Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 02-10-2015
Երիտասարդության ամենամեծ խնդիրը գործազրկությունն է…
Այսօր մեկնարկեց Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովը, որը համախմբել է Հայաստանի մարզերից, Ջավախքից եւ Արցախից ավելի քան 100 կազմակերպություն եւ երիտասարդական ակումբ:
Նշենք, որ համաժողովը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կանցկացվի հոկտեմբերի 2-ից 4-ը: Այսպիսով՝ եռօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կառույցների գործունեությունը եւ ծանոթանալու Հայաստանում գործող այլ երիտասարդական ակումբների, կենտրոնների ու հասարակական կազմակերպությունների գործունեությանը: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը, խոսելով համաժողովի կարեւորության մասին, նշեց, որ դրա նպատակն է զարգացնել երիտասարդական ակումբային շարժումը Հայաստանում եւ նպաստել երիտասարդական ակումբների ու կենտրոնների համախմբմանն ու տարածմանը. «Համաժողովը կամփոփի կատարված աշխատանքներն ու նոր ուղենիշներ կտա առաջիկա անելիքներին: Երիտասարդական ակումբների դաշնությունը Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցն է, որը ոչ միայն հնարավորություն է տալիս բոլոր երիտասարդներին՝ առանց բացառության ազատորեն ներգրավվելու երիտասարդական ակումբներում, այլեւ կարողանում է հստակ գնահատել նրանց կարիքները եւ իրականացվող բոլոր ծրագրերը ծառայեցնել այդ կարիքներին»: Այն հարցին, թե որոնք են այսօրվա հայ երիտասարդության խնդիրները, Ա. Մխիթարյանը պատասխանեց. «Հայաստանում բնակվող երիտասարդության ամենամեծ խնդիրը գործազրկության բարձր մակարդակն է, եւ դրան էլ ուղղված է մեր ծրագրերի առյուծի բաժինը, երկրորդը տեղեկատվության բացակայությունն է հնարավորությունների մասին, այսինքն՝ նրանք չգիտեն այն հնարավորությունների մասին, որոնց տիրապետում են երիտասարդական կազմակերպությունները»: Նշենք, որ համաժողովի արդյունքում կհրապարակվի նաեւ Հայաստանում գործող ակումբների եւ կազմակերպությունների մասին երկլեզու տեղեկագիրք, որն էլ ավելի կնպաստի տարբեր մարզերի կառույցների համագործակցությանն ու միջազգային կապերի հաստատմանը: Հավելենք, որ համաժողովի վերջին օրը մասնակիցները կայցելեն 2015 թվականին երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Ստեփանավան քաղաք՝ հանդիպելու տեղի հասարակական կառույցների եւ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Պատկերասրահ՝ Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովը Նյութը՝ Սաթենիկ Խաչատրյանի Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի