Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 18-03-2016
Փոփոխություններ` ակտիվության ակնկալիքով
Երիտասարդ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու պետական նպատակային ծրագրի պայմանները վերանայվել են` մի շարք բարելավումներ արձանագրելով:
Մարտի 17-ին կայացած ՀՀ Կառավարության նիստում ակտիվորեն քննարկվել էր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: Նշյալ քննարկման արդյունքում Կառավարությունը որոշում էր կայացրել նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություն եւ լրացում կատարելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր փոփոխությունները թույլ կտան պետական նպատակային ծրագրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ընդգրկել եւ նրանց մատչելի հիփոթեքային վարկեր տրամադրել: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի նշյալ փոփոխությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Պարոն Քարամյանը հակիրճ ներկայացրեց, թե ինչպիսի գործընթաց է նախատեսում փոփոխությունը. «Նախկինում հաճախ էր տեսակետ հնչում, թե երիտասարդ ընտանիքների պարագայում ամուսինների գումարային տարիքը, որը 60 տարեկանից չպետք է գերազանցեր, վերանայման կարիք ունի: Ըստ 2014 թ.-ին ընդունված արձանագրային որոշման` երիտասարդ ընտանիք է համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ ահա ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը: Սա էլ հիմք հանդիսացավ, որ նոր փոփոխությունը փաստական առումով էլ հիմնավորված լինի»: Ըստ Արսեն Քարամյանի` թեպետ հաճախ է հնչում նաեւ այն տեսակետը, թե իբր անշարժ գույքի շուկայում ներկայում շարժ չկա, սակայն սա ամենեւին էլ չի ազդել, որ գնանկում տեղի ունենա. «Փաստացիորեն անշարժ գույքի շուկայում գների մեծ անկում չկա: Հատկապես այս վերջին մեկ-մեկուկես տարիներին նկատել էինք, որ պետական նպատակային ծրագրի նոր շահառուների դինամիկան այլեւս նախկինը չէ: Կարծում ենք, որ այս վերջին փոփոխությունը մի փոքր ակտիվություն կբերի: Եթե հաշվի առնենք, որ վերանաշվել է նաեւ կանխավճարի հարցը, ապա հաստատապես ակտիվություն կնկատվի»: Այսպիսով, ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի` ուղիղ 5 տարով բարձրացնելով պետական նպատակային ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ լավ հնարավորություն կտրվի ծրագրում ընդգրկել ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների, որոնք դեռեւս ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, եւ նախկինում չեն կարողացել ընդգրվել հենց նշյալ կետին չհամապատասխանելու պատճառով: Սա, իհարկե, միակ դրական, խթանիչ ու սկզբունքային փոփոխությունը չէ.... «Ավելացվում է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, ներկայիս 16 մլն ՀՀ դրամն առաջարկվել է դարձնել 25 մլն ՀՀ դրամ, ինչը նոր հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն»,- նշեց Արսեն Քարամյանը, ում կարծիքով` սա եւս շատ սկզբունքային բարելավում է: Ի թիվս նշյալ փոփոխությունների` ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ Երեւան քաղաքում տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը նվազեցվելուն. այժմ այն, կախված անշարժ գույքի գնահատմատ ու գնման արժեքից, կտատանվի 10-30 տոկոսի սահմանում: «Եթե նախկինում ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը 11,2 մլն ՀՀ դրամն էր, ապա փոփոխությամբ այն դարձել է 17,5 մլն ՀՀ դրամ (ձեռք բերվող բնակարանի արժեքի 70 տոկոսը): Միայն թե սա այն պարագայում, եթե շահառուի բնակարանային արժեքը 25 մլն ՀՀ դրամ է կազմում: Եթե այն ավելի քիչ է կազմում, ապա հետեւաբար ավելի քիչ կլինի բանկերի կողմից պահանջվող կանխավճարը: Կարծում եմ, որ հենց այսօրվանից արդեն նոր մարդիկ կդիմեն եւ կօգտվեն պետական նպատակային ծրագրից: Ի դեպ, մենք պատրաստում ենք վերահրատարակել նաեւ ծրագրի շահառուների համար նախատեսված ծրագրային ուղեցույցը, որը նախկինում մեկ անգամ եւս վերահրատարակվել էր: Այդ ուղեցույցը պատրաստում ենք տրամադրել ծրագրի շրջանակում գործընկեր բանկերին եւ վարկային կազմակերպություններին, այնպես որ այս ծրագրի շահառուները հնարավորություն կունենան ծանոթանալու եւ հնարավորինս լավ հասկանալու ծրագիրը: Այդ նոր ուղեցույցը առկա կլինի նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում»,- ասաց նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը` լրագրողներին որոշակի թվական տվյալներ տրամադրելով «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի մասին.... Այսպիսով` 2010 թ.-ից մինչեւ այս տարվա մարտի 9-ը ներառյալ տրամադրվել է 2034 վարկ` ընհանուր 15 մլրդ 237 մլն ՀՀ դրամ դրամագլխով: Նշյալ վարկերից ուղիղ 966-ը տրամադրվել է Երեւանում, 1068-ը` մարզերում անշարժ գույք ձեռք բերելու համար: «Ինչպես ակներեւ է դառնում, մարզերում շարժը մի փոքր ավելին է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետությունն իր վրա ավելի մեծ պարտավորություն է վերցնում, եթե շահառուն բնակարան է ձեռք բերում մարզում: Տրամադրված դրամագլխի առումով, սակայն, Երեւանում բնակարան ձեռք բերած շահառուներին ավելի շատ գումար է տրամադրվել` 8.8 մլրդ ՀՀ դրամ, այնինչ մարզերի պարագայում վարկային դրամագլուխը կազմում է 6.4 մլրդ ՀՀ դրամ»,- հավելեց Արսեն Քարամյանը` պարզ համարելով սույն տարբերությունը. Երեւանում անշարժ գույքը մի քանի անգամ ավելի թանկ է: Վերջինս նշեց նաեւ, որ ներկայում պետական ծրագրին մասնակցում են ավելի քան 11 բանկեր եւ 3 վարկային կազմակերպությունները, ինչը լիովին բավարար է մրցակցային պայմաններ ստեղծելու համար: Ի դեպ, Արսեն Քարամյանը չմոռացավ նշել, որ իրենց կողմից իրականացված հարցումների եւ ուսումնասիրությունների միջոցով պարզել են, որ թեեւ վարկը տրվում է առավելագույնը 20 տարի ժամկետով (նվազագույնը` 10 տարի), սակայն հիմնականում ավելի շատ շահառուների հետ կնքվում են 10-12 տարվա վարկային պայմանագրեր. «Փորձը ցույց է տալիս, որ գրեթե 7 տարում վարկը մարվում է: Սա, անշուշտ, ուրախալի է: Եվ նշանակում է, որ անգամ այսպիսի կոսմետիկ լուծումն իսկապես անհրաժեշտություն է մեր հասարակության համար»: Արսեն Քարամյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ պետական նպատակային ծրագիրը ամենեւին էլ կյանքից կտրված չէ, հետեւաբար ապագայում եւս հնարավոր են մի շարք ավելի դրական փոփոխություններ. «Սա վերջին փոփոխությունը չէ: Երբ ծրագիրը 2010 թ.-ի սկզբին նոր էր հաստատվել, ընդամենը 6 ամիս անց մենք փոփոխություն առաջարկեցինք. մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար պետությունը պատրաստակամություն հայտնեց ավելի մեծ սուբսիդավորում իրականացնել: Դա իրականում շատ արդարացրեց իրեն»: Թե ինչքան միջին աշխատավարձ է անհրաժեշտ ծրագրի շահառու դառնալու համար, դեռեւս հայտնի չէ. համենայն դեպս Արսեն Քարամյանը չշտապեց թվեր ու հաշվարկներ հայտնել. «Ես կարծում եմ, որ 200-220 հազար ՀՀ դրամ ամսական եկամուտը կարող է բավարարել, սակայն սա հարց է, որը պետք է ուղղվի բանկերին: Կարծում եմ` առավելագույնը կլինի մինչեւ 300 հազար ՀՀ դրամ ամսական եկամուտ հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելը: Ուղղակի պետք է տեղեկացված լինել, որ ամսական վարկային պարտավորությունը այս պարագայում չպետք է գերազանցի միջին ամսական եկամտի 40 տոկոսը»: Ի դեպ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նշյալ փոփոխությունները առաջ էին քաշվել դեռեւս 2013 թ.-ի հոկտեմբերին, սակայն միայն ներկայում է հնարավոր դարձել այն կյանքի կոչել. «Պետք է գնահատանքի խոսքեր ասեմ ՀՀ վարչապետի, Ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի մասին: Առանց մեր համատեղ աշխատանքի հնարավոր չէր լինի կյանքի կոչել այս փոփոխությունը»: Ի հավելումն վերոնշյալի նշենք, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է առավելագույնը 10-11 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երեւանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 8-9 տոկոս), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 6-7 տոկոս): Հեղինակ` Ա. Տուրյան Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի