Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 19-10-2011
Ապագա հաղթանակների ակնկալիքով
Հայկական ֆուտբոլը վերածնունդ է ապրել:
Արդեն մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ցավալի պարտություն կրեց տեղացիներից եւ չկարողացավ շարունակել «ԵՎՐՈ 2012» մրցաշարի եզրափակիչ փուլի համար մղվող պայքարը: ՀՀ անկախության 20 տարիների ընթացքում հայ ֆուտբոլիստներն առաջին անգամ կարողացան Եվրոպային ու ընդհանրապես աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում էլ ֆուտբոլ կա, հայերն էլ ֆուտբոլ խաղալ գիտեն եւ յուրաքանչյուր մրցակցի հետ, անկախ նրա ուժից, կպայքարեն մինչեւ վերջ` խաղադաշտում ներդնելով իրենց ողջ ունակությունները: «ԵՎՐՈ 2012»-ի ընտրական փուլն իրոք դարձավ հայկական ֆուտբոլի վերելքի առհավատչյան: Ամեն բան սկսվեց Իռլանդիայի ազգային հավաքականի հետ Երեւանում կայացած խաղից: 2010 թ-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային ընտրանին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ կարողացավ համառ դիմադրություն ցույց տալ շատերի համար գերհզոր ու ընտրական B խմբի ֆավորիտներից մեկը համարվող իռլանդացիներին: Մեր թիմը սեփական հարկի տակ պարտվեց «գերհզոր» մրցակցին ընդամենը 1 գնդակի տարբերությամբ (ըստ նախախաղային հոռետեսական որոշ կանխատեսումների` մեր թիմն առնվազն 3 գնդակ պետք է բաց թողներ): Գնդակ, որը կարող էր եւ չգրանցվել, եթե մեր թիմի պաշտպանությունն ավելի լավ համագործակցեր ու միմյանց հետ խաղալու համապատասխան փորձ ունենար: Երեւանյան խաղում մարզասերները հասկացան, որ հիմնականում երիտասարդներով համալրված մեր ընտրանին ժամանակի ընթացքում դեռ ավելացնելու է, ավելի լավ խաղ է ցուցադրելու: Սեպտեմբերի 7-ին Մակեդոնիայում մեր ֆուտբոլիստները կարողացան գեղեցիկ ոճով մրցակցին ծնկի բերել ողջ խաղի ընթացքում: Նույնիսկ ավելին` մինչեւ հանդիպման վերջին րոպեն մերոնք հաղթում էին մրցակցին թե՛ ցուցադրած խաղով, թե՛ գրանցված հաշվով, սակայն Արարատ Առաքելյանի` տուգանային հրապարակում ձեռքով խաղը հանգեցրեց նրան, որ մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց Բերեզովսկու դարպասին: Արդյունքում մեր թիմը ստիպված ոչ-ոքի` 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը: Մեկ ամիս անց Երեւանում հյուրընկալվեց Սլովակիայի ընտրանին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ամռանը կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում կարողացել էր խմբային մրցաշարից դուրս թողնել անգամ 2006 թ-ի աշխարհի չեմպիոն Իտալիայի ընտրանուն: Վարդան Մինասյանը կարողացել էր մեր թիմին լավ տրամադրել խաղին, եւ Յուրա Մովսիսյան-Հենրիխ Մխիթարյան-Գեւորգ Ղազարյան հարձակման հզոր եռյակի միջոցով մեր ընտրանին 3-1 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տոնեց: Այդ հաղթանակը բարձրացրեց հայ ֆուտբոլիստների հավատը սեփական ուժերի հանդեպ ու բեկումնային դարձավ հետագա խաղերի համար: Նամանավանդ ազգային ընտրանու կազմում ընդգրկված երիտասարդները, որոնց տարիքը մեծ մասամբ չի գերազանցում 22-ը, իրենց ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերեցին: Սլովակիայից հետո հերթը հասավ անդորրացիներին, ովքեր «Հանրապետական» մարզադաշտում ոչինչ չկարողացան ձեռնարկել թեւեր առած մեր ընտրանու դեմ խաղում եւ 4-0 հաշվով պարտություն կրեցին: Այսքանով ավարտվեցին մեր ընտրանու` 2010 թ-ին անցկացրած պաշտոնական ելույթները: 2011 թ-ը մեր ընտրանու համար լավ չսկսվեց. նախ ընկերական խաղում Վարդան Մինասյանի թիմը փետրվարին 2-1 հաշվով պարտվեց Վրաստանի ազգային հավաքականին, ապա մարտին ռուսների հետ կայացած դժվարին պայքարում, ցուցադրելով դժգույն խաղ (կարծես թե հին խաղից ոչ մի նշույլ իսկ չէր մնացել), կարողացավ Երեւանում ոչ-ոքի` 0-0 հաշվով ավարտել հանդիպումը: Հունիսին էլ մեր թիմը Սանկտ Պետերբուրգում 3-1 հաշվով ցավալի պարտություն կրեց ռուսներից եւ ստիպված եղավ առժամանակ մոռանալ «ԵՎՐՈ 2012»-ի եզրափակիչ փուլի ուղեգրի մասին: Օգոստոսի 10-ին էլ ընկերական խաղում 3-0 հաշվով պարտվելով Լիտվային` շատերի մոտ մեր հավաքականն այն տպավորությունն առաջացրեց, թե 2010 թ-ի վերջում իր ցուցադրած խաղն ուղղակի պատահականության արդյունք էր: Ամեն բան փոխվեց մեկ ամիս առաջ` սեպտեմբերին: Նախ Անդորրայում մեր հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, ապա Սլովակիայում իսկական ֆուտբոլային ֆուրոր առաջացրեց ողջ Եվրոպայի համար` սլովակներին հաղթելով խոշոր` 4-0 հաշվով: Այսքանից հետո հայ մարզասերների շրջանում կրկին վերադարձավ հավատը դեպի հարազատ թիմը, եւ հոկտեմբերի սկզբին Մակեդոնիայի ընտրանու դեմ կայացած հանդիպման ժամանակ լեփ-լեցուն մարզադաշտը խաղի ողջ 90 րոպեներին ակտիվորեն երկրպագեց հանուն մեկ նպատակի. այն է` հաղթել եւ «ԵՎՐՈ 2012»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: 4-1 հաշվով ջախջախելով մակեդոնացիներին` մեր թիմին մնում էր ընդամենը մեկ քայլ. մրցակցի դաշտում հաղթել Իռլանդիայի հավաքականին եւ անցումային խաղի իրավունք նվաճել: «ԵՎՐՈ 2012»-ը մեզ համար սկսվեց եւ ավարտվեց իռլանդացիների հետ խաղով: Մի փոքր անարդարացի մրցավարության եւ մարզական բախտի բացակայության պայմաններում մեր թիմը, թեկուզ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելով, չկարողացավ կատարել իր առջեւ դեռեւս երկու տարի առաջ դրված խնդիրը. այն է` դուրս գալ «ԵՎՐՈ 2012»-ի եզրափակիչ փուլ: Հայ ֆուտբոլասերների ցանկությունը չկատարվեց, եւ մեր թիմը, խաղի մեծ մասն անցկացնելով 10 հոգով, ցավալիորեն պարտվեց 2-1 հաշվով: Հ.Գ.: Երբ երկու տարի առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ազգային ընտրանու մարզչին պատվիրված է թիմը դուրս բերել «ԵՎՐՈ 2012»-ի եզրափակիչ փուլ, շատերի մոտ նույնիսկ քմծիծաղ հարուցեց, բայց թե ինչ արեց մեր ընտրանին, եւ առաջադրանքի կատարմանը ինչքան մոտ էր Վարդան Մինասյանը, տեսան բոլորը: Երեկ տեղի ունեցած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մեկնաբանելով մեր թիմի հաջողության գաղտնիքը, նշեց, որ լավ արդյունքը միշտ գալիս է ցուցադրած լավ խաղից, իսկ ընտրական մրցաշարի սկզբում մեր թիմին ուղղակի պակասում էր մարզական փորձը: Առջեւում աշխարհի 2014 թ-ի առաջնության ընտրական փուլի խաղերն են, որոնք կմեկնարկեն 2012 թ-ին: Ու հայ ֆուտբոլասերներից շատերն արդեն այսօր պահանջում են, որ մեր թիմը Բրազիլիայում կայանալիք եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճի: Այդ առիթով Վարդան Մինասյանը նշեց. «Այս խումբն ակնհայտորեն ավելի ուժեղ է: Դանիան, Իտալիան, Չեխիան ու Բուլղարիան լավ շանսեր ունեն: Չպետք է մոռանալ նաեւ Մալթային, որն առաջընթաց է ապրում եւ Անդորրայի հետ համեմատել չենք կարող: Մյուս կողմից էլ մեր հավաքականն արդեն մեծ փորձ ունի, եւ միգուցե ավելի լավ է, որ նման խմբում ենք ընդգրկված»: Այսպիսով` մեր ազգային ընտրանին գնում է հանգստի: Թիմն աշխարհի 2014 թ-ի առաջնությանը կսկսի պատրաստվել միայն գալիք տարվանից: 2012 թ-ի ընթացքում մեր հավաքականը 4 ընկերական խաղեր կունենա. մեկը` փետրվարին, 2 խաղ` մայիսին եւ մեկը` օգոստոսին: Հարություն Ծատրյան