Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 25-11-2009
Մոռացված մասնագիտություններ կամ ու՞ր են նախկին «տեխնիկումները»
Ներկայումս բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների թվի հարաբերակցությունը խեղված է:
Ներկայումս բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների թվի հարաբերակցությունը խեղված է. 100 հազար ուսանողից 3/4-ը սովորում է բուհում, 1/4-ը՝ միջին մասնագիտական կրթօջախներում: Սա անբնական բաշխվածություն է, ինչը նշանակում է՝ Հայաստանում կրթական շուկան դեռ չի կայացել: Բանն այն է, որ եվրոպական միջին ցուցանիշները բոլորովին հակառակ պատկերն են արտացոլում. ավելի քիչ է բուհական կրթություն ունեցողների, քան միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը: Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տվյալների` այսօր Հայաստանում գործում է 110 միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատություն` շուրջ 34 հազար ուսանողով։ Այս հաստատությունները գործում են տարբեր գերատեսչությունների կազմում: Այսպես` ուսումնական 54 հաստատություններ գործում են Կրթության եւ գիտության, 10-ը` Գյուղատնտեսության, 3-ը` Մշակույթի, 2-ը` Սպորտի եւ երիտասարդության հարցերի, 1-ը` Էներգետիկայի նախարարությունների ենթակայության ներքո: Վարորդ, խոհարար, վաճառող, խառատ, բուժքույր, հաշվապահ… Խորհրդային տարիներին երիտասարդներն ընտրում էին այս մասնագիտություններն ու սովորում համապատասխան ուսումնարաններում: «Խորհրդային մասնագիտությունների» ու տեխնիկումների մասին բարի հիշողություններն այսօր էլ փորձում են կյանքի կոչել, սակայն այդ ճանապարհին կան դժվարություններ, որոնք հիմնականում հոգեբանական են: Այսօր բոլոր ծնողների երազանքն իրենց երեխաներին համալսարանական դիպլոմով ապահովելն է. անկախ այն բանից` այդ երեխան ինչ ընդունակություններ ունի եւ հետագայում կգտնի արդյոք աշխատանք իր մասնագիտությամբ: Այս իրողությամբ են թերեւս բացատրվում մեր հանրապետությունում մասնավոր համալսարանների առատությունը եւ միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատությունների անմխիթար վիճակը: «Կրթությունը՝ որպես տնտեսությանը սպասարկող համակարգ, պետք է պատրաստի ոչ միայն բարձրագույն որակավորում եւ կրթություն ունեցող մասնագետներ, այլեւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ կրողների, ովքեր ունեն միջին մասնագիտական կրթություն»,- ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի կարծիքով` այս հաստատությունների ցածր վարկանիշը պայմանավորված է հասարակության մեծամասնության` բուհական կրթություն ստանալու ցանկությամբ. «Մի տեսակ խեղում կա. ստացվում է, որ կարծես հանրակրթությունից միակ ճանապարհը դեպի բարձրագույն կրթությունն է»: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Նարեկն առաջին անգամ մեզանից տեղեկացավ, որ Հայաստանում գործում են նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: «Ես չեմ էլ պատկերացրել, որ բացի համալսարանից` ուրիշ տեղ կարող եմ սովորել: Իմ դասարանում բոլորն էլ պարապում էին` բուհ ընդունվելու համար: Բացի դրանից` ձեր ասած այդ հաստատություններում երեւի միայն մարզերի երիտասարդներն են սովորում»,- այսպես է կարծում Նարեկը, ով, ի դեպ, չի աշխատում իր մասնագիտությամբ: Միջին եւ նախամասնագիտական ուսումնական հաստատությունները պետք է բավարարեն աշխատաշուկայի պահանջները։ Մասնագիտական կրթությունն ինքնանպատակ չէ. այն պետք է հստակ պատվեր կատարի, իսկ պատվերը պետք է գա աշխատաշուկայից: Կրթության եւ գիտության նախարարությունում վստահեցնում են, որ այս ուղղությամբ արդեն որոշակի ձեռքբերումներ կան: Խոսքն այն մասին է, որ Արդյունաբերական պալատի եւ Գործարարների միության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է՝ կրթական բարեփոխումների գործում հաշվի առնել նաեւ գործատուի, աշխատաշուկայի եւ տնտեսության իրական պահանջները: Արդյունքում կլուծվի նաեւ արտադրական պրակտիկայի կազմակերպման կնճռոտ հարցը: 23 տարեկան Էդգար Չոբանյանն ավարտել է Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջը: Նրա խոսքերով` ուսումնառության երեք տարիների ընթացքում ինքը ձեռք է բերել հիմնականում տեսական` այն էլ հնացած գիտելիքներ: «Եթե տանը ես համակարգիչ չունենայի, ինձ համար դժվար կլիներ գործնականում յուրացնել տեսական նյութը: Հիմա աշխատում եմ որպես համակարգչային օպերատոր եւ կարող եմ ասել, որ լիովին տիրապետում եմ մասնագիտությանս: Այսինքն` միայն քոլեջի տված գիտելիքները բավարար չեն, պրակտիկան նույնպես շատ կարեւոր է»,- ասում է Էդգարը: Ուսումնասիրելով աշխատաշուկան` կարելի է վստահ եզրակացնել, որ որակյալ մասնագետների կարիք իսկապես կա: Այլ հարց է` արդյոք գործատուն կարեւորում է կադրի ստացած կրթությունը, թե` ոչ: 51-ամյա Ջեմմա Ոսկանյանը տարիներ առաջ ավարտել է Երեւանի առեւտրի ուսումնարանը եւ մինչ օրս աշխատում է իբրեւ վաճառողուհի: «Մեր ժամանակ առանց համապատասխան որակավորում ունենալու հնարավոր չէր որեւէ խանութում աշխատանք գտնել, իսկ այսօր, եթե ուզում ես աշխատել որպես վաճառողուհի, բավական է լինել 30 տարեկան ու մի քիչ էլ սիրուն տեսք ունենալ»,- փաստում է տիկին Ջեմման: Նախկին տեխնիկումները` ներկայումս քոլեջ վերանվանված, գրեթե էական ոչ մի փոփոխություն չեն կրել: Խորհրդային տարիներից ստացած ժառանգությունը եթե ոչ ֆիզիկապես, ապա բարոյապես հնացել է: Ինչ խոսք, որակյալ կրթություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է թարմացնել նյութատեխնիկական բազան, սակայն դրա համար առաջին հերթին ֆինանսական միջոցներ են հարկավոր։ Արդեն երեք տարի է՝ Եվրամիություն-Հայաստան համագործակցության ոլորտում իրականացվում է ընդլայնված ծրագիր, որի շրջանակներում ԿԳՆ-ին տրամադրվել է 15 մլն եվրո դրամաշնորհ։ Նախ, ըստ տարածքային անհրաժեշտության, ճշգրտվել են մասնագիտությունների ցանկերը, այնուհետեւ քայլեր են ձեռնարկվել շենքերի ֆիզիկական բարելավման, ուսումնական գույքի եւ լաբորատոր կահավորանքի ձեռքբերման ուղղությամբ։ Նշենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ ուսուցանվում է շուրջ 140 մասնագիտություն, որոնցից 54-ը 2009-2010 ուստարում որակական փոփոխություններ են կրել. դրանք ուսուցանվում են նոր չափորոշիչներով։ Նոր չափորոշիչների մշակմանը զուգահեռ` իրականացվել են նաեւ դասավանդողների եւ հաստատությունների վարչակազմերի վերապատրաստումներ։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» կողմից Երեւանի դպրոցներում անցկացվել է մասնագիտական կողմնորոշման բացահայտմանն ուղղված հարցում: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանի փոխանցմամբ` հարցմանը մասնակցած 1337 աշակերտների մեծ մասը նախընտրում է բժշկի, տնտեսագետի, ծրագրավորողի եւ իրավաբանի մասնագիտությունները: Աշակերտները, չտարբերելով մասնագիտությունը զբաղմունքից, ինչպես նաեւ ծանոթ չլինելով աշխատաշուկայի առաջարկին եւ պահանջարկին, կանգնած են հավանական սխալ կամ ոչ արդյունավետ ընտրության առջեւ, ինչի արդյունքում մեծ գումարներ ծախսելով` մի քանի տարի անց կարող են լրացնել գործազուրկ երիտասարդների շարքերը կամ աշխատել այլ մասնագիտությամբ: Պետք է նկատել, որ կրթության այս ոլորտում կա նաեւ այլընտրանքային տարբերակ` մասնավոր դասընթացները, որոնք հատկապես շատ են համակարգչային, հաշվապահական գործի, վարսահարդարի ու խոհարարի մասնագիտությունների համար: «Ես երկու ամիս խմորեղեն պատրաստել ու սեղան ձեւավորել եմ սովորել մի կնոջ մոտ: Դրա համար ամսական 20.000 դրամ էի վճարում, բայց վկայական չեմ ստացել»,- պատմում է 19-ամյա Ամալյան: Նրա եղբայրն էլ վարսահարդար է եւ այդ արհեստը յուրացնելով մասնավոր անձից` այժմ նրա հետ աշխատում է գեղեցկության նույն սրահում: Այսպիսով` անհատ վարպետներն ու տնային մասնավոր դասընթացները որոշակի չափով փոխարինում են միջին մասնագիտական ուսումնառությանը: Նորաստեղծ քոլեջներ, թե տասնամյակների պատմություն ունեցող ուսումնարաններ, պետական բուհեր, թե մասնավոր համալսարաններ. ընտրությունն ազատ է, իսկ ընտրողները` պատանիներ ու երիտասարդներ, ովքեր մի քանի տարի հետո կա°մ կհամալրեն գործազուրկների շարքերը, կա°մ կունենան համապատասխան աշխատանք: Որոշում կայացնելուց առաջ ընդամենը պետք է պարզել, թե որ մասնագիտություններն են ներկայումս առավել պահանջված, այլ ոչ թե` որոնք են «մոդայիկ»: Ջուլիետ Մաթեւոսյան