Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 18-02-2010
Լեւոն Ջուլֆալակյան. «Գիտեմ մարզիկների հնարավորությունները, բայց ամեն ինչ գորգը ցույց կտա»
Երկու օր աշխարհի ուժեղագույնները Հայաստանում պայքարում էին չեմպիոնի տիտղոսի համար, որը նրանց կբերեր նաեւ 50000 դոլար:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթը վիճարկվեց մեր երկրում: «Աշխարհի գավաթի նշանակությունն ինձ համար եռակի, քառակի անգամ ավելացել էր, քանի որ անց էր կացվում Երեւանում: Իսկ անցածդ ուղին եւ նվաճումներդ թույլ չեն տալիս, որ տանը վատ հանդես գաս»,- ասում է առանց պարտության ելույթ ունեցած 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: «Եկած բոլոր թիմերը եւ ՖԻԼԱ-ի ղեկավարությունը շատ գոհ եւ տպավորված հեռացան մեր երկրից: Սա մեզ տվեց այն, որ այսուհետ մեզ հետ հաշվի կնստեն նաեւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների կազմակերպման ժամանակ»,- փաստում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: Ըստ այսմ` կարելի է եզրակացնել, որ հետագայում եւս մեր երկիրը կարող է իր հարկի ներքո անցկացնել այդ կարգի մրցումներ: Աշխարհի առաջնությանը մասնակցում է 100 երկիր: Նրանցից միայն լավագույն 8-ին է բախտ վիճակվում պայքարելու աշխարհի գավաթին տիրանալու համար: Իսկ այդ դեպքում, բնականաբար, պայքարը չի կարող թեժ չլինել: 4 փուլերից 3-ում մեր թիմը հաղթանակներ տոնեց: Միայն Իրանի ընտրանու հետ պայքարում չհաջողվեց նույնն անել: Դա էլ ունի իր պատճառները: «60 կգ քաշային կարգում ես հաղթանակ էի ակնկալում` հաշվի առնելով Վահան Ջուհարյանի հնարավորություններն ու անցած ճանապարհը: Բայց ինքն իրեն նման չէր, մարզավիճակն այն չէր»,- ասում է մեր հավաքականի գլխավոր մարզիչը: Պարոն Ջուլֆալակյանին այդ գոտեմարտի ժամանակ, մեր մարզիկից բացի, չի գոհացրել նաեւ մրցավարը: Իրանցի ըմբիշը 2-3 անգամ գլխով հարվածել է, կոտրել Ջուհարյանի մատները եւ ոչ մի նկատողություն չի ստացել: Պատճառներից մեկն էլ գուցե այն էր, որ այդ գոտեմարտը սպասարկում էր ազգությամբ թուրք մրցավարը: «Հակառակ դեպքում Թուրքիայի հետ Հայաստանն էր դուրս գալիս եզրափակիչ, ինչը նրանց համար այնքան էլ հաճելի չէր լինի. գիտեին, որ կարող են պարտվել մեր թիմին»,- փաստում է նա: Այնուամենայնիվ, երրորդ տեղի համար պայքարում մեր թիմին հաջողվեց հաղթել աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին` Ռուսաստանի հավաքականին, որից անցած տարի պարտություն էինք կրել: Այստեղ խիստ որոշիչ եղավ Յուրի Պատրիկեեւի հաղթանակը: Սակայն քանի որ բոլորը համոզված էին, որ նա հաղթելու է (պատճառն այն է, որ Յուրին երբեք չի պարտվել այդ մարզիկին), Արսեն Ջուլֆալակյանի վրա ավելի մեծ պատասխանատվություն էր ընկնում: «Եթե ես պարտվեի, կնշանակեր, որ թիմին հուսախաբ եմ անում»,- պատմում է Արսենը: Բայց… հաղթանակ: «Երրորդ տեղը մասնագետների կողմից, բնականաբար, գնահատվեց լավ: Մենք կարող էինք եւ առաջին տեղը գրավել, պատրաստ էինք, կար այդ կայացած թիմը,- ասում է պարոն Ջուլֆալակյանը,- բայց սպորտում կան եւ պարտություններ, մենք դրանից չենք հուսահատվում: Ուսումնասիրում ենք պարտության պատճառները եւ աշխատում ենք դրանց շտկման ուղղությամբ»: Շատ կարեւոր է, երբ առաջին եւ վերջին գոտեմարտերը հաղթանակով են ավարտվում: Մեջտեղի գոտեմարտն այն պահն է, երբ թիմը կա՛մ այս կողմ է գնում, կա՛մ` այն: Այդ ամենը մեր թիմում այսպես էր` Ռոմանը սկսում էր, Արսենը «կոտրում էր» հաշիվը, Յուրին ավարտում էր: Աշխարհի գավաթի առաջնությունից ընդամենը մի քանի օր առաջ Արսենը Գերմանիայի բունդեսլիգայի «Աալեն» ակումբի կազմում դարձել էր չեմպիոն: Մի քանի շաբաթ տեւած գոտեմարտերից անմիջապես հետո նա մասնակցեց գավաթի խաղարկությանը: Բա՜յց… «Երբ դուրս ես գալիս գորգ, ինչպե՞ս կարող ես չնկատել, որ դահլիճի 8000 հոգուց 7000-ն ուզում են, որ դու հաղթես: Գոտեմարտ գոտեմարտի հետեւից ուժերս հավաքեցի, հետո մոռացա ե՛ւ ճանապարհը, ե՛ւ հոգնածությունը…»,- նշում է Արսենը: «Այս մրցաշարին ես լիարժեք չէի պատրաստվել, պարզապես շատ լավ էի տրամադրված: Շատ ուրախ եմ, որ ե՛ւ կարողացա բոլոր գոտեմարտերում հաղթել, ե՛ւ թիմին էլ մեծ օգուտ բերել: Ամենալուրջը պատրաստվել եմ իրանցի ըմբիշի հետ գոտեմարտին, ում արդեն 4-րդ անգամ հաղթեցի»,- պատմում է հոգնածությունը դեռ չթոթափած Ռոման Ամոյանը: Չնայած թիմի գլխավոր մարզիչը շատ գոհ էր Ռոմանի ելույթներից, այնուամենայնիվ մրցման ընթացքում նկատվել են որոշ տակտիկական թերություններ, որոնք կփորձեն ուղղել մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը: «Եթե կա աշխատանք, ապա պետք է լինեն նաեւ թերություններ: Եթե անգամ չեմպիոն դառնայինք, ես իրավունք չունեմ ասելու, որ անթերի էինք: Դու թիմում կարող ես ունենալ մեկ կամ երկու շատ ուժեղ ըմբիշ, ովքեր բոլոր մրցումներում հաղթում են, բայց եթե թիմի մյուս անդամները պարտվում են, նշանակում է` թիմն է պարտվում: Բայց մեր թիմը կարողանում է միասնաբար գորգ դուրս գալ եւ հաղթել գերտերություններին»,- իր սաներով հպարտանում է Լեւոն Ջուլֆալակյանը: Առաջնության նախապատրաստության առաջին օրվանից քննարկվում էր նաեւ Ադրբեջանի հավաքականի մասնակցության հարցը: Ադրբեջանը հրաժարվեց Երեւան գալուց: Բայց, ինչպես միշտ, առիթը բաց չթողեց վատաբանելու հայ մարզիկներին ու մարզիչներին: Ադրբեջանցի ըմբիշները, իրենց բան ու գործը թողած, կանխատեսումներ էին անում այն մասին, թե Հայաստանը Բաքվում մեդալների հույս չի կարող ունենալ: Տարօրինակ է. որտեղի՞ց նրանք դա գիտեն: «Անցած աշխարհի առաջնության ժամանակ իրենք ամեն ինչ արեցին, որ մենք առանց մեդալի վերադառնանք, եւ գորգի վրա մեծ պրոբլեմներ առաջացրին մեզ համար: Մենք կարող էինք մեդալ ունենալ ե՛ւ 55, ե՛ւ 60, ե՛ւ 66 կգ քաշային կարգերում: Գոտեմարտերից երեւում էր, որ մեդալները մեր ձեռքում են, բայց մրցավարները մտածված ճիշտ չդատեցին: Այս տարի երեւի իրենք ավելի լուրջ աշխատանք կտանեն այդ ուղղությամբ»,- կատակում է մեր թիմի գլխավոր մարզիչը եւ հավելում, որ պետք չէ սպորտը խառնել քաղաքականության հետ: Հնչած կարծիքներից մեկն էլ այն էր, որ Ռոման Ամոյանը պատահմամբ է հաղթել իր «հավերժ հակառակորդ» Ռովշան Բայրամովին: Իսկ մեր Ռոմանը մարզիկին վայել հանգստությամբ պատասխանում է. «Ինչ խոսք, նա իմ ամենադժվար հակառակորդներից մեկն է: Նրա հետ անցկացրած գոտեմարտերից հետո իմ մարզիչների հետ անընդհատ աշխատում էի իմ այն թերությունների վրա, որոնց մասին նա գիտեր, եւ անցած տարի կարողացա Դանիայում հաղթել նրան»: Ի պատասխան բոլոր հակահայկական հայտարարություններին` Արսենն ասում է. «Ժամանակն ամեն ինչ ցույց է տալիս: Եթե իրենք այդքան վստահ էին, թող գային եւ Հայաստանում մեզ հետ մրցեին: Նշանակում է` իրենք վախենում են: Մենք փաստացի ապացուցել ենք, որ իրենց չենք խանգարի: Իսկ իրենք միայն խոսում են: Եղել ենք Բաքվում, տեսել ենք. ամեն մեթոդ օգտագործում են, որ կարողանան մեզ խանգարել»,- մասնագիտորեն մեկնաբանում է մասնագիտությամբ նաեւ միջազգայնագետ Արսեն Ջուլֆալակյանը: Այնուամենայնիվ, մեր մարզիկները եւ թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը վստահ են, որ արդար պայմաններում մեր դրոշը Բաքվում կբարձրանա, եւ մի քանի մեդալներ կուղեւորվեն Հայաստան: