Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 10-10-2015
Կիսվեցին երիտասարդական աշխատողի ավստրիական փորձով
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը:
Նշենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի՝ 2015 թվականի սեպտեմբերի 18-ի № 203 հրամանով ՀՀ-ում երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը եւ ուսումնական ուղեցույցը մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի հանդիպմանը հրավիրված էին Ավստրիայի Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամ, Պերգի քաղաքապետարանի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարին Պեհամ Շտրաուսը եւ կենտրոնի համակարգող Էլկե Ռիթզլմայրը, ովքեր երիտասարդական քաղաքականության, երիտասարդական աշխատողի ավստրիական փորձով կիսվեցին ներկաների հետ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը նշեց, որ 2015 թ-ի համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ունի Կառավարության կողմից հաստատված գերակա խնդիր, այն է՝ մինչեւ տարվա վերջ մշակել երիտասարդական աշխատողի եւ աշխատանքի վերաբերյալ կանոնակարգ, ինչպես նաեւ կազմակերպել երիտասարդական աշխատողի վերապատրաստման աշխատանքներ: Թամարա Թորոսյանը կարեւորեց ավստրիացի հյուրերի ներկայությունը. «Նրանց հետ ծանոթացել ենք Ավստրիայում «Գյումրի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ: Այնտեղ երիտասարդական աշխատանքի, երիտասարդական աշխատողի եւ ընդհանրապես երիտասարդների զբաղվածությանն առնչվող տարբեր հարցեր քննարկելով եւ հասկանալով մեր հյուրերի դերն ու նշանակությունը այդ ոլորտում՝ խնդրեցինք, որպեսզի նրանք Հայաստանում էլ ներկայացնեն երիտասարդական աշխատանքի ավստրիական փորձը»: Հանդիպման ընթացքում Կարին Պեհամ Շտրաուսը հանդես եկավ զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով Ավստրիայում երիտասարդական աշխատողի փորձը, անդրադառնալով երիտասարդական աշխատանքին, երիտասարդ աշխատողներին, երիտասարդական քաղաքականությանն ու զբաղվածությանն առնչվող հիմնախնդիրներին: Մեզ հետ զրույցում Կարին Պեհամ Շտրաուսը երիտասարդների զբաղվածության բարձրացման գործում հատկապես կարեւորեց երկրի կառավարության դերը. «Երիտասարդների զբաղվածության բարձրացման հիմնական պատասխանատվությունը պետք է կրի երկրի կառավարությունը: Տարբեր մեթոդներով, ձեւերով պետք է աշխատել երիտասարդների հետ: Պետությունը պետք է այնպիսի ծրագրեր իրականացնի, որոնք կխրախուսեն ընկերություններին, կազմակերպություններին, որպեսզի նրանք իրենց աշխատանքում ներգրավեն երիտասարդներին»: Պատկերասրահ՝ Աշխատանքային խմբի հանդիպում Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի, Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի