Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 29-11-2015
5-ից 15-րդ դարերի հայկական շարականները՝ ժամանակակից ձեւով
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված՝ Պետրոս Շուժունյանի ստեղծագործություններն արդեն ձայնագրվել են:
Այդ ստեղծագործությունների հիմքում ընկած են 5-15-րդ դարերի հայկական շարականները, որոնք ներկայացվում են ժամանակակից երաժշտական ոճով: Մոնրեալաբնակ երաժիշտ-երգահանի չորս նոր լարային քառյակների ձայնագրությունը կատարվել է «Մոլինարի» լարային քառյակի հետ (Մոնրեալ, Կանադա): «Այս ամենի միջոցով դու փաստում ես, որ եղել ես, կաս ու պիտի դեռ շատանաս, նույնիսկ եթե 10 000 կմ հեռու ես քո երկրից: Գրեթե 40 տարի է, ինչ այստեղ եմ՝ Մոնրեալում: Իմ անպարտելի հայկական երաժշտության նվիրումն է, որ օտարները գնահատում են այստեղ: Նրանք ինձ միշտ ասել են, որ մեզ պետք է, որ դու հայկական երաժշտություն գրես, որպեսզի մեր մշակույթը հարստացնես»,- ասում է Պետրոս Շուժունյանը: Նրա խոսքով՝ դրսում նմանօրինակ ծրագրերի իրականացումն իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ այդ ամենը հոգեկան եւ նյութական մեծ ներդրումներ է պահանջում, սակայն երգահանը փաստում է, որ այդ ամենն ասես մեր մշակութային վերելքը, վերապրումը լինի արտասահմանում: «Ժողովուրդներն իրենց արվեստով են վկայում իրենց ժողովուրդ լինելը: Մենք օսմանցիների տիրապետության տակ լինելուց հետո շատ-շատ բացերի, բացթողումների մեջ ենք: Մեզ չեն թողել արտադրել: Մի վայրկյան պատկերացրե՛ք, եթե Կոմիտասն էլ չլիներ… Անշուշտ, խորհրդային օրերը մեզ որակյալ թթվածին են տվել, բայց դեռ շատ գործ կա անելու»,- նշում է Պ. Շուժունյանը: Մոնրեալաբնակ երգահանի՝ 5-ից մինչեւ 15-րդ դարերի հայկական շարականները ժամանակակից ձեւով ներկայացումը ձայնագրվել է «Molinari» լարային քառյակի (www.quatuormolinari.qc.ca) եւ «ATMA CLASIQUE» (www.atmaclassique.com) ձայնագրման ստուդիայի հետ համատեղ, որոնք մեծ ճանաչում ունեն Եվրոպայում: Հ.Գ.: Հիշեցնենք, որ Պետրոս Շուժունյանի «Պատարագ եւ հոգեհանգիստ 2015» ստեղծագործությունը՝ նվիրված 1915 թ.-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, առաջին անգամ համացանցով սփռվեց այս տարվա սեպտեմբեր ամսին: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձոնված այդ ստեղծագործությունը Պետրոս Շուժունյանի շուրջ հինգ տարվա աշխատանքի արդյունքն է: Այդպիսի մեծ տարողությամբ երգչախմբային գործ հայկական երաժշտության մեջ առաջինն է, որ կատարվեց: Ստեղծագործությունը կատարեց Մոնրեալի «Սենթ Լորենս» երգչախումբը, որը բաղկացած է մոտ 100 կանադացի երգիչներից: