Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 14-02-2016
Հայ երիտասարդները մշակում են զարգացման օրակարգ
Փետրվարի 13-ին բազմաթիվ ակտիվ հայ երիտասարդներ մեկտեղվել էին՝ համաշխարհային հրատապ թեմաների շուրջ բազմաբովանդակ քննարկումներ ծավալելու նպատակով:
«AIESEC» միջազգային երիտասարդական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «YouthSpeak» ֆորումն առաջին միջոցառումն էր, որը հայ երիտասարդության ուշադրությունը հրավիրում էր ՄԱԿ-ի կողմից վերջերս ընդունված Կայուն զարգացման նպատակներին: Այն Հայաստանի ամերիկյան համալսարանում միավորել էր թե՛ բազմափորձ, ավագ սերնդին եւ թե՛ երիտասարդ առաջնորդներին՝ ձեւավորելով բազմաբնույթ ու բազմասերունդ մի հարթակ, որտեղ պետք է մեկ օրվա ընթացքում քննարկվեին համաշխարհային հրատապ թեմաները: «AIESEC»-ի հայաստանյան մասնաճյուղի վաճառքների բաժնի ներկայացուցիչ, «YouthSpeak» ֆորումի կազմակերպչական հարցերով պատասխանատու Վաչե Սահակյանի խոսքով՝ այս միջոցառման գլխավոր նպատակն էր իրազեկել հայ երիտասարդությանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակների մասին. «Մեր նպատակի մասին տեղեկանալով՝ մի շարք կազմակերպություններ որոշեցին միանալ մեր նախաձեռնությանը, համագործակցել օգնել, որ առավել լավ միջոցառում անցկացնենք: Այսօր այստեղ են եկել երիտասարդներ, ովքեր ունեն հետաքրքրություն թեմաների վերաբերյալ, ցանկանում են առ առաջ տեղեկացված լինել ու տալիս են բազում հարցեր, ինչպես նաեւ բանախոսներ կան, ովքեր ցանկություն ունեն մեզ՝ երիտասարդներիս, ներկայացնել իրենց փորձը, գիտելիքը եւ ինչ-որ չափով կրթել, օգնել ու հուշել երիտասարդ սերունդին ճիշտ ապրելու մասին, որ ապագան ավելի կայուն լինի: Հատկանշական է, որ ֆորումի ընթացքում բանախոսությամբ հանդես են գալու խոսնակներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի ամենաճանաչված եւ նորարական ընկերությունները»: Երիտասարդական ֆորումի օրակարգը, ինչպես եւ ենթադրելի էր, բավականին հագեցած էր: Առավոտյան 9:00-ից մինչեւ երեկո երկու զուգահեռ քննարկումների հարթակ էր ստեղծվել. մի դեպքում զրույցը ծավալվում էր սոցիալական պատասխանատվությամբ, իսկ մյուս դեպքում՝ բիզնեսով հետաքրքրված երիտասարդների հետ: Կայուն զարգացման առաջին նպատակի՝ «Ոչ աղքատությանը» խնդրի շուրջ երիտասարդների հետ զրուցեց «World Vision Armenia» կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Սարգսյանը: Վերջինս որոշ տվյալներ հաղորդեց երիտասարդներին եւ ներկայացրեց նրանց դերն աղքատության դեմ պայքարի հարցում: «Երիտասարդությունն իսկապես ուժ է: Չի կարելի ասել, թե երիտասարդներիդ ձայնը լսելի չէ, քանի որ դեպքերը շատ են անգամ ՀՀ մարզերում, երբ իշխանությունները մեծ ցանկություն են հայտնում լսելու երիտասարդներիդ առաջարկությունները»,- ասաց «Ոչ աղքատությանը» թեմայի շուրջ բանախոսող Լիանա Սարգսյանը: Վերջինս երիտասարդների հետ խոսեց նաեւ նրանց դերի մասին՝ ընդգծելով, որ համախմբված կարելի է հասնել աղքատության նվազման: «Ոչ աղքատությանը» թեմային զուգահեռ բիզնեսով հետաքրքրված հայ երիտասարդների հետ Կայուն զարգացման 6-րդ նպատակի՝ «Մաքուր ջուր եւ սանիտարական պայմաններ» թեմայի մասին որոշակի ներածական նյութեր ներկայացնելուց հետո խոսեց ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Լուսինե Թասլաքյանը: Բանախոսը հայ երիտասարդների ուշադրությանը հրավիրեց մաքուր ջրի առկայության կարեւորությունը զարգացող երկրների համար՝ ներկայացնելով պետության դերակատարությունն այս հարցում: Թեման բավականին հետաքրքրել էր երիտասարդությանը, ինչի արդյունքում հնչեցին թե՛ սերտորեն թեմային առնչվող, թե՛ ֆորումին մասնակցող երիտասարդների հետաքրքրության շրջանակներից բխող բազմապիսի հարցեր: Արդյունքում ծավալվեց բազմաբովանդակ եւ ուսուցողական քննարկում ոչ միայն Կայուն զարգացման 6-րդ նպատակի, այլեւ դրան ինչ-որ կերպ առնչվող այլ հարցերի շուրջ: «Ինձ համար իսկապես հետաքրքիր միջոցառում է նախաձեռնվել: Մասնակցում եմ ինչ-որ տեղ գիտելիքներս հարստացնելու, որոշակիորեն ավելի տեղեկացված լինելու նպատակով: Կարծում եմ, որ այսօրինակ քննարկումները միանշանակ օգտակարության բավականին բարձր գործակից ունեն, հետեւաբար պետք է շարունակել երիտասարդությանը ներգրավել ամենատարբեր ոլորտներում, չէ՞ որ գալիք տարիներին մեզ է վիճակված լինելու որոշումներ կայացնելու, ընտրություն կատարելու իրավունքը, իսկ որքան տեղեկացված ես, լավ կրթված, նույնքան հեշտ է չսխալվելը, ճիշտ ընտրություն կատարելը»,- նշեց «YouthSpeak» ֆորումի երիտասարդ մասնակից Դավիթը, ով Ամերիկյան համալսարանի ուսանող է: Մինչեւ առաջին ընդմիջում երիտասարդներին ներկայացվեցին նաեւ Կայուն զարգացման 3-րդ («Առողջություն եւ բարեկեցություն») ու 12-րդ («Պատասխանատու սպառում եւ արտադրություն») նպատակները: «Առողջություն եւ բարեկեցություն» թեմայի շուրջ խոսեց սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը՝ երիտասարդներին ներկայացնելով առողջության ու երկարակեցության համար անհրաժեշտ քայլերը: Ըստ սննդաբանի՝ ակտիվ կյանք վարելն ու ճիշտ սնվելն օգնում են գրեթե 80 տոկոսով ավելի երկար ապրելու հարցում: «Շատ կարեւոր է, որ երիտասարդներդ ճիշտ սնվեք: Իհարկե, գուցե հաճախ նախընտրելի է մի բան ուտելը ոտքի վրա, սակայն այդ կերպ քայքայվում է ձեր առողջությունը: Շատ կարեւոր է, որ գիտակցեք, թե ինչով եք սնվում: Արդյո՞ք ձեր ընդունած սնունդն առողջարար է, դուք իրոք տեղյակ եք, թե ինչպիսի՞ սնունդ եք ընդունում»,- քննարկմանը հարցրեց սննդաբանը՝ իր հետ բերած զամբյուղից հանելով՝ սպիտակ հաց, կարտոֆիլ, շաքարավազ.... Ակտիվ հարցուպատասխանի ընթացքում՝ բանախոս, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը երիտասարդներին բազմաթիվ խորհուրդներ տվեց՝ հորդորելով առողջ սնվել եւ ակտիվ կյանք վարել: Ըստ Վարդանուշ Պետրոսյանի՝ տեղեկացվածությունը շատ կարեւոր է սննդի գնման հարցում, այնպես որ նախապես պետք է լավ ծանոթանալ սննդի բաղադրությանը, ապա նոր միայն մտածել այն օգտագործելու մասին: «Պատասխանատու սպառում եւ արտադրություն» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկած Վահրամ Միրաքյանը ներկայացրեց, թե ինչպիսին չպետք է լինի բիզնես՝ չմոռանալով նաեւ նշել այն քայլերը, որոնք կօգնեն զարգացնելու արտադրությունն առանց այլոց վնասելու: Այս դեպքում եւս քննարկմանը մասնակցող երիտասարդների կողմից բազմաթիվ հարցեր հնչեցին, որոնց բանախոսի կողմից տրված պատասխանները յուրօրինակ խորհուրդներ էին բիզնես ճիշտ կազմակերպման վերաբերյալ: Ֆորումի ընթացքում մեկ առ մեկ ներկայացվեցին Կայուն զարգացման մյուս նպատակները եւս, եւ առաջնային նպատակը, ըստ որի՝ պետք էր ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ կկարողանան իրենց մտքերը փոխանակել, նոր գիտելիքներ հաղորդել երիտասարդներին, կարծես թե ստացվեց: Երիտասարդական ֆորումի ընթացքում ձեռք բերել աշխարհն ավելի լավը դարձնելու նոր գաղափարներ տեսլականն ինչ-որ տեղ արդեն իրագործված էր: Ֆորումի մասնակիցները, ներկա գտնվելով ուսուցողական նիստերին, էլ ավելի իրազեկվեցին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների մասին, որոնք ըստ էության մինչ 2030թ. պետք է կառուցեն աշխարհի եւ Հայաստանի զարգացման օրակարգը: Պատկերասրահ՝ Youth Speak Forum Նյութը և լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի