Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 06-03-2010
«Ավատար». նոր կյանք, նոր աշխարհում
Վերջին ժամանակներս անընդհատ եւ ամենուր նշվում է միայն մի ֆիլմի անուն`«Ավատար», որն արդեն երկու ամիս է, ինչ համարվում է ժամանակակից կինոարտադրության գլուխգործոց: Իսկ ո՞րն է այդ գլուխգործոցի հաղթաթուղթը:
«Ավատար» եզրույթը հինդուիզմից բառացի թարգմանությամբ նշանակում է «անհամապատասխանություն», բայց ըստ հնդկական աստվածաբանության` այդպես էին անվանում հզոր Վիշնու աստծուն մարմնավորող մահկանացուին: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հեռավոր 2154 թ-ին Պանդորայում, որը լուսին է Ալֆա Կենտաուրի (Alpha Centauri) աստղային համակարգում: Կինոնկարի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Կամերոնը «Ավատար»-ի նկարահանման աշխատանքները սկսել է 1994 թ-ին, երբ գրել էր 80 էջանոց մի պատում: Նկարահանումները պետք է սկսվեին հանրահայտ «Տիտանիկ»-ի նկարահանումների ավարտից հետո, եւ ֆիլմը պետք է էկրան բարձրանար 1999 թ-ին, բայց, ինչպես նշում է ինքը` ռեժիսորը, այդ տարիների կինոտեխնոլոգիան պատրաստ չէր ի կատար ածելու իր մտահղացումները: Լեզուն, որով խոսում են այլմոլորակային ռասսայի ներկայացուցիչները, ստեղծվել է 2005 թ-ի ամռանը: Գլխավոր դերակատար, ծագումով ավստրալիացի Սեմ Ուորտինգտոնը (ֆիլմում` Ջեյկ Սուլլի) խոստովանում է, որ ամերիկյան խոսելաձեւն իրեն ավելի դժվար տրվեց, քան Նավիի (այսպես են անվանում տեղաբնիկներին) լեզուն: Արդեն 2006 թ-ի սկզբից Կամերոնը լրջորեն զբաղվեց սցենարի եւ ֆիլմի ներքին աշխարհի աշխատանքներով: «Ավատար»-ի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Լոնդոնում 2009 թ-ի դեկտեմբերի 10-ին, իսկ համաշխարհային վարձույթում հայտնվեց դեկտեմբերի 18-ին: Համաշխարհային կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է ինչպես սովորական, այնպես էլ 3D, RealD 3D, Dolby 3D եւ IMAX 3D ձեւաչափերով (3D տեխնոլոգիայով նկարահանված ֆիլմերը դիտում են հատուկ ակնոցով, որը թույլ է տալիս պատկերներն ավելի շոշափելի զգալ): Վեց շաբաթվա ընթացքում` 2010 թ-ի հունվարի 25-ին, ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքեց ավելի քան 1.8 մլրդ ԱՄՆ դոլար. «Ավատար»-ը դարձավ ամենաեկամտաբեր ֆիլմը կինոյի ողջ պատմության ընթացքում` գերազանցելով Կամերոնի նկարահանած «Տիտանիկ» ֆիլմի ռեկորդը («Տիտանիկ»-ը 15 շաբաթվա ընթացքում հավաքել էր 1.78 մլրդ ԱՄՆ դոլար): «Ավատար»-ն առաջին ու դեռ միակ ֆիլմն է, որը 9 շաբաթվա ընթացքում համաշխարհային վարձույթում հավաքեց ավելի քան 2.46 մլրդ ԱՄՆ դոլար: Ֆիլմի հաջողությունից ոգեւորված` Կամերոնը եւս երկու համանման ֆիլմ նկարահանելու պատրաստակամություն է հայտնել: Կինոնկարը դիտելիս երկուսուկես ժամ հանդիսատեսն իրեն զգում է որպես բնության պաշտպան եւ մարդասեր: Պանդորան վայրի աշխարհ է` ծածկված մահաբեր ջունգլիներով, որտեղ բնակվում են արտասովոր վայրի կենդանիներ: Ֆիլմը լի է հետաքրքիր դրվագներով, չարի ու բարու հակամարտությամբ, եւ երկրորդ անգամ դիտելը միմիայն նոր տպավորություններ է ավելացնում: Ոմանք ֆիլմը համարում են խոշոր առաջընթաց կինոարտադրության տեխնոլոգիայի բնագավառում` շնորհիվ յուրօրինակ ստերեոսկոպիկ տեսախցիկների, որոնք ստեղծվել են հատուկ ֆիլմի նկարահանումների համար: Որոշ կինոքննադատներ էլ կարծում են, որ Կամերոնի այս ֆիլմի ստեղծումը կինոարտադրության բնագավառում կարելի է համեմատել գունավոր ֆիլմերի առաջացման հետ: Մյուսներն էլ այս ֆիլմի սյուժեն կապում են Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ: Սա պատահական չէ, քանի որ վճռական մարտից առաջ գնդապետ Կուորուտչը հայտարարում է, որ պանդորացիների դեմ հարձակողական գործողությունը ստացել է «Shock and Awe» կոդային անվանումը. այսպես է կոչվում Մերձավոր Արեւելքում ամերիկյան զինուժի հայեցակարգը` մշակված հատուկ Իրաքի համար: Տասը հետաքրքիր փաստ «Ավատար»-ի վերաբերյալ. 1. Ըստ նախնական սցենարի` Պանդորայի բուսական աշխարհը նույնպես պետք է կապույտ լիներ, ինչպիսին այդ երկրի բնակիչների մաշկի գույնն է, բայց որպեսզի ամեն ինչ ավելի իրական տեսք ունենար, Կամերոնը որոշեց օգտագործել կանաչ գույնը: 2. Մարդկանց ավատարներն ունեն հինգ մատ, մինչդեռ Պանդորայի բնակիչները` չորս: 3. Ֆիլմի պատրաստման համար օգտագործվել է մեկ պետաբայթ (1024 տերաբայթ) համակարգչային հիշողություն… Եթե համեմատենք «Տիտանիկ»-ի պատրաստման հետ, ապա այդ ֆիլմի հատուկ էֆեկտների համար օգտագործվել էր 500 անգամ ավելի քիչ հիշողություն` մոտ երկու տերաբայթ: 4. Նավիի լեզուն ստեղծելու համար Կամերոնը հրավիրել է Փոլ Ֆրոմերին` Հարավային Կալիֆորնիայի համալսարանի լեզվաբանին, ով լեզուն ստեղծել է միայն բաղաձայններով եւ օգտագործել է ընդամենը երկու ձայնավոր` «ա» եւ «ի»: 5. Ֆիլմը բաղկացած է 40% իրական նկարահանումից եւ 60% համակարգչային գրաֆիկայից: 6. Մարդկային ռասսան ժամանել է Պանդորա, որպեսզի տիրի այն հատուկ հանքային նյութին, որը կոչվում է «անապտանիում» (ֆիլմում այդ նյութի մեկ կիլոգրամն արժե 25 մլն դոլար): Այդ նյութն ունի գերբնական հզորություն, որի շնորհիվ Պանդորա երկրի լեռները «սավառնում» են օդում: 7. 1998 թ-ին Կամերոնը ցանկացել է անհապաղ սկսել «Ավատար»-ի նկարահանումները եւ պահանջել է 400 մլն դոլար բյուջե, որը ոչ մի ընկերություն նրան չտրամադրեց, եւ նախագիծը ստիպված սառեցվեց մոտ տասը տարի: 8. Պանդորան, որն Ալֆա Կենտաուրա-Ա համակարգի բնական արբանյակն է, մեզ ամենամոտ գտնվող աստղային համակարգն է` մոտ 4.4 լուսնային տարի: 9. 2009 թ-ի օգոստոսի 21-ը հայտարարվեց «Ավատար»-ի համաշխարհային օր: Այդ օրն ամբողջ աշխարհում հայտնվեց 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ «Ավատար»-ի ստեղծման վերաբերյալ, որտեղ ընդգրկված էին նաեւ կինոնկարից վերցված կադրեր: 10. «Ավատար» ֆիլմը նկարահանումների, մարքեթինգի, դերասանական հոնորարների եւ այլ ծախսերի համար ստացավ մոտ 230 մլն դոլար բյուջե, որն այսօրվա դրությամբ համարվում է գերբյուջե ունեցող ֆիլմ ու հայտնվել է տասը ամենաթանկ ֆիլմերի ցուցակում: Հետաքրքիր է … Հարավային Կորեայում Կամերոնի «Ավատար» ֆիլմը ցուցադրվում է 4D ձեւաչափով: Այս 4D-ն թույլ է տալիս, որ կինոդիտման ընթացքում աշխատեն մարդու հինգ զգայարանները: Մինչ էկրանին ցուցադրվում է ստերեոսկոպիկ ֆիլմը, սրահում աթոռները շարժվում են, իսկ հանդիսատեսը զգում է ջրի ցայտերը, քամու հոսանքը եւ պայթյունի հոտը: «Մենք դեռեւս անցյալ ամռանը սկսեցինք «Ավատար»-ը պատրաստել 4D ձեւաչափով»,- ասում է Թոմ Օն` «20th Century Fox Korea» ընկերության ղեկավարը: 4D ֆիլմի դիտումը շուրջ երկու անգամ ավելի թանկ է, քան 3D-ն (15.8 դոլար` 6.9 դոլարի փոխարեն), բայց կինոթատրոնում գոյացել են հսկայական հերթեր: 4D ձեւաչափով ֆիլմ Կորեայում ցուցադրվել է դեռեւս 2009 թ-ին, երբ «CJ-CGV» ընկերությունը բացեց 88 տեղ ունեցող մի սրահ, որտեղ ցուցադրվեց «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» ֆիլմը: «Ավատար»-ի հաջողությունից հետո ընկերությունը որոշել է մեծ ծախսեր կատարել ու բացել եւս չորս նմանօրինակ սրահներ: Առաջիկայում 4D ձեւաչափով կցուցադրվի նաեւ «Պերսի Ջեքսոնը եւ օլիմպիացիները. Կայծակներ առեւանգողը» ֆիլմը, իսկ այս տարի ծրագրվել է ցուցադրել մոտ մեկ տասնյակ 4D ֆիլմեր: Հարկ է նշել, որ «Ավատար»-ի հաջողությունից ոգեւորված` ամբողջ աշխարհում առաջացել է համընդհանուր «պայթյուն» 3D ֆիլմերի նկատմամբ, իսկ հայտնի էրոտիկ ֆիլմերի դասական, 76-ամյա իտալացի ռեժիսոր Տինտո Բրասը հայտարարել է, որ 3D ձեւաչափով շուտով կնկարահանի առաջին էրոտիկ ֆիլմը: Պատկերասրահ` «Ավատար» Հարություն Ծատրյան