Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 20-01-2010
Եվրոպայում «Հատիսին» ցավակցո՞ւմ էին
«Հատիսն» անակնկալ հայտնվեց, աղմուկ բարձրացրեց եւ դարձավ բոլորի սիրելին:
2008 թ-ի դեկտեմբերին` զրույցի ընթացքում, երկու ընկերների գլխում միաժամանակ մի միտք ծագեց` ստեղծել բասկետբոլային ակումբ: Մեր պայմաններում առաջին հայացքից խելահեղություն թվացող գաղափարը երկու ամիս անց սկսեց իրականության վերածվել: Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը պատմում է, որ բասկետբոլի թիմ ստեղծելու գաղափարը կար դեռեւս այն ժամանակվանից, երբ ինքը դարձավ ֆեդերացիայի նախագահ: Մոտ մեկ շաբաթ Մյունխենում` Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայում անցկացնելուց ու ուսումնասիրություններ կատարելուց հետո մերոնք հասկացան, որ պետք է այնպես անել, որ բասկետբոլի նկատմամբ հետաքրքրություն առաջանա ոչ միայն մարզասերների, այլեւ հասարակության այլ շերտերի, այդ թվում եւ գործարարների շրջանում: Եւ ձեւավորվեց 7 հոգուց բաղկացած տնօրենների խորհուրդ: Անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու է որեւէ ոլորտի համար: Պարոն Ռոստոմյանի խոսքերով` իրենց հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ ամեն մարդ ունի իր գործը` վարորդից մինչեւ ֆեդերացիայի նախագահ: «Գյումրիում 400-500 մարդ էր գնում բասկետբոլ նայելու: Մտածեցինք` ոնց անենք, որ Երեւանում էլ «բում» լինի, հետաքրքրություն առաջանա: Լավագույն տարբերակը Հայաստանում միջազգային խաղ անցկացնելն էր»,- ասում է պարոն Ռոստոմյանը: Բայց արի՛ ու տե՛ս, որ երբ մերոնք որոշեցին եվրագավաթի խաղարկության հայտ ներկայացնել, պարզվեց` հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրացել էր: Բայց որոշեցին բախտը փորձել, եւ… ստացվեց: «Հատիսին» որակավորման փուլին մասնակցելու հնարավորություն տրվեց: Ակումբի ստեղծումից ընդամենը մի քանի ամիս անց կայացավ առաջին փորձությունը` եվրագավաթի խաղարկությունը: Վիճակահանությունից պարզ դարձավ, որ մեր «կիսաստեղծ» ակումբի մրցակիցները երեք ուժեղագույն թիմեր են` ռուսական «Չեւակատան», հունական «Աթինաիկոսը» եւ թուրքական «Բեշիքթաշը»: Եւ հայերին փորձում էին սփոփել օլիմպիական կարգախոսով` «Կարեւորը մասնակցությունն է»: Ամեն ինչ պատրաստ էր, մնում էր միայն ֆինանսներ ու խաղացողներ գտնել: Առաջին պայմանագիրը կնքեցին Բոյանա Վուլիչի հետ: Ակումբի ղեկավարության հավաստմամբ` թիմի ավագ ընտրվեց հենց Վուլիչը, որովհետեւ դեռ առաջին պարապմունքից դրսեւորում էր լիդերին հատուկ հատկանիշներ, կարողանում էր թիմին իր ետեւից տանել: Սկզբում բավականին մեծ թերահավատությամբ էին մոտենում թիմին: Անգամ առաջին խաղի ժամանակ «Միկա» մարզադահլիճում ազատ նստատեղեր կային: Սակայն առաջին հաղթանակն ամեն ինչ իր տեղը դրեց. հայտնվեցին գործընկերներ, երկրպագուների մեծ բանակ, որի շարքերը յուրաքանչյուր հաղթանակից հետո ստվարանում էին: Այսօրվա դրությամբ ե՛ւ ակումբի, ե՛ւ ֆեդերացիայի ամենամեծ խնդիրը սեփական մարզադահլիճ ունենալն է: Հարավային Կովկասում դեռեւս խորհրդային տարիներին Վրաստանում շատ ուժեղ էր տղամարդկանց բասկետբոլը, կանանցը շատ թույլ է մինչեւ հիմա: Հայաստանում հակառակն էր. ավելի զարգացած էր կանանց բասկետբոլը: Իսկ Ադրբեջանում, կարելի է ասել, բասկետբոլ չկա. փոխարենը կա լավ վոլեյբոլ: «Հատիսի» վերջին 2 խաղերի որակի վրա ազդեց նաեւ կազմի փոփոխությունը, մասնավորապես` գլխավոր խաղարկող Մաուրիտա Ռեյդի բացակայությունը: Սակայն չի բացառվում, որ հաջորդ տարի նա դարձյալ հայտնվի «Հատիսում»: Շատ հաճախ խաղի ընթացքում զգացնել էր տալիս նաեւ պահեստայինների նստարանի կարճ լինելը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի հավաստմամբ` 2010-ին թիմը կհամալրվի եւս 4-5 խաղացողով: Ինչեւէ, «Հատիսը» պատրաստ է նոր նվաճումների: Իսկ 2010 թ-ի ամռանը Հայաստանում կանցկացվի Եվրոպայի կանանց բասկետբոլի առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ մերոնք: