Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 29-04-2010
Քաղաքը ռաբիզ է լսում
«Քաղաքը ջազ է լսում»:
Բնակելի շենքի ողջ երկայնքով ձգվող այս պաստառը, տեսնես, ո՞ւմ է ուզում համոզել` քաղաքին, ինքն իրեն, միգուցե այդ շենքի բնակիչներին կամ էլ երեւի թե ինձ… Չէ՜, ինձ չի համոզի. ա՜խր, հենց այդ պաստառի պատճառով իմ հինգ զգայարաններից երկուսն իրար դեմ են դուրս եկել. տեսողությունս հաստատում է` ջազ, լսողությունս համառորեն իրենն է առաջ տանում` միանշանակ ռաբիզ: Երթուղային տաքսին, որի պատուհանից էլ ես կարդում եմ պաստառի մակագրությունը, լցված է «սրտաճմլիկ», հուզառատ, ծորուն ռաբիզով: Պաստառը մնաց հետեւում, ջազն էլ` պաստառի վրա ու մի քանի ակումբներում: Իսկ քաղաքը… քաղաքը… քաղաքը, ինչպես ես հենց հիմա, ուզի, թե չուզի, ռաբիզ է լսում: Ռաբիզը հայկական երաժշտության ժամանակակից ուղղություն է, որն իր անվանումը ստացել է խորհրդային «Рабочее искусство» կազմակերպության անվան հապավումից: 1970-80 թվականներին ռաբիզ էին համարվում հայկական քաղաքային ռոմանսները, շանսոնը եւ հարսանեկան ու սգո երգ-երաժշտությունը, որոնք կատարվում էին ինքնուս, կիսապրոֆեսիոնալ ստեղծագործողների կողմից: 1990-ականների սկզբին ռաբիզը հասցրել էր դառնալ ամենատարածված երաժշտական ժանրը մեր իրականության մեջ: Այն այնքան էր արմատացել, որ դուրս էր եկել երաժշտության սահմաններից ու դարձել կենսակերպ: Ձեւավորվել էր նույնիսկ հատուկ ռաբիզ ոճ` իր կանոնադրությամբ ու օրենքներով: Այս ոճի հետեւորդներն ունեին հատուկ ժարգոնային բառապաշար, հագնվելու ոճ, երբեմն նույնիսկ հատուկ հոգեվիճակ ու վարվելակերպ: Ժամանակի ընթացքում տեղի ունեցած կտրուկ փոփոխություններից զերծ չմնաց նաեւ երաժշտական արվեստը: Սկսեց ձեւավորվել հայկական շոու-բիզնեսը: Երաժշտությունը դարձավ բազմաժանր, բազմաոճ: Միայն արտասահմանյան կատարողներից մեզ ծանոթ փոփը, ռեփը, ռոքը ու էլի շատ ժանրեր սկսեցին հայտնվել հայ երգիչ-երգչուհիների երգացանկերում: Ձեւավորված բազմաժանր երաժշտական իրականությունը թեեւ ռաբիզն ընդհանրապես չբացառեց, բայց հստակ սահմաններ դրեց: Ռաբիզն այս ընթացքում սկսեց զիջել դիրքերը, դարձավ զուտ ռեստորանային, խնջույքային երաժշտություն: Բայց նոր շրջադարձն իրեն երկար սպասեցնել չտվեց: Այսօր խաչմերուկներից, գետնանցումներից, տոնավաճառներից, երթուղային տաքսիներից, սրճարաններից, ռեստորաններից, խորոված-գրիլ-շաուրմայանոցներից, լուսացույցների ազդանշանով կանգնած ավտոմեքենաներից, ռադիոհեռուստատեսային եթերներից, այսինքն` ամենուր… ամենուր… ամենուր քաղաքը ռաբիզ է լսում, եւ պաստառ կամ հիշեցում պետք չէ: Ու այս ամբողջ պատմության ամենազավեշտական մասն այն է, որ ռաբիզը հետ են բերում մեր նորօրյա երգիչ-երգչուհիները, ովքեր ասպարեզ են գալիս էստրադային ժանրում, ապա կտրուկ շրջադարձ են անում դեպի ռաբիզ ու էկրանից հայտարարում. «Լավ եմ անում` երգում եմ. պահանջարկը դա է»: Բայց, հետաքրքիր է, ով է որոշում, եւ ինչպես է ձեւավորվում պահանջարկը: Եթե պահանջարկ ձեւավորող համարենք 10-ից 20 տարեկան պատանիներին ու երիտասարդներին, որոնց մեծ մասին ավելի հաճախ փողոցում, բակերում կամ մեքենաների ղեկին ենք հանդիպում, այլ ոչ թե օպերայի կամ ֆիլհարմոնիայի դահլիճներում, ջազ կամ ռոք ակումբներում, ուրեմն ռաբիզն իսկապես պահանջարկ է դառնում: Միգուցե պահանջարկը ձեւավորում են երթուղային տաքսիները, որոնցում որպես պարտադիր պայման հնչում է միայն այս ոճի երաժշտությունը: Կան մի շարք ակումբ-ռեստորաններ, որոնց այն սրահներում, որտեղ ռաբիզ է հնչում, մուտքը վճարովի է, իսկ էստրադային երաժշտության սրահներում միշտ «բաց դռների» օր է: Այս չընդհատվող շարքի մեջ, չգիտես ինչու, հաճախ ինտեգրվում է նաեւ Սփյուռքը: Ինչո՞ւ ենք մեր Սփյուռքին այդքան միաճաշակ հասարակություն պատկերացնում: Կա թյուր կարծիք, թե Սփյուռքում բազմահազարանոց դահլիճ լցնում է միայն ռաբիզ երաժշտությունը: Իսկ երբեւէ փորձե՞լ ենք տեղեկանալ, թե հյուրախաղերի մեկնած Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնը, Կոմիտասի քառյակը, Կապելլան կամ էստրադային երգիչ-երգչուհիները որքան հանդիսատես են բերում դահլիճ: Իսկ միգուցե համարենք, որ Սփյուռքում դահլիճ լցնելը ոչ թե ռաբիզի, այլ յոթ ծով ու սար այն կողմ գտնվող հայրենիքի կարոտի մենաշնորհն է, որը հարյուրհազարանոց ամերիկյան համերգասրահ կլցնի, եթե բեմին նույնիսկ երեւանյան աշնանային ծառից պոկված մի տերեւ դրված լինի: Սա, իհարկե, չի նշանակում, որ ռաբիզը` որպես երաժշտական ուղղություն, չունի իր ուրույն տեղն ու լսարանը, իր լեգենդ դարձած վարպետներին ու նրանց գործի արժանի շարունակողներին: Ռաբիզ երաժշտության լեգենդ դարձած Արամ Ասատրյանի, Ալիկ Գյունաշյանի, Բոկայի, Թաթուլ Ավոյանի, Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ), Սպիտակցի Հայկոյի կողքին այսօր կան ռաբիզ ոճի շարունակողներ Արմենչիկը, Հարութ Բալյանը, Սենոն, Շավոն, Կարենը, Արմեն Ալոյանը եւ այլք, ովքեր իրենց նախորդների պես հավատարիմ են մնում իրենց ընտրած ժանրին ու համերգից համերգ չեն փոխում երաժշտական ուղղությունը` պատճառաբանելով այլ ժանրի` ավելի շատ կամ քիչ պահանջված լինելը: Ուզեմ, թե չուզեմ` ռաբի՞զ եմ լսում: Այդպես չի լինում, եթե ուզեմ` միջոց կգտնեմ: Երեւի թե փորձեմ հաշտեցնել զգայարաններիս: Ո՞ւր են ականջակալներս: Ների՛ր, սրտաճմլի՛կ 6/8, բայց, միեւնույնն է, դու իմը չես: Ա՜յ, հիմա գիտեմ` ինչ կլսեմ: Ես իմը գտա: Ու համոզված եմ` որքան էլ հզոր լինի «պահանջարկը», ու ինչքան էլ չուշանա «առաջարկը», քաղա՛ք, դու էլ անպայման կգտնես քո երաժշտությունը: Լիլիթ Գրիգորյան