Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 13-12-2009
Երիտասարդների սեռական խնդիրները չեն նվազում
Սեռական կյանքի մասին խոսելը երկար տարիներ տաբու է եղել մեր հասարակությունում:
«Սեռական կյանքի մասին խոսելը երկար տարիներ տաբու է եղել մեր հասարակության մեջ»,- ասում է սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանը, ում համոզմամբ` մարդը սեռապես առողջ է այն ժամանակ, երբ խորապես տեղյակ է այդ ոլորտի նրբություններին: Բժիշկները նշում են, որ գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ են հետազոտվում: Բժիշկ-սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը փաստում է. «Անգամ ամուսնանալուց առաջ գալիս են, ստուգում անցնում, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ սեռական հիգիենայի տարրական կանոններին (օր.` պահպանակի օգտագործմանը) մեր երիտասարդները չեն տիրապետում: Մենք իհարկե նաեւ բացատրական աշխատանք ենք տանում մեր հաճախորդների հետ, սակայն մի քանի բժիշկներով գործը գլուխ չի գա. պետք է ավելի լուրջ եւ համակարգված աշխատանք: Մեզ մոտ գալիս են 8-10-րդ դասարանների աշակերտներ, ովքեր արդեն սեռավարակակիր են: Մենք բուժում ենք, նաեւ խոսում կանխարգելիչ միջոցների մասին: Բայց ցանկալի չէ արդյոք, որ նրանք դրա մասին իմանային մինչեւ վարակվելը»: Մասնագետների մի խումբ «սեռական դաստիարակություն» երեւույթը սահմանում է հետեւյալ կերպ. «Սեռական դաստիարակությունը (սեռակրթություն) բժշկական ու մանկավարժական միջոցառումների համակարգ է, որը նպատակաուղղված է երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը»: Իսկ հոգեբան Լիլիթ Գարգրցյանը նշում է, որ զուտ սեռական դաստիարակությունը շատ լայն ոլորտ է, որը վերաբերում է անձի ամբողջական դաստիարակությանը, որովհետեւ սեռից դուրս չկա անձ: «Երբ մենք սկսում ենք դաստիարակել երեխային, նրա նկատմամբ վերաբերմունքը լինում է ըստ սեռի: Հետեւաբար երեխայի սեռական դաստիարակությամբ պետք է զբաղվել այն պահից, երբ նա լույս աշխարհ է գալիս»,- ասում է նա: Ծննդյան պահից սկսած` երեխան հոգեսեռական եւ մարմնասեռական զարգացում է ապրում: Երեխաները սեռերի միջեւ առկա տարբերությունը սկսում են ընկալել 3 տարեկանից հետո: Այնուհետեւ նրանք գիտակցում են, որ կա նաեւ սեռական օրգանների տարբերություն: Այդ հետաքրքրությունը պետք է բավարարել երեխային հասանելի ինֆորմացիայի սահմաններում: Որոշ դեպքերում էլ ծնողների սեռական «անգրագիտությունը» կարող է լուրջ հետեւանքներ ունենալ երեխաների հետագա կյանքի ընթացքում: Սեւադա Հակոբյանը հավաստում է, որ իրենց հաճախ են դիմում այնպիսի հաճախորդներ, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել: Այդ մարդկանց շրջանում մեծ մաս են կազմում նյարդային ոչ կայուն համակարգ ունեցող կանայք: Բժիշկները նույնիսկ առանձնացնում են այդպիսի խումբ` «սեքսուալ դիսֆունկցիներ»` պայմանավորված սեքսուալ ապատեղեկատվությամբ: Ամեն դեպքում փաստ է, որ ծնողներից բացի` երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում են» նաեւ նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, համապատասխան գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը: Մասնագետների կարծիքով` այն երեխաները, որոնց ծնողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում նրանց սեռական դաստիարակությանը, հետագայում անհաջող սեռական կյանք են ունենում, այն դիտում են իբրեւ ամուսնական տհաճ պարտականություն, եթե իհարկե չեն ունենում այնպիսի զուգընկեր, ով կարողանում է հաղթահարել նրա ճնշվածությունը: Հետազոտությունները վկայում են, որ ընտանիքի ամրության ու բարեկեցության գործում շատ մեծ դեր ունի զուգընկերների սեռական ներդաշնակությունը: Դեռահաս տարիքից երեխան պետք է իմանա նաեւ սեռերի միջեւ առկա փոխհարաբերությունների մասին (խոսքը միայն սեռական ակտի մասին չէ): 13-16 տարեկան հասակում ձեւավորվում է սեռական կողմնորոշումը, այսինքն` այն, թե որ կողմ է ձգում սեռական ցանկությունը: Ֆիզիոլոգիական բոլոր գործընթացները պետք է նկարագրվեն բժշկական ճշգրտությամբ, որովհետեւ չբացահայտված ու չպարզաբանված խնդիրները հետագայում հանգեցնում են սեռական ֆունկցիաների բազմաթիվ խանգարումների: Հայտնի են ընտանեկան բազում այնպիսի անախորժություններ, որոնք պայմանավորված են պատանեկան տարիքում ունեցած հոգեկան խանգարումներով: «Այսօր մեզ մեծ մասամբ տղամարդիկ դիմում են էրեկտիվ դիսֆունկցիայի, ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի խանգարման, արական անպտղության խնդիրներով: Մեծ թիվ են կազմում սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդությունները: Մեզ մոտ շատ են գալիս նաեւ ամուսնական զույգեր` սեռական ֆունկցիայի խանգարումների, մասնավորապես սեքսուալ դիսհարմոնիայի խնդրով, այսինքն` երբ տղամարդու եւ կնոջ սեռական ցանկությունները չեն համընկնում. զույգերից մեկի մոտ այն շատ է լինում, մյուսի մոտ` հակառակը: Երիտասարդ տարիքում ավելի մեծ է տղամարդու, իսկ 40-60 տարեկանում` կնոջ սեռական ցանկությունը»,- ասում է պարոն Հակոբյանը: Առավել շատ հանդիպող սեռավարակներն են տրիխոմոնազը, հոնորեան, գարդարելան, սնկային ախտահարումները: Հետեւողական չլինելու դեպքում այդ հիվանդությունների մի մասը կարող է դառնալ ե՛ւ արական, ե՛ւ իգական անպտղության պատճառ: Այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ նմանաբնույթ խնդիրներով պետք է զբաղվեն կոմպետենտ մասնագետները, ինչպիսիք են սեռաբանները: Երբեմն այս կամ այն ոլորտի մասնագետները այնպիսի գրքեր ու հոդվածներ են տպագրում, որոնց մեջ առկա թյուրըմբռնումներն ապատեղեկատվության աղբյուր են դառնում: Թեմայի վերաբերյալ հայալեզու գրականությունն էլ շատ քիչ է: