Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 13-12-2009
Կրթություն 2 կամ ոչ ֆորմալ ուսուցում
Հայաստանյան երիտասարդների մեծ մասն անգամ գաղափար չունի, թե ինչ է ոչ ֆորմալ կրթությունը:
«Ոչ ֆորմալ կրթություն» հասկացությունն առավել հաճախ սահմանվում է որպես կազմակերպված կրթական գործունեություն, որը, սակայն, դուրս է ֆորմալ կրթության համակարգից: Որպես կանոն` հասարակական սեկտորի կողմից առաջարկվող ուսուցման այս մեթոդի դեպքում անհամեմատ ավելի քիչ դեր են խաղում համակարգված քննությունների եւ վկայականների տրամադրման գործոնները: Ոչ ֆորմալ կրթության համակարգը Հայաստանում ի հայտ է եկել շուրջ երկու տասնամյակ առաջ: Ուսուցման այս մեթոդի սահմանումը ներկայումս տվել են ոչ միայն մասնագետները, այլեւ պետությունը: 2006 թվականի դեկտեմբերին ՀՀ Կառավարությունը հաստատել է «Ոչ ֆորմալ կրթության մասին» հայեցակարգը, որը սահմանում է ոչ ֆորմալ կրթությանն առնչվող հասկացությունները, առանձնացնում սուբյեկտներին եւ այդ ոլորտում հստակեցնում ՀՀ քաղաքականության սկզբունքներն ու խնդիրները: Որքան էլ նշանակալի է այդ փաստաթղթի առկայությունը կրթական ոլորտում, այնուամենայնիվ, դեռեւս հնարավոր չէ խոսել հստակ գործողությունների մասին: Ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը միանշանակ վստահ են` Հայաստանում ոչ ֆորմալ կրթությունն այսօր շատ թույլ է զարգացած: Ոչ ֆորմալ կրթության համակարգի զարգացման ճանապարհին ոլորտի մասնագետներն առանձնացնում են մի քանի հիմնական խնդիր: Դրանցից առաջնայինը թերեւս ոլորտում երիտասարդների խիստ սահմանափակ ներգրավվածությունն է, ինչպես նաեւ տեղեկացվածության պակասը: Բանն այն է, որ չնայած երիտասարդների մի որոշ զանգված այսօր մասնակցում է տեղական եւ միջազգային տարաբնույթ թրեյնինգների, այդուհանդերձ, նրանցից շատ քչերն են լսել ոչ ֆորմալ կրթության մասին: «Զրուցե°ք երիտասարդի հետ որեւէ լուրջ թրեյնինգի մասնակցելուց առաջ եւ հետո ու կարող եք հստակ պատկերացնել, թե այսօր ինչ դեր ունի ոչ ֆորմալ կրթությունը երիտասարդի ձեւավորման, կայացման ու զարգացման գործում»,- ասում է երիտասարդ գիտնական Եզնիկ Միրզոյանը: Տարբեր դասընթացների մասնակցած երիտասարդը, ով ներկայումս զբաղեցնում է ԵՊՀ գրադարանի փոխտնօրենի պաշտոնը, վստահ է, որ մեր օրերում անհնար է որեւէ պաշտոն վարել առանց ոչ ֆորմալ ուսուցման ծառայություններից օգտվելու. «Եթե դու չես փակվելու չորս պատերի մեջ, ապա հաջողության հասնելու համար, բացի մասնագիտական գիտելիքներից, դեռ շատ բան ունես սովորելու»: 2007 թվականին հրապարակված «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» շրջանակում իրականացված հարցմանը մասնակցած երիտասարդների 86%-ը տեղեկություն չի ունեցել ոչ ֆորմալ կրթության մասին: Միայն քիչ թե շատ տեղեկացված երիտասարդներին է հաջողվել ինչ-որ չափով նկարագրել ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ ընդունված պատկերացումները: «Թրեյներների ազգային թիմ» ՀԿ-ի նախագահ, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Արեգ Թադեւոսյանը վստահեցնում է, որ թվաբանական պատկերն այսօր գրեթե չի փոխվել: «Տեղեկացված չեն ոչ միայն շարքային երիտասարդները, այլեւ այս ոլորտում աշխատողների զգալի մասը,- ասում է Արեգ Թադեւոսյանը, ով գործի բերումով պարբերաբար շփվում է թրեյներությամբ զբաղվող երիտասարդների հետ,- հայաստանյան թրեյներների 60%-ը չի կարող հստակ սահմանել` ինչ է ոչ ֆորմալ ուսուցումը: Նրանց բացարձակ մեծամասնությունը չի էլ կարդացել ոլորտը կարգավորող հայեցակարգը»: Եվրոպայի խորհրդի երիտասարդության եւ սպորտի տնօրինության թրեյներների խմբի անդամ Ռուբեն Մարկոսյանը նշում է, որ ոլորտի չկարգավորված եւ թույլ զարգացած լինելու պատճառով ով ասես այսօր իրեն թրեյներ է կոչում. «Արդյունքում հաճախ վարկաբեկվում է ընդհանուր ոլորտը: Մեկ անգամ անհաջող դասընթացավարի հանդիպած երիտասարդը ոչ միայն չի գնում երկրորդ դասընթացին, այլեւ իր ընկերներին է դասընթացին չմասնակցելու խորհուրդ տալիս»: Այնուամենայնիվ, այսօր արդեն մեր երկիրն ունի այնպիսի մասնագետներ, ովքեր ոչնչով չեն զիջում եվրոպական երկրների թրեյներներին: Սակայն Հայաստանում ոչ ֆորմալ կրթության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը պատրաստված ուսուցանողների պակասն է, քանի որ գրեթե բոլոր լավ մասնագետները դասավանդում են արտերկրում: Պատճառը ոչ միայն տեղական ցածր պահանջարկն է, այլեւ աշխատանքի դիմաց առաջարկվող վարձատրությունը: «Այս գործում իր դերն ունի նաեւ ֆինանսական գործոնը: Այսօրվա երիտասարդը չի կարողանում ընկալել, թե ինչու ինքը պետք է ինչ-որ «երկրորդական» բաներ սովորելու համար մեկ այլ երիտասարդի օրական 150 եվրո վճարի, եթե այդ գումարն ինքն աշխատում է մեկ ամսում: Մյուս կողմից էլ մասնագետների համար դժվար է հրաժարվել դրսում օրական մինչեւ 250 եվրո վարձատրվող աշխատանքից: Այնինչ Հայաստանում նույն աշխատանքի համար մի քանի հազար դրամ են ստանում»,- ասում է Արեգ Թադեւոսյանը: Ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ ուսուցման այս համակարգի զարգացմանը խոչընդոտում է նաեւ այն թյուր կարծիքը, թե ոչ ֆորմալ կրթությունը եկել է փոխարինելու ակադեմիական ֆորմալ կրթությանը: Իրականում ուսուցման ոչ ֆորմալ մեթոդը ո°չ կարող է եւ ո°չ էլ կոչված է փոխարինելու մասնագիտական բարձրագույն կրթությանը: «Ոչ ֆորմալ կրթության մասին» հայեցակարգում մասնավորապես նշված է. «Ոչ ֆորմալ կրթության նպատակն է զարգացնել անձի քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային մասնակցությունը հանրային կյանքում, նրա կարողությունները, հմտությունները, արժեքային համակարգը եւ գիտելիքները, որոնք ձեռք են բերվում ֆորմալ կրթությունից դուրս կամ դրան համընթաց»: Սահմանումը հուշում է, որ կրթության այս համակարգում շեշտը դրվում է անձի ոչ այնքան մասնագիտական, որքան անհատական եւ թիմային աշխատանքի, ինքնադրսեւորման զարգացման վրա: Տեղեկատվական հասարակությունում ապրող երիտասարդին աշխատանքի անցնելու համար այսօր բավարար չեն մասնագիտական գիտելիքները: Բուհից սահուն կերպով աշխատանքի անցնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ձեւավորված է գիտելիքների որոշակի համակարգ: Գիտելիքներ, որոնք ձեռք են բերվում ֆորմալ կրթությունից դուրս: Ու թեպետ Հայաստանում արդեն կան խոշոր կազմակերպություններ, որոնք սեփական թրեյնինգ կենտրոններն ունեն, բայց եւ այնպես ոչ ֆորմալ կրթության զարգացումը դեռեւս պայմանավորված է դրա կարեւորությունը գիտակցող անհատների նախաձեռնություններով: Ոչ ֆորմալ կրթության նկատմամբ պատշաճ վերաբերմունք չեն դրսեւորում նաեւ ուսանողական կազմակերպությունները: Դրանց ներկայացուցիչների խոսքերով` իրենք գիտակցում են ոչ ֆորմալ կրթության կարեւորությունը, սակայն իրենց կազմակերպություններում հարցը երբեք լուրջ քննարկման առարկա չի դարձել: ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Կառլեն Խաչատրյանը նշում է, որ այսօր ԵՊՀ-ի ուսանողական կառույցները չեն իրականացնում ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր եւ ոչ էլ համագործակցում են այդպիսի ծառայություններ առաջարկող կառույցների հետ: Նա վստահեցնում է. «Դա չի նշանակում, թե մենք չենք կարեւորում ոչ ֆորմալ կրթակարգն ու դրա անհրաժեշտությունը ապագա քաղաքացու, գիտնականի, պարզապես լավ մասնագետի կայացման գործում: Պարզապես այդ հարցով դեռեւս զբաղվել չենք կարող»: «Թրեյներների ազգային թիմ» ՀԿ-ի նախագահ Արեգ Թադեւոսյանը վստահ է` ուսանողական կառույցների եւ ընդհանրապես երիտասարդների այդօրինակ վերաբերմունքն արդյունք է այն բանի, որ լիովին չի գիտակցվում հարցի կարեւորությունը. «Երբ երիտասարդն իր մաշկի վրա զգում է որոշ գիտելիքների պակասի բացասական հետեւանքները, կարողանում է ըմբռնել, թե որքան կհեշտանա ու ավելի արդյունավետ կդառնա իր աշխատանքն այլ պայմաններում: Այս դեպքում նա ոչ միայն պատրաստ է օգտվել ոչ ֆորմալ կրթության ծառայություններից, այլեւ վճարել դրա համար»: BSC դասընթացներ անցկացնող մասնավոր կազմակերպությունը գործում է 1994 թ-ից: Նաեւ ոչ ֆորմալ ուսուցում իրականացնող կազմակերպության ուսումնական ծրագրերի պատասխանատու Էլեն Մանուկյանը (ի դեպ, ոչ ֆորմալ կրթության մասին հստակ տեղեկություններ չուներ) նշեց, որ իրենց հաճախորդների բացարձակ մեծամասնությունն արդեն իսկ աշխատող եւ որոշակի հմտությունների կարիք ունեցող երիտասարդներ են: «Հաճախ դասընթացներն անցկացվում են կոնկրետ կազմակերպության աշխատակազմի համար, եւ վճարումն էլ կատարում է կազմակերպությունը, սակայն դրանք ավելի հաճախ առանձին անհատների նախաձեռնության արդյունք են: Նախաձեռնություն, որին համաձայնում է կազմակերպության ղեկավարությունը»,- ասում է նա: Ոչ ֆորմալ կրթության զարգացման գործում այսօր կարելի է նշել նաեւ որոշ ձեռքբերումներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մեր երկրում ոչ ֆորմալ կրթության դերի բարձրացմանը: Դրանցից առաջինը թերեւս ֆորմալ կրթություն-ոչ ֆորմալ կրթություն հարաբերության ընդգծված փոփոխությունն է: Այսօր արդեն հայաստանյան բուհերի մեծ մասում կիրառվում են ոչ ֆորմալ կրթության մեթոդներ: Որպես կանոն` դրանք իրականացվում են կոնկրետ դասախոսների նախաձեռնությամբ եւ կոնկրետ առարկաների ուսուցման շրջանակներում: Եւ հարկ է նշել, որ հայաստանյան բարձրագույն կրթությունն արդեն ոչ այնքան հակադրվում, որքան համագործակցում է ոչ ֆորմալ ուսուցման հետ, այսինքն`փոխլրացման քաղաքականության զարգացման միտումներն այս ոլորտում ակնհայտ են: Կրթական երկու համակարգերի միջեւ կապն ապահովելու, ապա եւ ամրապնդելու գործում շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրն իր գործառույթն ունի: Ոլորտի կարգավորման եւ զարգացման գործում անփոխարինելի է հատկապես պետության դերը: ՀՀ Կառավարությունն այս ոլորտում ամենակարեւոր քայլն արդեն արել է: «Հայեցակարգի ընդունումը մեծ ու խիստ կարեւոր քայլ էր ոչ ֆորմալ կրթության զարգացման գործում,- ասում է Արեգ Թադեւոսյանը,- հետխորհրդային եւ անգամ եվրոպական որոշ երկրներ չունեն այս ոլորտը կարգավորող որեւէ իրավական փաստաթուղթ: Սակայն հարկ է նշել, որ շուրջ 4 տարի առաջ ընդունված հայեցակարգն այդպես էլ պաշտոնական փաստաթուղթ է մնացել»: «Ոչ ֆորմալ կրթության կարեւորությունը գիտակցելով` դրա զարգացումը պետք չէ թողնել միայն հասարակական սեկտորի եւ խանդավառ անհատների վրա,- նշում է Ռուբեն Մարկոսյանը: -Վերջին հաշվով այդ խանդավառները կարող են նաեւ ոչինչ չանել: Ոլորտում լուրջ ձեռքբերումներ արձանագրելու համար պետական սեկտորը պետք է ստանձնի զարգացման պարտավորությունն ու ամեն կերպ խրախուսի շահագրգիռ կողմերին»: Ըստ հայեցակարգի` այն իրագործելու համար նախատեսված է նաեւ համապատասխան ռազմավարական ծրագրի մշակում: Արեգ Թադեւոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս փաստաթղթային բոլոր քայլերն արված են, կազմված են համապատասխան ծրագրերը, եւ թղթին գրվածն իրականություն դարձնելու ճիշտ ժամանակն է. «Ոչ ֆորմալ կրթության կարեւորությունը քարոզելու փուլն արդեն անցել է: Ոլորտը զարգացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու ժամանակն է»: