Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 13-12-2009
Մարզային երիտասարդների խնդիրները փոխկապակցված են
Գործազրկություն. սա է մարզային երիտասարդության` առավել հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրը:
Գործազրկություն. սա է մարզային երիտասարդության` առավել հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրը: Սակայն ինչպես այս, այնպես էլ սոցիալ-տնտեսական, արտագնա աշխատանքի, կենցաղային ոչ բարվոք պայմանների, կրթական ու մշակութային հիմնախնդիրների կողքին մարզային երիտասարդներն ունեն նաեւ ինքնաարտահայտման, տարաբնույթ կարծրատիպերից ու բարդույթներից ազատվելու խնդիր: Ինչ խոսք, այս խնդիրները տրամաբանորեն շաղկապված են: Այսպես` մինչ զբաղվածության խնդրին հասնելը պետք է լուծել կրթություն ստանալու խնդիրը: Դպրոցն ավարտելուց հետո գրեթե բոլոր շրջանավարտները փորձում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացանք, որ 2008-2009 ուստարում պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թվաքանակը կազմել է 1.143.99, որոնցից 22 հազար 593-ը եղել են մարզային բուհերի ուսանողներ: Սակայն Ազգային վիճակագրական ծառայությունում չկային տվյալներ այն մասին, թե մարզերի երիտասարդների ո±ր մասն է ուսումը շարունակում երեւանյան բուհերում: Դատելով վիճակագրական վերոնշյալ տվյալներից` կարելի է փաստել, որ մարզերի երիտասարդների հիմնական մասը բարձրագույն կրթություն է ստանում մարզում, ինչը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն կրթություն ստանալու, այլեւ երիտասարդներին համախմբելու եւ ակտիվ գործունեություն ծավալելու առումով: Օրինակ` գավառցի երիտասարդների առօրյան բաժանվում է երկու մասի` մինչեւ ժամը 15-ը եւ դրանից հետո: Օրվա առաջին կեսին Գավառի պետական համալսարանի ուսանողների շնորհիվ Գեղարքունիքի մարզկենտրոնում երիտասարդական շունչ է տիրում, իսկ կեսօրից հետո փողոցում երիտասարդ աղջիկների գրեթե չենք հանդիպում: Մարզային բուհերը բացառիկ նշանակություն ունեն նաեւ երիտասարդին իր մարզում պահելու առումով: Սակայն պետք է նկատել, որ քիչ չեն մայրաքաղաքի բուհերում բարձրագույն կրթություն ստացած այն երիտասարդները, ովքեր չեն վերադառնում մարզ եւ իրենց գիտելիքները չեն ծառայեցնում մարզի զարգացմանը: «Եթե ուսումս ավարտելուց հետո մասնագիտությանս համապատասխան աշխատանք ունենամ, ապա կաշխատեմ մեր մարզում, թեպետ կարծում եմ` Երեւանում աշխատանքի տեղավորվելու հավանականությունն ավելի մեծ է»,- ասում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դավիթ Կարապետյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ մարզերի մի խումբ երիտասարդներ նպատակային գործուղմամբ ընդունվում են մանկավարժական բուհեր եւ համաձայն կնքված պայմանագրի` ավարտելուց հետո աշխատանքի անցնում մարզի դպրոցներում: Երկու տարի առաջ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարության կողմից կազմված «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց»-ում նշված հիմնախնդիրներն արդիական են նաեւ այսօր: Կրթության հիմնախնդիրը լուծելուց հետո ծառանում է հաջորդը` աշխատանք գտնելու հիմնախնդիրը: Մարզերի երիտասարդները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, ինչը, սակայն, տեւում է մի քանի ամիս: Ինչպես գյուղաբնակ երիտասարդներն են խոստովանում, դա էլ ձանձրալի ու տհաճ աշխատանք է: Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքով պայմանավորված` երիտասարդների մի խումբ, օրինակ, ունենում է նաեւ սեզոնային աշխատանք. ձմռանը` Ծաղկաձորում, ամռանը` Սեւանի ավազանում եւ այլն: Մարզերում միայն սակավաթիվ երիտասարդներ ունեն հիմնական աշխատանք. նրանց մի մասը տեղական ինքնակառավարման մարմիններում վարչական կամ էլ պետական առկա կառույցներում այլ աշխատանքով է զբաղված, որոշ մասն էլ գյուղերում խանութ կամ կրպակ ունի: Հաճախ էլ որոշակի բարդույթներ ունենալու պատճառով չկարողանալով ինչպես հարկն է ինքնաարտահայտվել` մարզի երիտասարդները գործատուին պատշաճ կերպով չեն ներկայացնում իրենց գիտելիքներն ու կարողությունները: Միջազգային ու հասարակական կազմակերպությունները պարբերաբար սեմինարներ, դերային խաղեր, բանավեճեր ու քննարկումներ են կազմակերպում` բարդույթները հաղթահարելու գործում փորձելով օգնել մարզերի երիտասարդներին: Սակայն ոչ բոլոր երիտասարդներն են, որ այդպիսի խնդիրներ ունեն: «Տաշած քարը գետնին չի մնա: Համոզված եմ, որ լավագույն մասնագետները, այնուամենայնիվ, իրենց տեղը գտնում են»,- ասում է Գավառի պետական համալսարանի բնագիտական ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆակուլտետի ուսանողուհի Քնքուշ Պետրոսյանը եւ հավելում, որ այսօր ապրում է հայրենի գյուղում` իր հնարավորությունների սահմաններում փորձելով շտկել ընդհանուր վիճակը: Շիրակի մարզում եւս կան երիտասարդներ, ովքեր սովորում, աշխատում եւ գործարարությամբ են զբաղվում մարզում, բայց եւ ակնկալում են պետության աջակցությունն ու հոգածությունը: «Տեղի իշխանությունները մինչ օրս դրական ոչ մի քայլ չեն ձեռնարկել, նրանք մեզ` որպես երիտասարդական միջոցառումների կազմակերպման եւ երիտասարդների համախմբման կենտրոնի լուրջ չեն վերաբերվում»,- ասում է Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի գլխավոր մասնագետ Սերգեյ Գաբրիելյանը: Փոխարենը Վայոց ձորի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի ներկայացուցիչը հավաստիացնում է, որ մարզային իշխանությունները աշխատատեղերի առկայության պարագայում փորձում են երիտասարդ կադրերի ներգրավել, ինչպես նաեւ կենտրոնի հետ համատեղ կազմակերպում են մասնագիտական կողմնորոշման սեմինար-պարապմունքներ: Այնուամենայնիվ, երիտասարդների հանդեպ երբեմն պետական հոգածություն նկատվում է: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Մերթարջյանը հավաստիացնում է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային կենտրոններին պարբերաբար տրամադրում են տեղեկություններ մարզերի գործազուրկ երիտասարդների վերաբերյալ, որոնց երբեմն հրավիրում են աշխատանքի: Սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը միաժամանակ փաստում է, որ երիտասարդների մեծ մասը չի ունենում այն որակավորումը, ինչը պահանջում է գործատուն: Նկատենք նաեւ, որ պետական հոգածություն ակնկալող երիտասարդներն էլ հաճախ ոչ մի քայլ չեն ձեռնարկում իրենց իսկ խնդիրները լուծելու ուղղությամբ: Այսպիսով` գործազրկությունն ու մյուս խնդիրները խթանում են ներքին ու արտաքին միգրացիան: Ըստ այդմ` մարզերի երիտասարդների մեծ մասն իր ապագան տեսնում է մարզից դուրս. հիմնականում` Երեւանում, արտերկրում, լավագույն դեպքում` մարզկենտրոնում: Ծնողներին միայնակ չթողնելու եւ ‎ֆ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ինանսների սղության պատճառով շատ երիտասարդներ պարզապես հարկադրված մնում են գյուղում` հնարավորության սահմաններում փորձելով բարելավել իրենց կյանքը: