Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 11-12-2015
ՀԿ ներկայացուցիչները հարստացրին իրենց գիտելիքները
Ավարտվեց հասարակական կազմակերպությունների համար նախատեսված դասընթացը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը դեկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում կազմակերպել էր դասընթաց-սեմինար հատուկ հասարակական կազմակերպությունների համար: «Ուսուցման կազմակերպում՝ ուղղված երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների եւ հմտությունների զարգացմանը» ծրագրի շրջանակում մասնակիցներին ներկայացվեցին ծրագիր գրելու հմտությունները, եղանակները, արդյունավետ եւ սահմանված չափանիշներին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման եւ ներկայացման ձեւերը: «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» (ՊՈԱԿ) տնօրեն Դավիթ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկօրյա դասընթացին մասնակցեցին 60 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. «Պետք է նշել, որ դասընթացին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր տիրապետում էին այդ հմտություններին, կային նաեւ ՀԿ-ներ, որոնք նոր են, ուստի չէին տիրապետում որոշ հմտությունների»: Դասընթացավարները մանրամասն տեղեկատվություն են տրամադրել նաեւ դրամաշնորհային ծրագրերի բյուջեների, հաշիվների կազմման վերաբերյալ: Գագիկ Գաբրիելյանը 25 տարեկան է, նմանատիպ դասընթացներին մեծ կարեւորություն է տալիս, սակայն ցավով է նշում՝ դասընթացները լինում են կարճաժամկետ, իսկ ասելիքը՝ շատ: Գագիկը ներկայացնում է «Շուշան» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է Եղեգնաձորի հաշմանդամ երեխաների կրթության կազմակերպմամբ. «Այս օրերի ընթացքում մեզ ներկայացվեցին դրամաշնորհային ծրագրերի հայտերի ճիշտ ներկայացման ձեւերը, հաշիվների կազմումը: Այն գիտելիքները, որ ստացանք այս երկու օրվա ընթացքում, իհարկե կարեւոր են, մնում է դրանք կիրառել»: Լիանա Նիկոլյանն էլ Գյումրիից է: Մասնակիցը խոստովանում է՝ ստացած գիտելիքներն անչափ կարեւոր են, քանի որ իրենց կազմակերպությունը նորաբաց է. «Մի քանի ամիս է, ինչ ծավալում ենք մեր գործունեությունը, իրականում դեռ ոչ մի ծրագիր չենք ներկայացրել, ուստի այս սեմինարը մեզ հնարավորություն տվեց ձեռք բերելու գիտելիքներ, որոնք ապագայում մեզ անհրաժեշտ են լինելու»: Լիանան ներկայացնում է «Լոտուս» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է Գյումրիում ակտիվացնել երիտասարդական կյանքը: Մասնակիցն ուրախ է՝ դասընթացի շրջանակում կարողացավ իրեն հուզող հարցերն անձամբ ուղղել ոլորտի մասնագետներին: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվեցին վկայականներ: Պատկերասրահ՝ Դասընթաց - սեմինար ՀԿ-ների համար Նյութը՝ Մարիամ Հովունու Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի