Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 16-12-2009
2009 թ-ի հայկական սպորտը «մեդալաբեր» էր
Այս տարի մի քանի անգամ աճել է միջազգային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցության ցուցանիշը:
Ինչպես տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հավաստիացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, այս տարի մի քանի անգամ աճել է միջազգային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցության ցուցանիշը: Հետեւաբար ավելացել է նաեւ հաջողություններ գրանցած մարզիկների թիվը: 2009 թ-ին առաջինը միջազգային ասպարեզ դուրս եկան ձյուդոիստները: Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Հոլանդիայում կայացած միջազգային մրցաշարում: Տատամի դուրս եկած 19 ձյուդոիստներից 4-ն արժանացան մեդալների: Ամենահաջողը մինչեւ 81 կգ քաշային կարգում հանդես եկած Արման Սողոմոնյանի ելույթն էր: Նա, գերազանցելով իր բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին` արժանանալով ոսկե մեդալի: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Ֆրանսիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ` 8 թիմերի մրցավեճում գրավելով պատվավոր 3-րդ տեղը: Հայ ըմբիշներն առաջին մրցամարտում 6-1 հաշվով պարտության մատնեցին Հունգարիայի հավաքականին, ապա հաղթանակ տոնեցին ադրբեջանցիների նկատմամբ (4-3): Եզրափակչի ուղեգրի համար պայքարում Հայաստանի հավաքականը զիջեց Ռուսաստանի թիմին եւ խմբում 2-րդ տեղը գրավելով` բրոնզե մեդալները վիճարկելու իրավունք ստացավ: Այդ պայքարում մեր թիմի մրցակիցը Կուբայի հավաքականն էր: Հայ ըմբիշները հաղթեցին 5-2 հաշվով եւ արժանացան բրոնզե մեդալների: Իսկ չեմպիոն հռչակվեց ՌԴ ընտրանին, որը 5-2 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացիներին: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «Օռլեոն» հյուրանոցի մարզադահլիճում անցկացված մենամարտային ձեւերի օլիմպիական մրցումներում մեծ հաջողության հասան դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականի մարզիկները: Մրցումներին մասնակցած 12 հայ կարատեիստներն էլ տուն վերադարձան մեդալներով: Նրանցից 7-ը նվաճեցին ոսկե մեդալներ: Մեծահասակների մրցումներում գերազանց ելույթ ունեցան ու ոսկե մեդալներ նվաճեցին Կարեն Նահապետյանը, Էդիկ Ղազարյանն ու Հակոբ Թերջանյանը: Նրանցից հետ չմնացին կրտսեր տարիքային խմբերում հանդես եկած Էդուարդ Ջանազյանը (17 տ.), Վլադիմիր Նալջյանը (16 տ.), Դավիթ Աբգարյանը (14 տ.) եւ Գարիկ Հովհաննիսյանը (13 տ.), ովքեր նույնպես հաղթող ճանաչվեցին ու արժանացան ոսկե մեդալների: Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկած 10 ծանրորդներից չորսը վերադարձան մեդալներով: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Առաքել Միրզոյանը` նվաճելով նաեւ փոքր ոսկե եւ արծաթե մեդալներ: Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) դարձան Եվրոպայի փոխչեմպիոնուհիներ` մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճելով առանձին վարժություններում: Մինչեւ 63 կգ քաշային Մելինե Դալուզյանն էլ արծաթե մեդալակիր դարձավ հրում վարժությունում: Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմն այս տարի զգալիորեն փոփոխված էր: Բուխարեստում հանդես չեկան ծանրորդներ Գեւորգ Դավթյանը, Արա Խաչատրյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը: 77 կգ քաշային Գեւորգ Դավթյանը մեջքի վնասվածք ուներ, իսկ Արա Խաչատրյանը ծնկի վիրահատության էր ենթարկվել, ինչի պատճառով էլ չմասնակցեց նաեւ աշխարհի առաջնությանը: Նա վնասվածք էր ստացել Պեկինի օլիմպիական խաղերում: Ապրիլ ամսին Վիլնյուսում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Եթե ազատ ոճայինները Վիլնյուսում նվաճել էին մեկ արծաթե, 2 բրոնզե մեդալ, ապա հունահռոմեական ոճի մեր ըմբիշներն ավելի հաջող ելույթներ ունեցան: Արսեն Ջուլֆալակյանի եւ Յուրի Պատրիկեեւի շնորհիվ Վիլնյուսի մարզադահլիճում 2 անգամ հնչեց Հայաստանի օրհներգը, եւ բարձրացվեց եռագույնը: Իսկ մայիսին Միլանում անցկացված սամբոյի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում հանդես եկած հայ մարզիկներից չորսը դարձան մրցանակակիր: 62 կգ քաշային կարգում Վահան Հովհաննիսյանը, հաջորդաբար հաղթելով լիտվացի եւ ադրբեջանցի մրցակիցներին, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվեց վրացի մարզիկին: 3-րդ տեղի համար մրցավեճում Վահանը հաղթեց ֆրանսիացի Անտոնի Լոբրեչին եւ արժանացավ բրոնզե մեդալի: Հաջող հանդես եկավ նաեւ 68 կգ քաշային Դավիթ Խաչատրյանը: Ճիշտ է, նա առաջին իսկ գոտեմարտում պարտվեց ադրբեջանցուն, սակայն վերջինս դուրս եկավ եզրափակիչ: Ըստ այդմ` Դավիթը պայքարը շարունակելու իրավունք ստացավ: Վճռորոշ գոտեմարտում նա հաղթեց բուլղարացի Ստեփան Շոպովին ու արժանացավ բրոնզե պարգեւի: Մայիս ամսին միջազգային ասպարեզում Հայաստանի պատիվը բարձր պահեցին նաեւ ձյուդոիստները: Բելգիայում ավարտված ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը: Վեց ձյուդոիստներ` Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Գարիկ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Նիկողոսյանը (55 կգ), Դավիթ Ղազարյանը (60 կգ), Մհեր Թավաքալյանը (73 կգ) եւ Արթուր Կռոյանը (81 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո հարթակի վերին աստիճանին: Արման Սողոմոնյանը (81 կգ) եւ Գեւորգ Թորոսյանը (60 կգ) դարձան 2-րդ մրցանակակիրներ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մայիսի 23-ից 30-ը բռնցքամարտի աշխարհի ուշադրության կենտրոնում էր. այստեղ էր անցկացվում բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատանեկան հավաքականը բավականին հաջող ելույթներ ունեցավ: Ռինգ դուրս եկած 13 բռնցքամարտիկներից 7-ն արժանացան մեդալների (1 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե): Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանի ընտրանուն: Վերջինս նվաճեց 5 ոսկե եւ 4 բրոնզե մեդալ: Մրցումների վերջին օրը կայացած եզրափակիչ մենամարտերում 3 հայ բռնցքամարտիկներից միայն Կորյուն Սողոմոնյանը հասավ հաջողության: Մինչեւ 46 կգ քաշային կարգում Կորյունն իր 5-րդ մենամարտն էլ վստահ անցկացրեց եւ 10-4 հաշվով հաղթելով հնդիկ բռնցքամարտիկ Սանդիպին` արժանիորեն նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Կորյուն Սողոմոնյանը ճանաչվեց նաեւ առաջնության լավագույն բռնցքամարտիկ: Մարզական տարվա ավարտը նշանավորվեց 2 իրադարձությամբ. մեկը «Հատիս» կանանց բասկետբոլային ակումբի ստեղծումն էր, մյուսը` Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Կարճ ժամանակում հիմնականում լեգեոներներից բաղկացած «Հատիսը» կարողացավ մարզասեր հասարակության ուշադրությունը հրավիրել իր կողմը` Եվրագավաթի առաջնությունում տպավորիչ հաղթանակներ տոնելով ռուսական «Չեւակատայի», թուրքական «Բեշիկթաշի» նկատմամբ: Իսկ ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներն արձանագրեցին գեղեցիկ հաղթանակներ: Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ հայ ծանրորդուհին` Նազիկ Ավդալյանը, նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Առաքել Միրզոյանը եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը դարձան արծաթե մեդալակիրներ, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը` բրոնզե մեդալակիր: Տարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները, ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս ստացան ե՛ւ պետական, ե՛ւ ՀԱՕԿ-ի կողմից սահմանված պարգեւներ: