Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 15-11-2015
Հայաստանը ամենանորարար երկրների շարքում…
Քննարկման առանցքում ինովացիան եւ ձեռներեցությունն էին, ինչպես նաեւ նորաստեղծ ընկերություններն ու նորարարությունները:
Նոյեմբերի 13-ից 14-ը Դիլիջանում անցկացվեց Բիզնես ինովացիոն ֆորում, որին մասնակցում էին հայաստանյան եւ օտարերկրյա տեխնոլոգիական, կրթական եւ ինովացիոն ոլորտի շուրջ 200 ներկայացուցիչներ: Ֆորումը «Հայաստան 20.18-2018՝ Հայաստանը ամենանորարար երկրների շարքում» խորագիրն էր կրում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը եւ այլք: Ինովացիոն ֆորումին իր փորձով կիսվելու էր եկել նաեւ Իսրայելի Թել Ավիվի համալսարանի StartTau ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրեն Ելենա Դոնթեսը: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նմանօրինակ միջոցառումների անցկացումը փորձի փոխանակման ու գործարար կապեր ստեղծելու մեծ նախադրյալներ է ստեղծում. «Պետության խնդիրն է առաջարկել երկրում ՏՏ ոլորտի խթանման ծրագրեր ու մարտավարություններ, սակայն ձեռներեցները նույնպես պետք է ակտիվ լինեն եւ ներդրում կատարեն ոլորտի զարգացման համար»: ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ փաստեց, որ ինովացիան երկրի, կազմակերպության զարգացման կարեւորագույն գործիքն է. «Մենք պետք է աջակցենք լավագույն ինովացիոն գաղափարների զարգացմանը եւ նպաստենք սթարթափների ստեղծմանը»: Բիզնես ինովացիոն ֆորումի քննարկման հիմնական ուղղություններն էին՝ ինովացիոն էկոհամակարգեր, ինովացիա եւ կրթություն, ինովացիա եւ ձեռներեցություն: Ֆորումի հիմնական խոսնակն էր Թել Ավիվի համալսարանի StartTau ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրեն Ելենա Դոնեթսը: Ըստ նրա՝ ինովացիոն երկրների սանդղակում Իսրայելը նախկինում ցածր դիրք է գրավել, սակայն ներկայումս այն Սիլիկոնյան հովտից հետո համարվում է հաջորդ բարենպաստ վայրը սթարթափներ ստեղծելու առումով. «Հայաստանն էլ միջազգային շուկա դուրս գալու մեծ նախադրյալներ ունի: Հայ երիտասարդները շատ լավ են հաղորդակցվում անգլերեն, գլոբալ են մտածում՝ ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի երիտասարդների, ովքեր հաղորդակցվում են հիմնականում ռուսերենով եւ նրանց համար խնդրահարույց է միջազգային շուկա դուրս գալը»: Ըստ Դոնեթսի՝ պետք չէ վախենալ ձախողումներից. ձախողումը հաջողություն է, եւ պետք է դասեր քաղել: Երկօրյա ինովացիոն ֆորումի ընթացքում ներկայացվեց ոլորտում տեղական եւ համաշխարհային փորձը, քննարկվեցին այն ուղիները, որոնք մեր երկրին հնարավորություն կընձեռեն միջազգային շուկայում հանդես գալ որպես նորարար պետություն: Ամփոփելով ֆորումը եւ անդրադառնալով արդյունքներին՝ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը փաստեց, որ նմանօրինակ միջոցառումների անցկացումն անհրաժեշտություն է. «Ինովացիան այնպիսի թեմա է, որ առկա է ցանկացած երկրում, այն վերաբերում է բոլոր ոլորտներին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն է նախաձեռնել ֆորումի անցկացումը, քանի որ այն ոչ միայն համարվում է ինովացիոն ամենանվաճող ոլորտներից մեկը, այլեւ բոլոր ոլորտների նորարարությունների մեջ ուղղակի եւ անուղղակի տեխնոլոգիական կոմպոնենտ կա: Ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ուղղակի եւ անուղղակի կերպով մասնակցում են այլ ոլորտների ինովացիոն զարգացմանը»: Հավելենք, որ արդեն 3-րդ տարին է, ինչ Բիզնես ինովացիոն ֆորումը ՀՀ վարչապետի հովանավորությամբ անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Հրաչուհի Ալմաստյան