Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 13-12-2009
Հանուն աղանդի կյանքս էլ կտամ
Հայ առաքելական եկեղեցուն չդավանողների մեջ զգալի է երիտասարդների թիվը:
Վերջին տասնամյակի ընթացքում օրեցօր ավելանում է կրոնական կազմակերպությունների թիվը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցված են 66 կրոնական միավորումներ, որոնք իրենց իրավական եւ փաստաթղթային կարգավիճակով բաժանվում են երեք մասի` գրանցված կրոնական միավորներ, կրոնական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ եւ պետական գրանցում ու ՀՀ օրենսդրությամբ կրոնական կազմակերպության իրավական կարգավիճակ չունեցող խմբեր: Հատկանշականն այն է, որ այս բոլոր խմբերում էլ երիտասարդները մեծ թիվ են կազմում: «Աղանդավորական կազմակերպությունները քարոզչական տեխնոլոգիաներ իրականացնելիս, ցավոք, օգտագործում են երիտասարդների ուժերը: Վերջիններս էլ առանց ջանք ու եռանդ խնայելու փորձում են մոլորեցնել մյուսներին»,- ասում է Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Սակայն նկատենք, որ Հայ առաքելական եկեղեցին հատկապես վերջին մի քանի տարիներին մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների հոգեւոր դաստիարակության խնդիրներին, ինչի վկայությունն են եկեղեցիներին կից գործող երիտասարդական միություններն ու կենտրոնները: Եկեղեցու սպասավորների կողմից երիտասարդների համար հաճախ կազմակերպվում են ուխտագնացություններ, հոգեւոր թեմաներով դասախոսություններ, քարոզներ: Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը հավաստիացնում է, որ երիտասարդական միջոցառումները կազմակերպվում են հատկապես տարբեր հետաքրքրությունների տեր երիտասարդների համար: Վերջին տարիներին աշակերտների, ուսանողների եւ զինվորների մասնակցությամբ նշվում է Սուրբ Վարդանանց տոնը, որի շնորհիվ ամրապնդվում է բանակ, եկեղեցի եւ հասարակություն կապը: Սակայն այսօր քիչ չեն այն երիտասարդները, ովքեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով փորձում են խուսափել բանակից: Արդեն հինգերորդ տարին է, ինչ հիմնական տոտալիտար աղանդների մի շարք հետեւորդներ, խուսափելով պարտադիր ժամկետային զինծառայությունից, անցնում են այլընտրանքային զինվորական ծառայության: 2003 թվականին ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաեւ զենք կրելը, պահելը, պահպանելը եւ օգտագործելը»: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Մերթարջյանը` որպես երիտասարդական կառույցի ղեկավար, մտահոգված է երիտասարդների` բանակից խուսափելու հարցով եւ կարծում է, որ այլընտրանքային ծառայությունը չպետք է երկամյա պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու միջոց լինի: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ու Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ արդեն մի քանի տարի է, ինչ եկեղեցու սպասավորները հոգեւոր ծառայություն են իրականացնում զինված ուժերի զորամասերում: Նրանք հոգեւոր դասախոսությունների միջոցով զինվորներին քարոզում են Հայ առաքելական եկեղեցու դավանանքը` նպաստելով ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը: Սակայն լինում են դեպքեր, երբ աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելում են բանակային ստորաբաժանումներ` մշակութային միջոցառումների քողի ներքո քարոզչություն իրականացնելով զինվորների շրջանում: Այսպես`Քանաքեռում տեղակայված զորամասի հոգեւոր սպասավոր Գեւորգ սարկավագ Համբարձումյանը հիշում է, որ վերջերս Ավետարանական եկեղեցիների միության հովիվ Ռենե Լեւոնյանն այցելել էր զորամասերից մեկը եւ «մշակութային քարոզից» հետո զինվորներին աղանդավորական գրքույկներ բաժանել: «Եհովայի վկաների երեւանյան առաջնորդների հաղորդմամբ` 2009 թ-ի հունիսի 30-ի դրությամբ դավանական կամ կրոնական նկատառումներով զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից հրաժարված Եհովայի վկաների 71 հետեւորդներ գտնվում էին բանտում, իսկ 1 հոգի գտնվում էր նախնական կալանքի տակ: Եհովայի վկաների ներկայացուցիչները փաստում էին, որ ազատազրկված բոլոր անձինք հնարավորություն են ունեցել բանտի փոխարեն ընտրել այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, սակայն նրանք հրաժարվել են, քանի որ դեմ են այն հանգամանքին, որ այլընտրանքային ծառայության նկատմամբ վարչական հսկողությունը իրականացվում է զինվորականների կողմից»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի 2009 թվականի «Կրոնական ազատությունների մասին» զեկույցում: Սակայն կան Եհովայի վկաների հետեւորդներ, ովքեր անցնում են պարտադիր ժամկետային զինծառայության եւ կատարում այն պարտականությունները, որոնք սահմանված են զինվորական կանոնակարգերով: Գեւորգ սարկավագը հիշում է նաեւ, որ Սյունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկում անցկացված զորավարժության ժամանակ աղանդավորական կողմնորոշում ունեցող զինվորներից մեկը հրամանատարի հանձնարարականով զենք է վերցրել եւ մասնակցել զորավարժությանը: Վերջին տարիներին անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հայ երիտասարդների մեծ մասը` 89.4 տոկոսը, դավանում է Հայ առաքելական եկեղեցուն: Դա նկատում են նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչները: Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն ասում է, որ երիտասարդությունն այսօր քայլում է դեպի Հայ առաքելական եկեղեցի, բայց նրանք հոգեւոր գիտելիքների պակաս ունեն. ժամանակի խնդիր է, դա եւս կկարգավորվի: