Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 15-03-2016
Զբոսանք ծավալների եւ գույների աշխարհում
Նրա նկարներում մարդն է, բնությունը, շրջակա միջավայրը՝ առանձնացված իրենց յուրահատուկ գույներով եւ ձեւով:
Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց երիտասարդ քանդակագործ, նկարիչ Ստելլա Գրիգորյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Այն «Զբոսանք» խորագիրն է կրում: «Իմ գեղանկարները ֆրանսիացի գեղանկարիչ եւ քանդակագործ Անրի Մատիսի ֆովիզմի ազդեցությունն են կրում: Խախտել եմ ավանդական գեղանկարչության բոլոր կանոնները՝ տարածություն, ծավալների խնդիր եւ այլն: Ես շեշտը դնում եմ գույնի վրա,- մեզ հետ զրույցում նշեց Ստելլան եւ հավելեց,- իմ նկարներում գույները տաք եւ սառն են, գորշ եւ ուրախ՝ նման մարդկային էմոցիաներին: Փորձել եմ «զբոսնել» ծավալների եւ գույների աշխարհում: Զբոսանքը, ըստ իս, հոգու եւ մարմնի ներդաշնակությունն է»: Ստելլան ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան, այժմ սովորում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Ուսանողական տարիներից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, այժմ հանդես է գալիս երկրորդ անհատական ցուցահանդեսով: «Ես վստահ եմ, որ տաղանդը բարությունն է, այլ ոչ թե այն, ինչի շնորհիվ ծնվում են ստեղծագործությունները»,- ասում է Ստելլան: Հավելենք, որ ցուցահանդեսի բացման արարողությունն ուղեկցվեց դաշնամուրային կատարումներով: Պատկերասրահ՝ Ստելլա Գրիգորյանի «Զբոսանք» ցուցահանդեսը Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի, Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի