Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 19-12-2009
Ի՞նչ դիտել Ամանորի գիշերը
«Դե՛, այս տարի էլ նայելու կարգին բան չկա»,- կկրկնենք արդյո՞ք այս բառերը:
Հեռուստացույցն արդեն վաղուց դարձել է մեր ընտանիքների լիիրավ անդամը: Իսկ ահա ամանորյա գիշերն այն դառնում է օրվա հերոսը, քանի որ ընտանիքի բոլոր անդամները` մեծից փոքր, հավաքվում են այդ հրաշագործ արկղիկի առջեւ ու սպասում հեքիաթի իրականացմանը: Ի՞նչն է մեզ այդքան գրավում տոնական ծրագրերում, հեռուստաընկերություններն ի՞նչ են առաջարկում Ամանորի գիշերը, ու ի՞նչ անակնկալներ են սպասվում այս տարեմուտին: Նորամուծություններ հեռուստաընկերությունները խոստանում են յուրաքանչյուր Նոր տարի, բայց հեղափոխությունների, այնուամենայնիվ, սպասել չարժե: Ինչպես միշտ, այս անգամ էլ առաջին բարեմաղթանքներն իհարկե հղելու են Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ նախագահը, ապա ժամը 12:00-ին հնչելու են տոնական զանգերը, թնդալու է գունավոր հրավառությունը, որին հաջորդելու է Արամ Խաչատրյանի հայտնի վալսը, ինչից հետո արդեն կարող ենք ինքներս կենացներ ասել` շամպայնի գավաթները ձեռքներիս: Բայց երբ այս գեղեցիկ արարողությունն ավարտվում է, մենք, հեռակառավարման վահանակները ձեռքներիս, փորձում ենք գտնել նաեւ երեկոյի ոչ պակաս գեղեցիկ շարունակություն: Պարզվում է, որ գրեթե բոլոր հեռուստաընկերություններն առաջարկում են գրեթե նույն բանը. նույն դեմքերը, որոնց ամբողջ տարին տեսել ենք էկրանին, նույն երգերը, որոնք լսել ենք տարվա ընթացքում ու նույն հաղորդավարների արդեն ծանոթ ձայները: Իրականում պատկերը փոքր-ինչ գորշ ստացվեց` մի տեսակ ոչ տոնական: Չենք հերքի, որ այն հեռու չէ իրականությունից, բայց մենք կփորձենք ուշադիր զննել ամանորյա ծրագրերն ու պարզել, թե, այնուամենայնիվ, ինչ են առաջարկում հեռուստաընկերությունները: Բոլոր ժամանակների ամանորյա ծրագրերի ամենատարածված ձեւաչափը եղել եւ մնում է տոնական հանդեսը, որին մասնակցում են ճանաչված դեմքերը` երգիչ-երգչուհիներ, հումորի վարպետներ, պարային խմբեր եւ այլն: Երգ ու պար, տոնական բարեմաղթանքներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ, նմանակումներ, փոքրիկ մանրապատումներ ու հումոր. սրանք են այդ հանդեսների հիմնական բաղկացուցիչները: «Օգոնյոկ»-ային այս ձեւաչափը մենք ժառանգել ենք Խորհրդային Միությունից: Ու թեեւ շուրջ երկու տասնամյակ է անցել այն հին ու բարի ժամանակներից, երբ «Օգոնյոկները» մեծ իրարանցում էին առաջացնում հեռուստաընկերությունում, այնուամենայնիվ, ավելի հաջող բան մերօրյա ռեժիսորները դժվարանում են գտնել: Համենայն դեպս, այդ բարի ժամանակներից մինչ այսօր ամանորյա ծրագրերի մեծ վարպետ, Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին մեծ բավականությամբ ու ոգեւորությամբ է հիշում 70-80-ականների ամանորյա հանդեսները: Տարիների ընթացքում, այնուամենայնիվ, «Օգոնյոկներին» այլընտրանք էլ ձեւավորվեց: Մեր հիշողություններում դեռեւս թարմ է «Մեր բակը» սիրված հեռուստաֆիլմերի շարքը: Դրանք յուրահատուկ երեւույթ դարձան իրենց մասսայականությամբ եւ դիտման ծավալներով: Իսկ հաջողության բանաձեւը պարզ էր` սիրված հերոսներ, առօրյա հոգեհարազատ տեսարաններ, հաջողված հումոր ու բարի տրամադրություն: «Մեր բակն» այնքան «մերն» էր, որ յուրացվեցին նույնիսկ արտահայտություններ ու բառեր, որոնք թեւավոր խոսքի արժեք ձեռք բերեցին: Երեք տարի առաջ ֆիլմի ստեղծողները`«Շարմ» ընկերությունը, կրկնեց նախորդների հաջողությունը` 10 տարի անց Ամանորի հեռուստադիտողին ներկայացնելով սիրված ֆիլմի շարունակությունը: Այս տարի հեռուստաընկերությունները խոստանում են զարմացնել հեռուստադիտողին եւ համերգ-հումորային ձեւաչափից բացի` ներկայանալ ֆիլմային տարբերակով: Արդեն երկրորդ տարին է, ինչ այդպիսի նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրային հեռուստաընկերությունը: 2010 թվականը Առաջին ալիքը դիմավորելու է ամանորյա «Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը» կինոկատակերգությամբ: Դեկտեմբերի 31-ին` կեսգիշերն անց, Հանրային հեռուստաընկերության եթերում իշխելու են սերը, երաժշտությունը, հումորը: Ամանորյա տրամադրությունը կապահովեն հայ դերասաններն ու երգիչները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: «Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը» կինոկատակերգության սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանն է, ռեժիսորը` Սուրեն Ռշտունին: Ֆիլմում նկարահանվել են Աշոտ Ղազարյանը, Քրիստինե Պեպելյանը, Հայկոն, դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը, Վարդան Պետրոսյանը, Մարգո Մուրադյանը, Արսեն Գրիգորյանը` Ասոն, Անդրեն, Արամեն, Լուսինե Թովմասյանը, Ֆորշը, Սոֆի Մխեյանը, Արման Հովհաննիսյանը, Վահագն Սարգսյանը (Պոնչո), Գեւորգ Մինասյանը, Սերգեյ Դանիելյանը (Յոժ), Մհերը, Թինա Քեյը, Սպիտակցի Հայկոն եւ ուրիշներ: Ձմեռ պապը Սերգեյ Դանիելյանն է` Յոժը: Արսեն Գրիգորյանը` Ասոն, սիրահարված տղա է, ով այնքան է սիրում Քրիստինե Պեպելյանին, որ հագուստով մտնում է ցնցուղի տակ: Անդրեին` որպես հարմար փեսացու, տանում են Քրիստինե Պեպելյանի տուն: Լուսինե Թովմասյանը հանդես է գալու դիվանագետի դերում: Ֆիլմի գործողությունները զարգանում են Երեւանում, Մոսկվայում, Փարիզում եւ աֆրիկյան Զանզիբանում: Գլխավոր հերոսը` Աշոտ Ղազարյանը, Ամանորի գիշերը չափից ավելի է խմում եւ «Բաղնիքդ անուշ» ֆիլմի հերոսի նման հայտնվում Քրիստինե Պեպելյանի բնակարանում: «Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը» ֆիլմի համար երգեր են գրել Քրիստ Մանարյանը եւ Աշոտ Ղազարյանի որդին` Արմանը: «Արմենիա» հեռուստաընկերությունը տարեմուտը դիմավորելու պատասխանատու գործն այս տարի վստահել է հեռուստաընկերության նորեկներին` «32 ատամ» ակումբի տղաներին: «Դեկտեմբերի 31-ի գիշերը` Նոր տարուց առաջ եւ հետո, «Արմենիա» TV-ի եթերում կդիտեք շատ հետաքրքիր, հումորային ամանորյա ծրագիր, որը ստեղծվել է 32-ի տղաների շնորհիվ»,- խոստանում է «32»-ի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը: Սցենարի հեղինակները Ռոբերտ Մարտիրոսյանն ու «Չարենցն» են: Վահագն Գրիգորյանը բեմադրող ռեժիսորն է: Ծրագրին մասնակցում են «YERE1»-ը, Հայկոն, Մկոն, «32 ատամը» եւ ուրիշներ: «Շանթում» ամանորյա ծրագիրն անակնկալ է լինելու: Մեզ չհաջողվեց խոսել հեռուստաընկերության ծրագրերի ղեկավարի հետ, բայց կարելի է ենթադրել, որ ավանդույթի համաձայն` «Շանթում» կտեսնենք «Ժողովրդական երգիչներին» ու «Հայսուպերսթարներին», հայտնիների հետ կխաղանք «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»: Իսկ ահա Հայկական երկրորդի ամանորյա եթերը զարդարելու է հեռուստաընկերության կազմակերպած «Ակորդ» հիթ-շքերթը, որին մասնակցելու են տարվա ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած արտիստները: Մի խոսքով, հեռուստաընկերությունները խոստանում են բարձր պահել մեր տրամադրությունը, մենք էլ ամեն տարի հուսով սպասում ենք, որ այս տարին կտարբերվի նախորդներից, ու չենք կարողանա կտրվել էկրանից: Եւ գրեթե ամեն տարի հնչում են նույն խոսքերը. «Դե´, այս տարի էլ նայելու կարգին բան չկար»: Արդարության համար ասենք նաեւ, որ միօրինակ հաղորդումներից դժգոհությունը միայն մեր ազգին չէ բնորոշ: Պարզվում է` ռուսները եւս արդեն ձանձրացել են «Կապույտ օգոնյոկից», «Տարվա երգերից» ու «Բաղնիքդ անուշից»: Ամերիկացի մանուկներն էլ վաղուց մեծացել են եւ այլեւս չեն ուզում դիտել «Տանը միայնակ» կատակերգությունը: Այնպես որ, փորձենք լավատեսորեն տրամադրվել, ու տոնական ծրագրերի շքերթում փնտրե´ք ձեզ հոգեհարազատ ֆիլմեր ու հաղորդումներ: