Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 17-11-2011
Երիտասարդական ընտրանին բարդ դրության մեջ է
Չեխիայի եւ Ուելսի ընտրանիների հետ հանդիպումնե՞րը ապացուցեցին, որ պետք է բարենորոգումներ իրականացնել համակարգում:
Հայաստանի մինչեւ 21 տարեկանների երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2013 թ-ի առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի շրջանակներում նոյեմբերի 11-ին եւ 15-ին անցկացրեց երկու շատ կարեւոր հանդիպում` Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով նախ Չեխիայի, ապա Ուելսի իր հասակակիցներին: Չեխերի հետ հանդիպումը մեր երիտասարդական ընտրանու համար լավ չսկսվեց. ողջ առաջին խաղակեսի ընթացքում գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի սաներն այդպես էլ չկարողացան կոմբինացիոն խաղ ցուցադրել ու լուրջ վտանգ ստեղծել Չեխիայի ընտրանու դարպասապահ Մարեկ Ստեխի պաշտպանած դարպասի մոտ: Մինչդեռ Յակուբ Դրովալիլի սաները կարողանում էին վստահորեն վերահսկել գնդակի տեղաշարժը` ունենալով խաղային ու տարածքային զգալի առավելություն: Կար պայքար, կար լարվածություն, բայց դիտարժանությամբ խաղն աչքի չէր ընկնում, ինչը սպասելի էր. մրցում էին խմբի առաջատարները, որոնց համար խաղի արժեքը բավականին մեծ էր: Այնուամենայնիվ, երկրորդ կեսում չեխերը կարողացան կոտրել հայկական կողմի պաշտպանական դիմադրությունը եւ արդյունքի հասնել: Հանդիպման 77-րդ րոպեին չեխերի հարձակման առաջատար Յան Չրանոստան կարողացավ արագ կողմնորոշվել ստեղծված բարդ իրավիճակում եւ գրավել Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը: Բաց թողած գոլից հետո հայ ֆուտբոլիստները խաղը փրկելու հույսով նետվեցին առաջ, սակայն խփած գնդակից հետո էլ ավելի վստահ էին գործում հյուրերը, ովքեր շատ գրագետ էին պաշտպանվում: Հանդիպման վերջնամասում, երբ ընթանում էր մրցավարի` խաղի հիմնական ժամանակին ավելացրած վերջին րոպեն, Յան Չրանոստան եւս մեկ անգամ կարողացավ գրավել Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը` ձեւակերպելով հանդիպման վերջնական արդյունքը` 2-0 հաշվով հաղթանակ հօգուտ հյուրերի: Նոյեմբերի 15-ին էլ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ տարվա վերջին միջազգային հանդիպումը. Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցեց Ուելսի իր հասակակիցների հետ: Ընտրական այդ խաղում Հայաստանին միայն հաղթանակը կգոհացներ, քանի որ Չեխիան 3 միավոր էր տարել Երեւանից, ինչի արդյունքում Ռաֆայել Նազարյանի գլխավորած ընտրանին Եվրոպայի 2013 թ-ի առաջնության ընտրական 3-րդ խմբում նահանջել էր 3-րդ հորիզոնական: Իհարկե, միայն հաղթելու դեպքում Հայաստանը դուրս կգար 2-րդ հորիզոնական` շրջանցելով Մոնտենեգրոյին: Հանդիպումը սկսվեց շատ նյարդային. նկատվում էր, որ երկու թիմերն էլ ցանկանում են հաղթանակի հասնել, բայց երկուսի մոտ էլ չէր ստացվում կոմբինացիոն խաղը, ինչի պատճառն ամենայն հավանականության եղանակն էր. առատ ձյուն էր տեղում, ու բավականին ցուրտ էր: Հանդիպման առաջին վտանգավոր պահերը ստեղծեցին հայ ֆուտբոլիստները, սակայն այդպես էլ չկարողացան կոտրել Ուելսի ընտրանու պաշտպանների զգոնությունը: Խաղի 5-րդ րոպեից ակտիվացան նաեւ բրիտանացիները, ովքեր իրար հետեւից մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասի մոտ: Նշենք նաեւ, որ ուելսցիները բավականին կոշտ ֆուտբոլ էին խաղում, ինչի արդյունքում հայկական կողմի գրոհներն ավարտվում էին ժամանակից շուտ: Հայաստանին ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել այն խաղային ռիթմը, որն ընտրական փուլի առաջին 3 խաղերում Ռաֆայել Նազարյանի սաներին թույլ տվեց 7 միավոր վաստակել, իսկ ահա ուելսցիներն էլ ավելի գրագետ էին պաշտպանվում` խաղալով հակագրոհների մարտավարությամբ: Էդգար Մալաքյանը եւ Արտակ Ալեքսանյանն ամեն կերպ փորձում էին իրենց վրա վերցնել խաղը, սակայն վերջին պահին տարվում էին անհատական գործողություններով ու կորցնում գնդակը: Այդպիսի կորուստներից մեկի ժամանակ էլ քիչ էր մնում բրիտանացիները գրավեին մեր թիմի դարպասը, սակայն վստահորեն գործեց դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Հանդիպումն ավարտվում էր, սակայն թիմերը դեռ չէին կարողանում ցույց տալ իրենց ներուժը` կարծես թե համակերպվելով ոչ-ոքի արդյունքի հետ: Ողջ խաղի ընթացքում Ուելսի դարպասապահ Քրիստոֆեր Մաքսվելը գոնե մեկ անգամ խաղի մեջ լիարժեքորեն չմտավ, ինչի պատճառը հայ ֆուտբոլիստների կազմակերպած գրոհների պարզունակությունն էր, ինչպես նաեւ այն, որ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը բավական դանդաղ էր գործում, եւ հյուրերը հեշտությամբ կարողանում էին չեզոքացնել ամեն մի վտանգ: Հանդիպման վերջին րոպեներին ուղղակի խայտառակ ֆուտբոլ էին ցուցադրում հայ երիտասարդները. միգուցե դրա պատճառը եղանակն էր, միգուցե ոչ լիարժեք ֆունկցիոնալ պատրաստվածությունը կամ էլ հոգնածությունը (Հայաստանի բարձրագույն առաջնությունը միայն վերջերս է ավարտվել), սակայն փաստն այն է, որ այդ օրը նրանց խաղը չէր ստացվում: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, որը ոչ մի կերպ ձեռնտու չէր մեր թիմին: Հ.Գ.: Թե որոնք էին Հայաստանի երիտասարդական հավաքականի ցուցադրած դժգույն խաղերի պատճառները, հստակորեն ասելը դժվար է, սակայն անզեն աչքով էլ նկատելի էր, որ ֆուտբոլիստների գործողություններում հոգնածություն է նկատվում. երկար մրցաշրջանից հետո խաղացողները չէին հասցրել թոթափել հոգնածությունը: Գուցե դա էր պատճառը, որ խաղից ընդամենը ժամեր անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի փոփոխություններ կատարեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերաբերյալ: Ըստ այդ փոփոխությունների` առաջնության թիմերը պետք է հրաժարվեն օտարերկրյա դարպասապահներից, որպեսզի տարբեր տարիքային մեր հավաքականներում հնարավոր լինեն մրցակցության ապահովումն ու ազգային ընտրանու համար լավ կադրերի պատրաստումը: Այս որոշումը ուժի մեջ կմտնի 2012 թ-ից: Որոշում է կայացվել նաեւ, որ Հայաստանի առաջնությունը 2012 թ-ից սկսած գարուն-աշուն համակարգից կանցնի աշուն-գարուն համակարգի, ինչպես այժմ խաղում են գրեթե ողջ Եվրոպայում: Գալիք առաջնությունը կսկսվի 2012 թ-ի մարտին եւ կավարտվի 2013 թ-ի մայիսին, իսկ ահա 2013 թ-ից մրցաշրջանը ամբողջովին կանցնի աշուն-գարուն համակարգով, ինչը միայն օգուտ կբերի մեր հավաքականներին: Հարություն Ծատրյան