Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 08-12-2009
Երիտասարդներն ուզում են աշխատել
Մեր հանրապետությունում շուրջ 22.000 երիտասարդ այսօր զբաղվածության խնդիր ունի:
Մեր հանրապետությունում շուրջ 22.000 երիտասարդ այսօր զբաղվածության խնդիր ունի: Աշխատանք փնտրողների թվում երիտասարդների տեսակարար կշիռը 21.3% է: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության 2009 թվականի տվյալներով` այս թվի կեսից ավելին գործազուրկ են, մյուս կեսն էլ առաջին անգամ աշխատանք փնտրողներ են: Վերջին խմբի մարդիկ աշխատանքի համար դիմելիս շատ հաճախ գործատուի կողմից մերժվում են, քանի որ գործատուի պարագայում առաջնային են բարձրագույն կրթությունը, աշխատանքային փորձը եւ օտար լեզուների ու համակարգչի իմացությունը: Եւ բնական է, որ աշխատանք փնտրող 18-30 տարեկան երիտասարդները, չնայած համապատասխան մասնագիտական որակավորման առկայությանը, հաճախ չեն ունենում աշխատանքային փորձ: 22-ամյա Կարեն Ավագյանն ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը: Ուսումնառությունից հետո նա էլ շատերի նման փորձել է ըստ մասնագիտության աշխատանք գտնել, բայց… «Մասնագիտությամբ ես ապրանքագետ եմ: Դիմեցի Երեւանում գործող այն բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններին, որոնք թափուր տեղեր ունեին, սակայն պարզվեց, որ բոլոր տեղերում էլ ինձնից առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ են ուզում: Բայց ինչպե՞ս կարող եմ ես երեք տարվա փորձ ունենալ, եթե նոր եմ ավարտել, ու ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում»,- պատմում է Կարենը: Այսպիսի դեպքերում ավելի շահեկան վիճակում են գտնվում նրանք, ովքեր ուսանելու ընթացքում զուգահեռ աշխատել են կամ գոնե որեւէ մասնագիտական պրակտիկա անցել: Աշխատող ուսանողներն էլ իրենց հերթին հաճախ կանգնում են շահագործման վտանգի առաջ: Սա այն խումբն է, որը հեշտությամբ համաձայնում է ցանկացած պայմանների եւ համարվում է էժան աշխատուժ: «Քանի որ հաճախ գործատուն իրավական որեւէ փաստաթուղթ չի կնքում ուսանողի` այս դեպքում աշխատողի հետ, դժվարանում է վարձատրության խնդիրը: Իմ պրակտիկայում շատ են եղել այն դեպքերը, երբ գործատուն կատարված աշխատանքի դիմաց ոչ համարժեք գումար է վճարել կամ ընդհանրապես հրաժարվել է վճարելուց»,- ասում է իրավաբան Մարտուն Սարգսյանը: «Ես մի քանի ամիս աշխատում էի մի լրատվամիջոցում, բայց աշխատավարձ կամ հոնորար չէի ստանում: Ինձ ասում էին, որ դա ինձ համար պրակտիկա է, փորձի հնարավորություն»,- պատմում է ապագա լրագրող, երկրորդ կուրսի ուսանողուհի Աննան: Իրավաբան Մարտուն Սարգսյանը հիշեցնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ասում է, որ փորձաշրջանը եւս վարձատրվող աշխատանք է, ուստի երիտասարդներն իրենք պետք է առաջին հերթին տեր կանգնեն իրենց իրավունքներին: «Դա գալիս է մեր ցածր իրավագիտակցությունից ու օրենքների չիմացությունից»,- նշում է իրավաբանը: Երիտասարդների գործազրկության խնդիրն ունի մեկ այլ` հոգեբանական կողմ: Նրանք ուզում են աշխատել, բայց չգիտեն, թե` որտեղ: «Դա մեր ազգային մենթալիտետին բնորոշ մի գիծ է, երբ բոլորն ուզում են նախարար ու նախագահ լինել»,- ասում է հոգեբան Լուսինե Ստեփանյանը: Մյուս կողմից էլ պատրաստված մասնագետների ու պահանջվող մասնագիտությունների անհամապատասխանություն կա մեր երկրում: Գրեթե բոլոր պետական եւ ոչ պետական բուհերում տարեկան պատրաստվում են հարյուրավոր բանասերներ, միջազգայնագետներ ու տնտեսագետներ, այնինչ աշխատաշուկայում ավելի շատ բանվորների, խառատների ու խոհարարների կարիք կա: Իրականում վերոնշյալ մասնագետների մեծ մասն առանց աշխատանքի է մնում կամ աշխատում է ոչ իր մասնագիտությամբ: Խնդրի լուծումը ոլորտի մասնագետները տեսնում են բուհ-գործատու համագործակցության շրջանակում: «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ գործատուներն իրենք մասնակցեն կադրերի պատրաստման գործին, որպեսզի հետագայում աշխատանքի տեղավորման խնդիր մեր շրջանավարտները չունենան», - հավաստիացնում է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու հարցում ԵՊՀ-ին փորձում է օգնել նաեւ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը: Այստեղ հավաքվում են ԵՊՀ ֆակուլտետների շրջանավարտների տվյալները, եւ նրանց պարբերաբար տեղեկացնում են տարբեր կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերի մասին: Կենտրոնում նաեւ կազմակերպվում են սեմինարներ, թրեյնինգներ, որոնք միտված են շրջանավարտների մրցունակության բարձրացմանը: «Սկսած 2006 թ-ից մեր տվյալների բազայում գրանցված մոտ 6000 շրջանավարտների անուններ կան: Կենտրոնի օգնությամբ նրանցից շուրջ 250ևը նախորդ տարի աշխատանք են գտել կամ մասնակցել ստաժորային ծրագրերի»,- ասում է կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցը: Բացի Երեւանի պետական համալսարանից` կարիերայի կենտրոններ են գործում նաեւ Հայաստանի մի շարք բուհերում: Միայն թե ոչ բոլոր ուսանողներն են տեղյակ այդ կառույցների մասին: Նրանք հիմնականում օգտվում են աշխատանքի որոնման կայքերից ու թերթերի հայտարարություններից: «Մի քանի օգտակար կայքեր կան, որտեղ պարբերաբար թարմացվում է թափուր աշխատատեղերի ցանկը: Ես, օրինակ, հաճախ եմ օգտվում www.job.am, www.careercenter.am, www.list.am կայքերից ու մյուս աշխատանք փնտրողներին խորհուրդ եմ տալիս նույնպես օգտվել դրանցից: Իսկ թերթերի ու անցումներում փակցված հայտարարություններին այնքան էլ չեմ վստահում, որովհետեւ դրանք հիմնականում կադրային կենտրոններն են տարածում, եւ այնքան էլ հավաստի չեն»,- անկեղծանում է աշխատանքի փնտրման մեծ փորձ ունեցող 24-ամյա Վահագնը: Իրենց հարմար աշխատանք գտնելու եւ գործատուի հետ կապն ապահովելու հարցում պետությունը եւս փորձում է օգնել գործազուրկներին, այդ թվում` նաեւ երիտասարդներին: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (www.employement.am) միջոցով 2009 թվականի հունվարևսեպտեմբեր ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 6768 մարդ, որոնցից 1583-ը երիտասարդներ են: Գործակալությունն իր անվճար ծառայություններն է առաջարկում աշխատանք փնտրողներին եւ գործատուներին: Այն աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվություն եւ խորհրդատվություն է տրամադրում գործատուներին եւ առաջարկում գործատուի պահանջներին համապատասխան մասնագետներ, իսկ աշխատանք փնտրողներին տեղեկատվություն է տրամադրում թափուր աշխատատեղերի եւ զբաղվածության ծրագրերի վերաբերյալ, աջակցություն ցուցաբերում մասնագիտական կողմնորոշման եւ վերամասնագիտացման հարցում, ինչպես նաեւ նշանակում գործազրկության նպաստ: Մեր այն հարցին, թե ինչպես է իր մասին գործակալությունը տեղեկացնում երիտասարդներին, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը պատասխանեց. «Մենք մշտապես փորձում ենք ապահովել գործատու, գործազուրկ եւ գործակալություն կապը. դա անում ենք թե' ԶԼՄ-ների եւ թե' տարբեր հանդիպումների ու բուկլետների միջոցով: Արդյունքում վերջին 2-3 տարիների ընթացքում գործակալություն դիմող երիտասարդների թիվն էականորեն աճել է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ ավելի մեծ թվով երիտասարդներ են տեղավորվել աշխատանքի»: Ի վերջո, աշխատանք գտնելն այսօր ոչ միայն լուծում պահանջող խնդիր է, այլեւ արհեստ, որը ոմանց շատ հեշտ է տրվում, իսկ ոմանք այդպես էլ չեն կարողանում իրենց լավագույնս ներկայացնել: Խոսքը վերաբերում է հատկապես հաջող ու գրավիչ ինքնակենսագրության (CV, Resume) պատրաստմանը: Հոգեբանները խորհուրդ են տալիս ռեզյումե գրելիս չմոռանալ ոչ մի մանրուքի մասին: Նույնիսկ փոքրիկ մրցանակը, որ տարիներ առաջ ստացել եք մասնագիտական ինչևոր միջոցառման ժամանակ, կարող է գրավիչ լինել գործատուի համար եւ շահեկան լույսի ներքո ներկայացնել աշխատանք փնտրողին ու նրա որակները: Ջուլիետ Մաթեւոսյան