Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 25-02-2010
Եթերում հայկական սերիալն է
Իսկ միգուցե շուտով ամեն ինչ փոխվի…
Սերիալ կամ օճառային օպերաներ. բավականին երկար ժամանակ մեր հասարակության գլխին պատուհաս դարձած այս երեւույթը կինոմատոգրաֆիական արվեստի հետ ոչ մի ընդհանուր կապ չունի: Այն ԶԼՄ-ների` լսարանը գրավելու լավագույն միջոցներից է: Հետեւաբար սերիալներին պետք է վերաբերվել ոչ թե որպես արվեստի գլուխգործոցի, այլ հեռուստատեսային արտադրանքի: Բայց սա բոլորովին էլ պատասխանատվությունից չի ազատում բոլոր այն հեռուստաընկերություններին, որոնք այսօր մեկը մյուսին հանկարծ չզիջելու նպատակով մեծ ռեսուրսներ են օգտագործում` հնարավորինս «ցնցող ու անկրկնելի» բովանդակությամբ «գլուխգործոց երկնելու» համար: 2008-2009 թթ. սերիալներն իսկական «բում» ապրեցին հայկական հեռուստաալիքներում: Մինչ նշված ժամանակահատվածը հիմնականում միայն բրազիլիական կամ արգենտինական հեռուստասերիալներ հեռարձակող ալիքները, մեկը մյուսից հետ չմնալով, սկսեցին սեփական արտադրության «օճառային օպերաների» ցուցադրությունները: «Վերվարածներն ընտանիքում», «Դժբախտ երջանկություն», «Որոգայթ», «Հանուն սիրո», «Կյանքի գինը», «Որբեր», «Բանակում»… Շարքը, իհարկե, շարունակելի է, բայց մենք որոշեցինք նշել ամենավարկանշայինները. ի վերջո, կարեւորն այստեղ դրանց անունները չեն: Ի դեպ, ինչ-ինչ, բայց սերիալների անունների հարցում թերացումներ չկան. մեկը մեկից հրապուրիչ, գայթակղիչ ու խորհրդավոր անվանումներ, որոնք ուղղակի կանչում են` ժամանակդ իրենց հետ անցկացնելու: Ա˜յ, թե ինչ թեմաներ են դրանցում ներկայացվում եւ ինչպես. սա միեւնույն հարցի բոլորովին հակառակ կողմն է: Կարծում ենք` ձեզ մոտ էլ հաճախ հարց է ծագում` արդյոք ամեն ինչ իսկապես նորմա՞լ է հայկական եթերի հետ, ու այդ եթերն ապահովողները մինչ սերիալը հեռուստաէկրանին տեղափոխելը գոնե մի անգամ աչքի անցկացնո՞ւմ են այն: Գաղտնիք չէ, որ հեռուստատեսային ապրանքն ամենաշատ սպառողների թվում անչափահասներն ու երեխաներն են, ու եթե հասուն ու չափահաս մարդը կարող է ինքը որոշել, թե ինչ նայի ու ինչից օրինակ վերցնի, ապա ուղղակի ծիծաղելի կլինի նույնն ասել երեխայի մասին: Նշված ու չնշված սերիալների բովանդակություններն ու սյուժեները քննարկելու, քննադատելու եւ առավել եւս վերլուծելու նպատակ մենք չունենք: Բայց ունենք լավ նորություններ. չէ´, սերիալների նկարահանումներն արգելված չեն, ու ոչ էլ դրանք փոխարինվելու են միայն ու միայն բարձրարժեք գեղարվեստական ֆիլմերով: Բայց 2010 թ-ի փետրվարին Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովը կայացրել է որոշում, ըստ որի` մշակվել են «էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների» չափորոշիչները: Թեեւ դրանց ենթակետերը դեռ մշակման փուլում են, բայց մեծ քայլն ամեն դեպքում արդեն արված է: Նախատեսվում է այդ չափանիշները կիրառել արդեն 2010 թ-ի մարտի 1-ից: Այդուհանդերձ, ընդունված չափորոշիչների դրական ազդեցությունն արդեն իսկ նկատելի է: Բազմաթիվ սերիալներ ավարտվել են կամ էլ, ենթադրվում է, կավարտվեն մինչեւ մարտի 1-ը: Մեր հասարակության մի մասը լրջորեն «պայքարում» է դրանց դեմ, մյուսը` կուրորեն «պաշտպանում» դրանք: Մի խավ էլ կա, որի համար բացարձակապես միեւնույնն է, թե հայկական եթերում ցուցադրվում է սերիալ, թե` ոչ, դրանք տեղական արտադրության են, թե` արտասահմանյան: Ի դեպ, եթե դուք հենց այս խավի ներկայացուցիչն եք, ապա մենք կըմբռնենք, եթե այլեւս չշարունակեք կարդալ: Սերիալները ցուցադրվում են օրվա ամենաակտիվ ժամերին` հիմնականում 17:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում: Ու եթե դուք սերիալների սիրահար չեք, ապա, որպես կանոն, այդ ժամերին հայկական եթերը ձեզ այլընտրանք չի առաջարկում, ու դուք ինքներդ պիտի ձեզ համար հետաքրքիր զբաղմունք գտնեք: Որոշումը, ի վերջո, ձերն է. դիտել այս ամենը, թե մերժել «ճաշակին ընկեր չկա» արդարացուցիչ հանգամանքն ու պահանջել ճաշակ, որին ընկեր կգտնվի: Ամեն դեպքում կյանքի գինը միգուցե թանկ է, բայց հանուն սիրո արժե որոգայթի մեջ հայտնվել ու թեեւ դժբախտ, բայց երջանկության արժանանալ` երբեւէ ճակատագրի գերին չդառնալով ու նաեւ չմոռանալով, որ միշտ էլ կա ընտանիքը վերվարելու վտանգ: Լիլիթ Գրիգորյան