Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 14-11-2015
Երիտասարդները Եվրամիության մասին ավելին կիմանան…
Այսօր մեկնարկեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015 թ.» երիտասարդական խորհրդաժողովը:
Այն տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին AEGEE-Երեւան կազմակերպության աջակցությամբ: Երիտասարդական այս ծրագիրն իրենից ներկայացնում է ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի քաղաքական մոդելավորում: Խորհրդաժողովը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, խոսելով կատարվածի մասին, նշեց, որ դատապարտում է տեղի ունեցածն ու աջակցություն հայտնում ֆրանսիացի ժողովրդին. «Մենք բոլորս շոկի մեջ ենք: Մենք` եվրոպացիներս, աշխարհի բոլոր լավ մարդիկ շոկի մեջ են կատարվածի պատճառով: Հայտնում ենք մեր ցավակցությունները զոհերի հարազատներին եւ ֆրանսիական իշխանությունների կողքին ենք դեպքի պատճառները քննելու եւ հանցագործներին գտնելու հարցում: Մենք միասնական ենք որպես միջազգային հանրություն ահաբեկչության դեմ պայքարում: Դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել»: Այնուհետեւ անդրադառնալով խորհրդաժողովին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ասաց. «Ես ցանկանում եմ, որ ԵՄ-ը զուգորդվի Հայաստանի լավ ապագայի հետ, իսկ դուք Հայաստանի լավ ապագան եք: Ձեր ծնողները եւ պապերը ստեղծել են այս երկիրը, ձեր ապագան: Հիմա ձեր հերթն է, դուք պետք է կառուցեք 21-րդ դարի Հայաստանը: Լավ դիպլոմ ունենալը բավական չէ, դուք պետք է նաեւ հավատաք շատ կարեւոր արժեքների, որոնք մենք կոչում ենք եվրոպական արժեքներ»: Խորհրդաժողովի գլխավոր կազմակերպիչ Մերի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 400 դիմորդներից երկփուլանի մրցակցային գործընթացներով ընտրվել են 80 երիտասարդներ Հայաստանի մարզերից, ինչպես նաեւ 20 օտարերկրյա մասնակիցներ. «Նրանց տրվել էր իրավիճակային խնդիր. հաշվի առնելով համապատասխան երկրի շահերը՝ լուծում տալ խնդրին՝ հաստատելով անվտանգություն եւ խաղաղություն մնացած երկրներում»: Կազմակերպչի խոսքով՝ խորհրդաժողովի նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը եւ նպաստել Եվրամիության մասին գիտելիքների հարստացմանը, ինչպես նաեւ բարձրացնել եվրոպական իրազեկվածության մակարդակը հայ երիտասարդության շրջանում. «Խորհրդաժողովին նախորդած շաբաթների ընթացքում միջոցառման մասնակիցները մասնակցել են 2 նախապատրաստական դասընթացի, որոնց ընթացքում ծանոթացել են ԵՄ կառույցների աշխատանքին, ինչպես նաեւ ԵՄ միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության անկյունաքարերին: Մասնակիցները նաեւ իրենց բանակցային հմտությունները զարգացնելու հնարավորություն կունենան»: Նշենք, որ խորհրդաժողովի ընթացքում մոդելավորվելու են ԵՄ-ԱԳ գագաթնաժողովի աշխատանքները: Մասնակիցները կանդրադառնան վերջին ժամանակաշրջանում ԱԳ տարածքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին եւ պետք է իրենց որոշումները կայացնեն Եվրամիությունում ներկայումս առկա քաղաքական միտումների եւ ճնշումների համատեքստում՝ հաշվի առնելով իրենց ներկայացրած պետության շահերը: Խորհրդաժողովի առաջին աշխատանքային օրվա ընթացքում էլ տեղի կունենան թեմատիկ քննարկումներ եւ աշխատաժողովներ հատուկ հրավիրված բանախոսների մասնակցությամբ: Պատկերասրահ՝ «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015 թ.» խորհրդաժողով Նյութը՝ Սաթենիկ Խաչատրյանի Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի