Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 25-12-2015
«Երիտասարդական մրցանակաբաշխություն - 2015»
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Երիտասարդական մրցանակաբաշխություն - 2015» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների պարգեւատրման արարողությունը:
Այս մրցույթի արդյունքներն ամփոփել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով ստեղծված «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2015» մրցութային հանձնաժողովը: Կազմակերպությունների ընտրությունն արվել է նախարարության աջակցությամբ իրականացված ծրագրերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների հիման վրա, ինչպես նաեւ հաշվի է առնվել իրականացված ծրագրերի նպաստը համայնքային զարգացման եւ հասարակական կյանքին երիտասարդների մասնակցության գործին: Խրախուսական մրցանակներ եւ վկայագրեր տրվեցին 2015 թվականի ընթացքում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրենց լավագույնս դրսեւորած տասնչորս երիտասարդական հասարակական կազմակերպություններին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում լավագույն ծրագրեր իրականացրած երիտասարդական հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ պետական երիտասարդական քաղաքականության շրջանակում լավագույն ծրագրեր իրականացրած երիտասարդական հասարակական կազմակերպություններին: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ տարին շատ հագեցած էր: 2015 թ.-ին նախարարությանը եւ հասարակական կազմակերպություններին հաջողվեց իրականացնել մի շարք ծրագրեր, սակայն այդքանով ոչինչ չի սահմանափակվում: Այս տարի երիտասարդության մայրաքաղաք էր հռչակվել Ստեփանավանը, որտեղ էլ տեղի երիտասարդական հասարակական կազմակերպությունները նախարարության հետ հնարավորություն ունեցան իրականացնելու մի շարք ծրագրեր, սեմինարներ, դասընթացներ՝ այդ կերպ երիտասարդների շրջանում ապահովելով ակտիվությունը: Մրցանակները հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Ներկա երիտասարդներն էլ շնորհակալություն հայտնեցին նախարարությանը մշտապես աջակից լինելու եւ երիտասարդների առաջարկները կյանքի կոչելու համար, ավելին՝ նրանք կարծում են, որ մի շարք հաստատությունների համար Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը պետք է օրինակ լինի: Նարեկ Վարչամյանը «Տավուշի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն է: Նարեկն ուրախությամբ է նշում, որ իրենց մարզում երիտասարդները շատ ակտիվ են ու նախաձեռնող, եւ երիտասարդներին ներգրավելու խնդիր չկա: «Ես կարող եմ ասել, որ Տավուշի մարզի երիտասարդները բավականին պատրաստակամ են ծրագրերում ներգրավվելու առումով, որոշակի ֆինանսական միջոցներ լինելու պարագայում շատ ու շատ խնդիրներ հնարավոր կլինի լուծել ավելի հեշտ տարբերակով»,- ասում է հասարակական կազմակերպության նախագահը եւ հավելում՝ այս տարի Տավուշում իրականացվել է մի ծրագիր, որի շնորհիվ երիտասարդներն աշխատաշուկայի նրբությունների մասին ավելին իմանալու հնարավորություն են ունեցել: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ փոխնախարար Արսեն Քարամյանը խորհրդանշական բանալին Ստեփանավանից փոխանցեց Գյումրիին: Գալիք տարի ակտիվ է լինելու Գյումրին. «Հունվար ամսին մենք Գյումրի քաղաքի պատասխանատուների եւ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ խորհրդատվություն ենք հրավիրելու նախարարությունում, քննարկելու ենք նախարարության կողմից ներկայացված պլանը, որը հարստացնելու ենք հնչած առաջարկություններով»: Փոխնախարարը կարծում է՝ Գյումրին իր ներուժով բացառիկ հնարավորություններ ունի նախարարության ծրագրին նոր շունչ տալու համար: Արսեն Քարամյանը, օգտվելով առիթից, շնորհավորեց ներկաների Ամանորը՝ մաղթելով ամենալավն ու բարին: Պատկերասրահ՝ Պարգեւատրվեցին 2015-ին լավագույնս աշխատած ՀԿ-ները Նյութը՝ Մարիամ Հովունու Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի