Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 13-12-2009
Ազգային փոքրամասնությունները լքո՞ւմ են Հայաստանը
Երիտասարդ եզդիներն իրենց բախտը որոնում են օտար ափերում:
Հայաստանում ներկայումս ապրում են ավելի քան 50 ազգության ներկայացուցիչներ: Միաժամանակ Հայաստանը համարվում է մոնոէթնիկ երկիր, քանի որ հայերը կազմում են բնակչության 97%-ը: Եթե 1988 թ-ին ազգային եւ էթնիկ փոքրամասնությունները Հայաստանում կազմում էին ընդհանուր բնակչության 6.7%-ը, ապա այժմ այդ թիվը, համաձայն 2001 թ-ի մարդահամարի տվյալների, նվազել է շուրջ 4%-ով (հանրապետության բնակչության թիվը` 3,2 միլիոն): Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանի խոսքերով` Հայաստանում եզդիների թիվը հասնում է մոտ 50 հազարի, որի մեջ, սակայն, երիտասարդներն այնքան էլ մեծ տոկոս չեն կազմում: Սոցիալական պայմանների պատճառով եզդիական ընտանիքներում գնալով պակասում է երեխաների քանակը: Եթե նախկինում յուրաքանչյուր ընտանիքում կար 8-10 երեխա, ապա այսօր այդ ցուցանիշը հազիվ է գերազանցում 3-ը: Ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները մեր երկրի մարզերում եւ մայրաքաղաքում ապրում են հատվածաբար: Չկա մի մարզ կամ վարչական միավոր, որն ամբողջությամբ բնակեցված լինի որեւէ փոքրամասնության ներկայացուցիչներով: Բնակելի առանձին վայրերում նրանք կա՛մ կազմում են խառը բնակչության մի մասը, կա՛մ բնակչության մեծամասնությունը: Եզդիական համայնքի ղեկավարը մտահոգված է նաեւ մեծ չափերի հասնող արտագաղթով: «Երիտասարդներն ավարտում են դպրոցը եւ այլ զբաղմունք չեն ունենում: Քանի որ Հայաստանում` հատկապես մարզերում, աշխատանք չեն գտնում, մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ հետո տեղափոխում են նաեւ ընտանիքը»,- ասում է նա: Ըստ եզդիների` սա մեծ խնդիր է. չէ՞ որ եզդիական մշակույթը կենտրոնացած է Հայաստանում, իսկ այստեղից մեկնելով` նրանք կտրվում են համայնքից, երբեմն էլ` առանձնանում: Նույն խնդրով մտահոգ է նաեւ Հայաստանում հունական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Նիկոլաիդիսը, ում հավաստմամբ` վերջին տարիներին հունական 12000-անոց համայնքը մի քանի անգամ փոքրացել է: Հույն երիտասարդները Հայաստանում կրթություն ստանալուց հետո իրենց ապագան փորձում են կառուցել արտասահմանում, որտեղ նրանց նկատմամբ վերաբերմունքը, սակայն, այնքան էլ միանշանակ չէ: ԵԽ Նախարարների կոմիտեի` 2007 թ-ի փետրվարին ՀՀ կողմից «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ» ընդունած բանաձեւում ընդգծվել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ ազգային փոքրամասնությունների նկատմամբ շարունակում է գերակշռել հանդուրժողականության մթնոլորտը: Ազգությամբ ասորի Օլյան սովորում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում: Նա ասում է, որ իր եւ հայ երիտասարդների միջեւ կան աշխարհայացքային որոշակի տարբերություններ, բայց ուսանողների կողմից իր նկատմամբ երբեւէ խտրականություն չի զգացել: Բուհն ավարտելուց հետո, այնուամենայնիվ, նա մտադիր է տեղափոխվել արտասահման: Բուհեր ընդունվելիս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները որեւէ արտոնությունից չեն օգտվում, սակայն, ինչպես նշում է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, ուսումնառության ընթացքում նրանց բավականին ընդառաջում են, զեղչվում են ուսման վարձավճարները: Ի դեպ, նրանց թիվը ԵՊՀ-ում չի գերազանցում 2 տասնյակը: Ազգային փոքրամասնություններն իրենց մայրենի լեզվի ուսուցման իրավունքը գործադրելիս չեն հանդիպում հակազդեցությունների: Սակայն ազգային բոլոր փոքրամասնությունների համար առկա են ե՛ւ մասնագետների, ե՛ւ կրթական ծրագրերի պատրաստման խնդիրներ: Բացառություն է կազմում ռուսական համայնքը, քանի որ ուսումնական նյութերը ստացվում են Ռուսաստանից, որտեղ պատրաստվում են նաեւ անհրաժեշտ մասնագետներ: Իսկ ազգային ավելի «պահպանողական» փոքրամասնությունների դեպքում, ինչպիսիք են, օրինակ, քրդերը եւ եզդիները, կրթությանն ավելի քիչ տեղ է հատկացվում: Այս մասին վիճակագրությունն է վկայում: Ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին դրույթներ են պարունակում նաեւ «Լեզվի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքները: Սակայն պարոն Թամոյանի խոսքերով` հայկական հեռուստատեսությունը իրենց առանձին եթերաժամ չի տրամադրում, որի միջոցով կկարողանային որոշակի «համախմբիչ» քարոզչություն իրականացնել: