Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 14-01-2016
2016 թ.-ին երիտասարդական խոշոր ծրագրերի պակաս չի լինի
Նոր տարում պետական կառույցներում աշխատանքը սկսվել է հաշված օրեր առաջ, սակայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում արդեն նոր ծրագրեր են մշակվել:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ նախարարությունում մի քանի օր է` մեծ թափով նոր ծրագրեր են քննարկվում: Նշյալ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այս տարի առաջին անգամ կիրականացվի նախադեպը չունեցող «Հարյուր գաղափար Հայաստանի համար» ծրագիրը: «Վերջին տարիներին Հայաստանում բավականաչափ առաջընթաց է գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն մեր առօրյա կյանքը միայն IT-ով չէ պայմանավորված: Նպատակ ունենալով Հայաստանի տարբեր անկյուններից նորարարական գաղափարներ ստանալ, մեկտեղել, համակարգել եւ նպաստել դրանց իրականացմանը` այսօր ուզում եմ հայտարարել, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ միայն ֆինանսապես է օժանդակելու նորարարությանը: Նախարարությունը իր ուժերի ներածին չափով կօգնի, որ 100-ից գոնե լավագույն 3-4 նորարարական գաղափարները, որոնք անմիջական ազդեցություն կունենան մեր երկրի քաղաքացիների ավելի բարեկեցիկ կյանքի համար, իրականություն դառնան»,- նշեց Արսեն Քարամյանը` հավելելով, որ առաջարկվելիք 100 գաղափարները պետք է տարբեր ոլորտներում հնարավորինս առավել մրցունակ դարձնեն հանրային կյանքը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի կարծիքով` մարդկային կապիտալը մեր երկրի ամենակարեւոր հարստությունն է այսօր, եւ պետք է ամեն ինչ անել` խթանելու հայ երիտասարդությանը, որպեսզի վերջինս հանդես գա այնպիսի նորարարական գաղափարներով, որոնք իրենց էությամբ մրցունակ կլինեն ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի կտրվածքով. «Ընդհանրապես եթե ոչ երիտասարդները, ապա է՞լ ովքեր պետք է հանդես գան նորարարական առաջարկներով: Ես վստահ եմ, որ մեր երիտասարդությունը ներուժ ունի, ես չեմ կասկածում, որ կլինեն ոչ թե 100, այլ 120-150 գաղափարներ, սակայն պետք է նաեւ իրատես լինել. ոչ բոլոր գաղափարներն իրենց մեջ կունենան նորարարության տարր: Չեմ կարծում, թե ընդհանրապես նորարարությամբ հանդես գալը հեշտ է»: Արսեն Քարամյանի խոսքով` նախարարությունը՝ որպես պետական երիտասարդական քաղաքականությունը համակարգող հիմնական մարմին, մտածում է, որ հայ երիտասարդներից իսկապես կարելի է ու պետք է ակնկալել այնպիսի նորարարական գաղափարներ, որոնք մեր կյանքն իսկապես ավելի բարեկեցիկ կդարձնեն. «Չունենալով հանքահումքային հսկայական պաշարներ` մեզ մնում է հնարավորինս ճիշտ աշխատել մարդկային գործոնի զարգացման ուղղությամբ: Սա է մեր որդեգրած ճանապարհը: Հանքահումքային շուկայում վերջին ֆինանսատնտեսական վայրիվերումները, մասնավորապես նավթի գների կտրուկ եւ շարունակական անկումը ցույց են տալիս, որ մարդկային կապիտալն անփոխարինելի է: Այդ ճանապարհով մենք կարող ենք կայուն զարգացում գրանցել: Անկասկած, վերջին տարիներին մեր երկիրը նորարարության ոլորտում մի շարք հաջողություններ է գրանցել, բայց այդ հաջողությունները մեծ մասամբ վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաներին: Նոր մեկնարկած մեր այս ծրագրի օգնությամբ մրցութային հիմունքներով Հայաստանի տարբեր ծայրերից ընտրվելու են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրագործելի գաղափարներ»: Հատկանշական է, որ «Հարյուր գաղափար Հայաստանի համար» ծրագրի վերաբերյալ այսօրվա դրությամբ շատ մանրամասներ ու մրցութային նրբություններ պարզ չեն: Միայն երկրորդ եռամսյակի սկզբին` ապրիլի ընթացքում, մրցույթի մասին կհայտարարվի, եւ հանգամանորեն կներկայացվեն բոլոր չափորոշիչներն ու պայմանները: Ընդ որում՝ նախարարությունն ակնկալում է երիտասարդների բավականին ակտիվ մասնակցություն: «Ես ուղղակի կոչ եմ անում հայ երիտասարդությանը ակտիվորեն ներգրավվել եւ մասնակցել ծրագրին: Ապրիլից շատ բան արդեն հայտնի կլինի, իսկ մենք մեր հերթին կփորձենք օժանդակել տաղանդավոր գաղափարների զարգացմանը եւ կիրարկմանը մեր իրականությունում: Կարծում եմ, որ հաջողության դեպքում մենք փոքրիկ հաղթանակներ կգրանցենք, որոնք մեզ չափազանց անհրաժեշտ են: Շատերս մտածում ենք միայն մեծ ու խոշոր հաղթանակների մասին, սակայն հենց այսպիսի փոքր քայլերից սկսելով` մենք կարող ենք մեծ նպատակների ու հաղթանակների հասնել»,- նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը` փաստելով, որ հաճախ է պատահում, երբ գումար է ի հայտ գալիս, սակայն լավ գաղափար չի լինում, ինչն էլ հանգեցնում է ճգնաժամի: Տվյալ դեպքում, ըստ Արսեն Քարամյանի, նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի մշակի պատշաճ ծրագիր` նորարարական գաղափարներին հանրային կյանքի բազմապիսի, նույնիսկ մշտապես զարգացում եւ աճ գրանցող IT ոլորտում կիրարկվելու հնարավորություն տալով: Արսեն Քարամյանի դիտարկմամբ` Հայաստանում գումարներ կգտնվեն իրական նորարարությունը կյանքի կոչելու համար, այնպես որ ֆինանսական աջակցությունը մտահոգության տեղիք չպետք է տա ծրագրի մասնակիցներին: Նախարարի տեղակալը նշեց նաեւ, որ անցած տարի Հայաստանը նախագահում էր ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերի խորհրդում: Նախարարության ջանքերի շնորհիվ նորարարության մրցույթի գաղափարը ներկայացվել է նաեւ ԱՊՀ հարթակում: Մասնավորապես այս տարի կրկին առաջին անգամ կիրականացվի «Հարյուր գաղափար ԱՊՀ երկրների համար» նախագիծը. «Կարծում ենք, որ ներազգային այս նոր ծրագիրը լուրջ նախապատրաստական փուլ կհանդիսանա նաեւ միջազգային հարթակներում ներկայանալու համար: Եվ քանի որ Հայաստանը դերակատարում ունի Եվրասիական տնտեսական միության կազմում, բնականաբար, չի կարելի անմասն մնալ այդ կառույցի հետագա զարգացման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելուց` փորձելով հնարավորինս ներգրավվել նաեւ այդ հարթակում»: «Հարյուր գաղափար Հայաստանի համար» ծրագրի շրջանակում ուշադրություն կդարձվի նաեւ մարզային կյանքում դրական փոփոխություններ բերող նորարարությանը: Ըստ Արսեն Քարամյանի՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը վերջին երկու տարիներին բավականին մարզակենտրոն քաղաքականություն է վարում: Այդ քաղաքականության վառ օրինակներից է, ըստ նախարարի տեղակալի, «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, որին, մայրաքաղաք Երեւանից բացի, կարող են մասնակցել հանրապետության մյուս քաղաքները: «Այդ ծրագրի համար հատկացվում է պետական երիտասարդական քաղաքականությանը տրամադրված բյուջեի 20-25 տոկոսը: Մեր բյուջետային միջոցների մի մասն ուղղում ենք դեպի մարզեր: Նախկինում նման բան չի եղել: Օրինակ՝ Սիսիան քաղաքում, որն առաջինն էր ճանաչվել որպես երիտասարդական մայրաքաղաք, իրականացվել է շուրջ 61 մլն դրամի ծրագիր, անցած տարի՝ 2015 թ.-ին, Ստեփանավանում՝ մոտ 52 մլն դրամ: Այս տարվա երիտասարդական մայրաքաղաքը Գյումրին է: Այն բավականին յուրահատուկ քաղաք է իր մշակութային ավանդույթներով, սպորտային որոշակի հաջողություններով: Երեկ մենք աշխատանքային խորհրդակցություն ենք անցկացրել Գյումրիի փոխքաղաքապետի եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ: Մեզ մնում է միայն աջակցել նրանց: Գյումրիի պարագայում մենք ավելի շուտ հանդես ենք գալու ուղղակի օժանդակողի, քան կազմակերպչի դերում: Քաղաքը բավականին մեծ ներուժ ունի ծրագրերը կյանքի կոչելու առումով»,- ասաց Արսեն Քարամյանը՝ հավելելով, որ Գյումրիում սպասվում է բավականին հագեցած ծրագիր. միջոցառումների ցանկը հրապարակվելու է առաջիկայում, սակայն այսօր հայտնի է, որ իրականացվելու են տարաբնույթ միջոցառումներ՝ մշակութայինից մինչեւ մարզական: Արսեն Քարամյանը լրագրողներին ներկայացրեց նաեւ որոշակի տվյալներ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի վերաբերյալ: Այս դեպքում տարին Հայաստանում էականորեն տարբերվելու է նախորդներից, քանի որ երիտասարդ ընտանիքների համար բազմաբնակարան համալիրների շինարարության սոցիալական ծրագրի շրջանակում Երեւանի Ավան վարչական շրջանում շահագործման կհանձնվի ամենամեծ համալիրը, որը կազմված է ավելի քան 500 բնակարանից: «2008 թ.-ից իրականացվող բնակարանաշինության սոցիալական այս ծրագրի շրջանակում մենք նաեւ երկու հիմնարկեք կունենանք՝ ի դեմս «Ավան-5» եւ «Զեյթուն-3» նախագծերի: Եթե առաջին նախագծի դեպքում մենք կունենանք բազմաֆունկցիոնալ բազմաբնակարանային համալիր՝ շուրջ 140 բնակարաններով, ապա երկրորդի դեպքում կլինի մոտ 280 բնակարան: Կարելի է ասել, որ ծրագիրն այս տարի իր գագաթնակետին է հասնում. կլինեն մեկ համալիրի հանձնում եւ երկու մեկնարկեք»,- ասաց Արսեն Քարամյանը՝ հավելելով, որ բոլոր բազմաբնակարան համալիրները պետք է շահագործման հանձնված լինեն 2018 թ.-ին, քանի որ այդ տարի կամփոփվի 10 տարում իրականացված եւ իր տեսակի մեջ բավականին ինքնատիպ սոցիալական պետական ծրագիրը: Հատկանշական է, որ նոր բազմաբնակարանային համալիրների շահառուների թվում կլինեն երիտասարդ (մինչեւ 35 տարեկան) պետծառայողներ, քաղծառայողներ, բանկային ոլորտի միջին դասի աշխատողներ, մանկավարժներ, դասախոսներ, բժիշկներ, ինչպես նաեւ երիտասարդ ընտանիքներ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել արդեն իրականացված սոցիալական ծրագրից: Հավելենք նաեւ մեկ կարեւոր փաստ. «Զեյթուն-3» նախագծի շահառուների մրցույթը դեռեւս իրականացված չէ, այնպես որ դեռեւս պետական այդ ինքնատիպ ծրագրի շահառու դառնալու իրական հնարավորություն կա: Լրագրողների հետ հանդիպման վերջում Արսեն Քարամյանը նշեց, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2016 թ.-ի ամբողջ ընթացքում կշարունակի ակտիվորեն իրականացնել նաեւ բազմապիսի այլ ծրագրեր, որոնց մասին հանրությանն անպայմանորեն կտեղեկացվի: Երիտասարդական ու մարզական ծրագրերը կիրականացվեն ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ մայրաքաղաք Երեւանում: Հեղինակ՝ Հարություն Ծատրյան, Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի