Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-01-2016
«Հրանդ հաւատաց... Բայց կրակեցին…»
Համարձակ հոդվածների ու ելույթների պատճառով հայտնի պոլսահայ լրագրող, «Ակոս» երկլեզու թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը մեկ անգամ չէ, որ եղել է թուրք ազգայնականների հետապնդումների թիրախում:

Նրա դեմ քանիցս հարուցվել են քրեական գործեր: Դինքը շատ է մտածել երկրից հեռանալու մասին. անհանգստանում էր ընտանիքի անդամների համար: «Ես ունիմ իմ իրավունքը իմ հերոսությունը ընելու, բայց կ’րնա՞մ արդյոք զավակիս անունով ալ հերոսություն ընել»,- ասում էր, բայց շարունակում մնալ Թուրքիայում: Չէր կարող լքել. հարմարավետ կյանքն իր համար չէր:

«Դժոխքի կրակները թողած՝ պատրաստի դրախտում հանգրվանելը չէր համապատասխանում իր էությանը: Նա դժոխքը դրախտի վերածելու հավակնության տեր էր»:

Դինքն ուզում էր մնալ այդ երկրում: Նա նաեւ պատասխանատվություն էր զգում ժողովրդավարության համար պայքարող եւ իր թիկունքին կանգնող հազարավոր մարդկանց նկատմամբ: Մեծ մտավորականն իրեն չէր տարանջատում ո՛չ Թուրքիայից, ո՛չ Հայաստանից, հետեւաբար շահագրգռված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Ինչպես ինքն էր ասում՝ դրանք անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից: Դինքը թուրք հասարակության ժխտողական կեցվածքն էլ չէր քննադատում. վստահ էր, որ չընդունելու պատճառն անտեղյակությունն է: Դժվարությամբ հիմնված «Ակոսը» նաեւ նրանց համար էր: Հրանտ Դինքն իր պարտականությունն էր համարում իրազեկել մի բանի մասին, որը երկրի քաղաքացիներից թաքցնելու համար կառավարությունը տարեկան ծախսում է միլիոնավոր դոլարներ:

«Ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը։ Որովհետեւ նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, եւ այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»,- լրագրողը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառներից մեկը որոշ մարդկանց դեպքում դա էր համարում:

Դինքին կյանքի վերջում մեղադրեցին «թուրքերի ազգային ինքնասիրությունը նվաստացնելու» մեջ եւ բանտարկեցին: Պատճառը նրա սխալ հասկացված հոդվածն էր: Հրանտ Դինքը դիմեց դատական տարբեր կառույցների, բայց արդարությունը նրա կողմից չէր: Այնուամենայնիվ, մտավորականի համար ամենածանրն ազատազրկումը չէր, այլ մարդկանց կարծիքը:

«Դուք գիտե՞ք, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը: Գիտե՞ք: Մի՞թե երբեւէ աղավնի չեք տեսել»:

Իրեն համեմատում էր աղավնու հետ եւ վստահ էր, որ այդ երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս, բայց նաեւ մտավախություն ուներ. «Հավանական է, որ 2007 թ.-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի: Կշարունակվեն դատավարությունները, նոր գործեր կհարուցվեն իմ դեմ: Ո՞վ իմանա՝ ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ»:

Խմբագիրն անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ հենց այդ տարվա սկզբին անարդարությունը կհասնի իր գագաթնակետին, եւ գործ կհարուցվի ոչ թե իր, այլ իրեն սպանողի դեմ…

Աղաւնիները համոզեցին, ըսին որ իրենց վրայ չեն կրակեր. Հրանդ հաւատաց։ Թէպէտ երկչոտ՝ հաւատաց թէ աղաւնի մըն է: Բայց կրակեցին: Զահրատ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին հարազատ թերթի՝ Շիշլիում գտնվող խմբագրատան առաջ հետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Ենթադրվում է, որ հանցագործությունը կատարվել է ազգային հողի վրա:

Կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալեց 17-ամյա Օգյուն Սամասթին: Վերջինս առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանեց իր մեղքը։ Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում շատերը համարձակվեցին բարձրաձայնել, որ հայ են: Բայց նրա սպանությունը սթափեցման կոչ էր ոչ միայն մեր հայրենակիցների, այլեւ մեծ թվով թուրքերի համար: Նրանք հայերի հետ ոտքի ելան եւ մասնակցեցին բազմահազարանոց սգո երթերին: Եվ այստեղ խնդիրն ազգային չէր. մարդիկ բողոքում էին անարդարության, խոսքի ազատության սահմանափակման դեմ: Խնդիրներ, որոնք Թուրքիայում մինչ օրս լուծում չեն գտել:

«Հրանտ Դինքը ստիպեց աշխարհին ավելի բաց հայացքով նայել։ Հրանտ Դինքից առաջ ես պարզապես հայկական ծագում ունեի, իսկ հիմա ես հայ եմ… Սկսել եմ հայերեն սովորել… Հրանտ Դինքը շատ կարեւոր է հորս եւ մորս համար։ Նրանք շատ են փոխվել… Առաջին անգամ խոստովանեցին. «Մենք փոխել ենք մեր ազգանունը, որ դու որեւէ խնդիր չունենաս…»: Հիմա, երբ խոսում ենք, հորս աչքերը արցունքով են լցվում, եւ նա նույնիսկ ասում է. «Կարծում ես՝ պետք է վերականգնե՞մ իմ ազգանունը…»»: Լեյլա Նեյզի