Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 16-06-2010
«Սատանայի պարահանդես» կամ երեւանյան գլամուր
Փայլելու համար ոսկի լինել պարտադիր չէ:
Արդեն վաղուց ապացուցվել է, որ նորաձեւության խաղերին ու կանոններին ենթարկվում են ոչ միայն քաղաքները, հագուստը, մարդիկ, այլեւ լեզուն: Չե՞ք հավատում: Իսկ ես չեմ էլ փորձում համոզել կամ ապացուցել որեւէ բան, մանավանդ որ վաղուց արդեն հասկացել եմ` մարդուն իր կամքին հակառակ որեւէ բան համոզելը ֆանտաստիկայի ժանրի գրականության նման մի բան է դարձել: «Կրեատիվ, փարթի, բուտիկ, ֆեյշոն, էլիտար, վիփ, քլաբ, օքեյ, քուլ, մեյքափ, գլամուր». ես փորձեցի հաշվել, թե օրվա ընթացքում քանի անգամ եմ լսում այս բառերը: Հետո հասկացա, որ հաշվելն ապարդյուն է. միեւնույնն է, չեմ հիշելու: Բայց այն, որ այս բառերը մենք ավելի շատ ենք օգտագործում, քան, օրինակ, «բարեւ, սիրում եմ, կարոտել եմ կամ շնորհակալ եմ» արտահայտությունները, միանշանակ է: Դուք դեռ շարունակե՛ք կարծել, որ նորաձեւությունը լեզվի հետ կապ չունի, իսկ ես ձեզ հետ մի քիչ զրուցեմ ոչ թե նորաձեւ բոլոր բառերի, այլ մասնավորապես «գլամուր» երեւույթի մասին: Ինչո՞ւ միայն սրա: Դե՛, որովհետեւ այն ոչ թե դարձավ մեր առօրյա խոսակցականի ամենափայլուն մասը, այլեւ բարձրացավ էկրաններ, մտավ գովազդի մեջ, հայտնվեց ֆիլմերում, հնչեց ռադիոյից ու տպագրվեց ոչ միայն գունազարդ ու «գլամուր» ենթադրող ամսագրերում, այլեւ սեւ ու սպիտակ օրաթերթերում: Մեր` առանց այն էլ շատ հարուստ բառապաշարում «գլամուրը» զբաղեցրեց իր ուրույն, անբեկանելի, անսասան տեղն ու դիրքը: «Գլամուրը» անգլերեն նույն «glamour»-ի հայերեն տարբերակն է, որը թարգմանվում է որպես «հմայք», «շարմ»: Ըստ Վեբսթերի բառարանի` անգլիական ծագում ունեցող այս բառը կախարդական ազդեցությունն է, որ մարդուն ստիպում է իրերը տեսնել փայլուն ու շքեղ լույսի ներքո: Բայց նույնիսկ բառարաններն էլ ինչ-որ չափով կիսատ են թողնում երեւույթի ընդհանուր նկարագրությունը: Իրականում «Ի՞նչ է գլամուրը» հարցը միանշանակ պատասխան չունի: Այն ներառում է ռոմանտիկի, հմայքի, կանանցիության, եթերայնության, փայլի ու թանկության «երանգներ», ու էլի չի ամբողջականանում այն կտավը, որ «գլամուր» է կոչվում: Որքան ժամանակակից է «գլամուր» բառը, այնքան ավելի խորը ու հին է «գլամուրը»` որպես երեւույթ: Այն առաջ է եկել հասարակության շերտավորման առաջին իսկ պահից: Կեղծամակիր տղամարդկանցով եւ պերճաշուք կանանցով բարձրաշխարհիկ երեկույթների դռները բաց են եղել միայն վերնախավի առաջ: Այն ժամանակ երեւույթը բոլորովին այլ անուն է ունեցել, փոխանցվել է ժառանգաբար, եւ եթե ժամանակին պապերն ու հայրերն իրենց ժառանգների համար ձեռք չեն բերել «գլամուր խնջույքի» համար նախատեսված «հրավիրատոմսերը», ապա գրեթե անհնարին է եղել հայտնվել այն շրջանակներում, որոնք «գլամուր» են կոչվել: Ժամանակակից համաշխարհային իրականության մեջ «գլամուրի» մուտքն ազդարարողները համարվում են Մարլեն Դիտրիխը, Գրետա Գարբոն եւ Էլիզաբեթ Թեյլորը, իսկ որպես «գլամուրի» հայրենիք էլ «օծվել է» Հոլիվուդը: Հոլիվուդյան շլացուցիչ շիկահերներն ու վամպ-կանայք հիշեցնող թխահերները` կիսամերկ մարմիններով, երեկոյան կուրացնող հագուկապով ու անթերի փայլով, դառնում են միլիոնավորների երազանքն ու կրկնօրինակման «առարկաները»: Ի սկզբանե «գլամուրը» չափազանց կանանցի հասկացություն էր. դրա բանաձեւը հմայքի, անկրկնելիության ու փայլի գումարից է ստացվում: Իսկական «գլամուրային» կերպարը քայլ առ քայլ է ստեղծվում: Նախ պետք է տեղյակ լինես նորաձեւության բոլոր միտումներին, հետո պիտի ոճային սանրվածք ունենաս, անպայման կրես բարձր կրունկներ, որոնց վրա անգամ հավասարակշռություն պահելն է դժվար, էլ ուր մնաց քայլես, դիզայներական պայուսակներ, թանկարժեք քարեր: «Գլամուրային» կերպարում շքեղությունը պետք է սկսվի կրակայրիչից ու ավարտվի մեքենայի մոտ: Համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներները կարծում են, որ «գլամուրի» կարգախոսը «Ավելի լավ է քիչ, բայց` թանկ» նախադասությունն է: Ստացվածի մեջ մի կաթիլ էլ կանանցիություն ենք ավելացնում, եւ մեր ուտեստը` «գլամուր» անունով, պատրաստ է: «Գլամուր»` կատարյալ, փայլուն, անհասանելի, շքեղ, թանկ, հետեւաբար «գլամուրային»` այնպիսի մարդկանց տեսակ, որոնց մասին կարելի է ասել ամենա-ամենաներ: Իսկ կյանքն առաջ է ընթանում, ու ամեն վայրկյան մի «ամենային» գալիս է փոխարինելու մեկ ուրիշը: Ի սկզբանե շլացնելու եւ անհասանելի լինելու կանանցի այս երեւույթն այսօր արդեն դարձել է կենսակերպ եւ ընդհանրացել թե՛ կնոջ, թե՛ տղամարդու համար: Մենք ազգովի մեզ չէինք ների, եթե հանկարծ համաշխարհային ընթացքից հետ մնայինք (համ էլ` ինչո՞ւ հետ մնանք): Քայլ առ քայլ, կամաց-կամաց մեր առօրյայի մասն էլ դարձան «գլամուրային» երեկոները, առաջ եկավ «գլամուրային» հագուկապը, քաղաքում ավելացավ «գլամուրային» խանութների, սրճարանների, ակումբների ու ժամանցի այլ վայրերի թիվը: «32 ատամ» ակումբի տղաները «գլամուրի» իրենց սահմանումն են տալիս. ««Գլամուրն» այն է, երբ շունն ու շան տերը նույն շորն են հագնում»: Նրանք, ովքեր մեր բոլորի կարծիքով պիտի որ ավելի մոտ կանգնած լինեն «գլամուրին», բոլորովին այլ կարծիք ունեն այս երեւույթի հայկական տարբերակի մասին: ««Գլամուրային» կյանքի համար շատ մեծ ֆինանսներ ու անհասանելիություն է պետք: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում անհասանելիությունը երեւանյան պայմաններում, երբ «գլամուրային» կերպարին կարող ես հանդիպել սրճարաններում կամ խցանման մեջ հայհոյելիս»,- սա Ավետ Բարսեղյանի կարծիքն է: Ֆելիքս Խաչատրյանը համոզված է, որ երեւանյան իրականությունն էլ իր «գլամուրային» կերպարներն ունի, պարզապես նրանք երբեւէ խնդիր չունեն երեւալու կամ հանրության աչքի առաջ լինելու. նրանք իրենց միջավայրն ունեն: Հաղորդավար Արչին համարում է, որ «գլամուրը» ոչ միայն անձին է վերաբերում, այլեւ նրա ապրելակերպին. «Ինտելեկտը, կրթվածությունն ու գրագիտությունը պիտի «գլամուրային» արտաքինի համար ճանապարհ հարթեն»: Շոու-բիզնեսի իգական հատվածն այնքան էլ չի սիրում խոսել «գլամուրի» մասին: Գուցե չեն սիրում խոսելը, որովհետեւ ապրում են դրա մեջ: Մեկը «գլամուրային» է հագուկապով, ինչպես, օրինակ, Արմինկան, մյուսը` ինտելեկտով` Նազենի Հովհաննիսյանի պես, երրորդը` մեղմությամբ, ինչպես Հասմիկ Կարապետյանը, չորրորդն էլ` իր գործի ու արվեստի լավագույն գիտակ լինելով, ինչպես Շուշան Պետրոսյանի դեպքում է: Ուզենք, թե չուզենք կամ ինչպես էլ կոչենք շատ արագ մեր մեջ արմատացող երեւույթը, այն չի դադարում գոյություն ունենալուց: Պարզապես այստեղ էլ, չգիտես` որ չգրված օրենքով, բայց չէր կարող ամեն ինչ լինել գեղեցիկ, չափի մեջ, «գլամուրի» «կանոններին» հարիր: «Գլամուրային» ասվածը մի քիչ այլ կերպ հասկանալով ու հանկարծ այդ շլացուցիչ տոնից դուրս մնալուց վախենալով` երիտասարդության մի զգալի մաս երեկոյան դիմահարդարումով ու հագուկապով սկսեց «փայլել» ցերեկային Երեւանի փողոցներում ու ուսումնական հաստատություններում, մյուս մասը շլացնող թանկարժեք մեքենաներով ու հեռախոսներով սկսեց զարմացնել շրջապատին, իսկ այն, ինչ կատարվում է ակումբներում, մեծ դասականը կկոչեր «պարահանդես սատանայի մոտ», իսկ ես, չհասկացված լինելուց խուսափելով, ուղղակի ասեմ` մենք սիրում ենք ծայրահեղությունների մեջ ընկնել: Հ.գ.: Շոտլանդիայում անգամ լեգենդներ են հյուսվել այն մասին, որ «գլամուրը» նրանց նախահայրերի հեթանոսական մոգությունն է: Դրա օգնությամբ մոգերը հասարակ մահկանացուներին անմահություն, հավերժական երիտասարդություն եւ գեղեցկություն էին տալիս: Այնտեղ հավատում են, որ «գլամուրը» կախարդական լապտերիկ է, որ խորհրդավոր մանուշակագույն լույս է սփռում մեզ ծանոթ իրերի վրա ու ստիպում է մեզ դրանց այլ կերպ նայել: Երեւի պետք է զինվել համբերությամբ ու սպասել: Գուցե կախարդական լապտերիկի մոգական լույսը մեր իրականությունն էլ լուսավորի հենց այն կախարդանքով, որն իրականում «գլամուրն» է: Լիլիթ Գրիգորյան