցաղ, պատկերացումներ եւ դժվար են զուգընկեր ընտրում: Դա ավելի շատ վերաբերում է տղամարդկանց, քանի որ կանայք ավելի պատրաստակամ եմ ընտանիք կազմելու հարցում»: Հայ երիտասարդների համար ամուսնանալը գուցեեւ ամենաբարդ հարցերից մեկն է, բայց որպեսզի ամեն ինչ ավելի չբարդանա, կարելի է պարզապես հետեւել հույն փիլիսոփա Սոկրատեսի այն խորհրդին, երբ նրա կարծիքն են հարցրել ամուսնության վերաբերյալ. «Տե՛ս, որ չնմանվես ձկներին, որոնք, ընկնելով ցանցի մեջ, աշխատում են ազատվել ցանցից, իսկ ազատվելով` ձգտում են դեպի այն…» Վիճակագրական տվյալները` ըստ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» Ծովինար Կարապետյան