Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 24-09-2015
Երիտասարդները բաղձալի բնակարանամուտ էին նշում
Շահագործման են հանձնվել Երեւանի Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեներում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները:
«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներն այսօր ուրախանալու ու երջանիկ զգալու առիթ ունեին. շահագործման էին հանձնվում մայրաքաղաք Երեւանի Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեներում կառուցված բազմաբնակարան բնակելի երկու համալիրները: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ջանքերով եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող ծրագրի շրջանակում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներում շուրջ 300, իսկ ավելի ստույգ` 291 բնակարանները շուկայականից բավականին ցածր գներով տրամադրվեցին երիտասարդ գիտնականներին եւ Հայաստանի ստեղծագործական միությունների անդամներին, ովքեր սեփական անշարժ գույքն ունենալու անհրաժեշտություն ունեին: «291 ընտանիք այսօր բնակարանամուտ է տոնում, ինչը, անշուշտ, շատ ուրախալի եւ կարեւոր իրադարձություն է ցանկացած ընտանիքի համար: Վստահ եմ` այն կհիշվի ամբողջ կյանքում: Կարծում եմ` ստեղծված են բոլոր հարմարությունները երիտասարդ ընտանիքներին իրենց լավ զգալու համար: Այս բնակարանային համալիրների ամենից կարեւոր արժանիքն այն է, որ դրանք շուկայականից բավականին մատչելի արժեք ունեն: Ծրագիրը, որը շարունակական է եւ դեռեւս իրականացվելու է մինչեւ 2018 թ.-ը. նախատեսում է երիտասարդ ընտանիքներին շուկայական արժեքից մատչելի բնակարանների նոր խմբաքանակի տրամադրում նաեւ 2016 եւ 2017 թթ.-ին»,- ասաց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը` հավելելով, որ արդեն հետաքրքիր ավանդույթ է դարձել գրեթե ամեն տարի աշնան սկզբին ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում երիտասարդ ընտանիքներին հանձնել նոր, մատչելի բնակարաններ, որոնք եւս ամբողջությամբ վերանորոգված են, ունեն առաջին անհրաժեշտության ամեն հարմարություն` ավտոկայանատեղի, խաղահրապարակ, կոմունալ հարմարություններ: Ըստ Արսեն Քարամյանի` երիտասարդ գիտնականներին եւ Հայաստանի ստեղծագործական միությունների անդամներին հանձնված բնակարանները շուկայական գնից գրեթե կրկնակի մատչելի է. բնակելի 1քմ-ը շուրջ 185 000 ՀՀ դրամ է. «Գրեթե ինքնարժեք է գալիս»: Երեւանում երիտասարդ ընտանիքների համար բնակարանային ապահովության սոցիալական ծրագիր իրականացնող «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահը վստահեցրեց նաեւ, որ իրենք փորձում են հնարավորին աջակցել նախորդ ծրագրերին դիմած, սակայն ինչ-ինչ պատճառներով բնակարան ձեռք բերելու հնարավորություն չստացած բոլոր երիտասարդ ընտանիքներին` նոր նախագծերում բնակարանային հատկացումներ տրամադրելով: Արսեն Քարամյանը, սակայն, մեծ ցավով փաստեց, որ ծրագիրը չի ներառում Հայաստանի մարզերը. «Լավատեսական որեւէ բան այդ առումով, ցավոք, չկա ասելու»: «Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ այս նոր համալիրներն ունեն 88 ավտոկայանատեղի եւ 6 սպասարկման տարածք: Այս համալիրների ծրագրի բյուջեն կազմել է 5 մլրդ 844 մլն ՀՀ դրամ: Սա թվով 4-րդ շինությունն է: Եթե ամփոփելու լինենք, ապա արդեն շուրջ 1300-1350 ընտանիք բնակարան է ստացել: Գալիք երեք տարիներին շուրջ 900 բնակարաններ դեռեւս կհանձնվեն ծրագրի շրջանակներում: 2018 թ.-ին մեր ծրագրերն ամփոփելիս պետք է արձանագրենք շուրջ 2200 բնակարանի հանձնում»,- եզրափակեց իր խոսքը Արսեն Քարամյանը` չմոռնալով նշել, որ այս պահին դեռեւս երկու ընթացիկ ծրագրեր կան` «Ավան 4» եւ «Զեյթուն 2» համալիրները, իսկ ահա գալիք հոկտեմբերին, ամենայն հավանականությամբ, կսկսվի նաեւ «Ավան 5»-ը: 2016 թ.-ին կտրվի բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի վերջին նախագծի հիմնարկեքը, որով էլ կամբողջացվի եւ 2018 թ.-ին կամփոփվի Երեւանի Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեներում կառուցված բազմաբնակարան բնակելի երկու համալիրների շահառուներին իրենց բնակարանամուտի առթիվ շնորհավորելու էր եկել նաեւ ՀՀ նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս գլխավորած պատվիրակության կազմում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ այլք: ՀՀ նախագահը մասնակցեց երիտասարդ գիտնականների եւ Հայաստանի ստեղծագործական միությունների անդամների բնակարանամուտի առթիվ բազմաբնակարան երկու համալիրների բակում կազմակերպված տոնակատարությանը, ապա իր աչքով ստուգեց իրականացված մեծ աշխատանքը` այցելելով բազմաբնակարան համալիրների մի քանի բնակարաններ: «Պետության հզորության հենքը երիտասարդներն են, այնպես որ կարեւոր եմ համարում այս տեսակ ծրագրերը: Վերջին անգամ ՀՀ ԳԱԱ աշխատակիցները բնակարանամուտ էին տոնել շուրջ 40 տարի առաջ. իսկապես անգնահատելի է երիտասարդ ընտանիքներին օժանդակող այս ծրագիրը: Ընդհանրապես սեփական բնակարան ունենալու հարցի լուծումը հնարավորին չափ հեշտացնում է մեր երիտասարդ գիտաշխատողների առօրյան»,- նշեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` երախտիքի ջերմագին խոսքեր հղելով ՀՀ նախագահին ու այդպիսի կարեւոր ծրագիր իրականացնողներին: Վերջինս հավելեց, որ տարիներ առաջ ՀՀ ԳԱԱ-ում մի անգամ բարձրացվել է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ տրամադրելու հարցը, որը բավականին արագ լուծում էր ստացել. երիտասարդ գիտաշխատողների համար այսօր արդեն ստեղծված են մատչելի բնակարան ձեռք բերելու շատ լավ հնարավորություններ: Դերասան Մխիթար Ավետիսյանը, ով եւս բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառու էր դարձել, նշեց, որ բնակարանային հարցի լուծումն իր համար երկար տարիներ գլխացավանքի առարկա էր. «Ուրախ եմ, որ ես եւս արդեն բնակարան ունեմ: Ես պատրաստվում եմ ընտանիքիս հետ այստեղ տեղափոխվել հնարավորինս շուտ եւ վայելել այն մաքուր օդն ու հանգստությունը, որն առկա է այս հրաշք բարձունքին: Իսկապես ընտանիքով անհամբերությամբ էինք սպասում այս կարեւոր առիթին»: Մխիթար Ավեստիսյանից ոչ պակաս ոգեւորված էր նաեւ երիտասարդ գրականագետ Հայկ Համբարձումյանը: Վերջինս իր կնոջ ու փոքրիկ զավակի հետ եկել էր մասնակցելու Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեներում կառուցված բազմաբնակարան համալիրների բացմանը: «Հարմարությունները բավականին լավն են: Բնակարանն ամբողջովին վերանորոգված է, շենքի բակն էլ ունի մանկական խաղահրապարակ: Ամեն ինչ կարծես իդեալական է: Մենք երկար ենք սպասել այս իրադարձությանը եւ իսկապես ուրախ ենք»,- ասաց երիտասարդ գրականագետը: Իրենց միությունների երիտասարդ անդամների ոգեւորությամբ ուրախ էին թե՛ ՀՀ գրողների միության եւ թե՛ ժուռնալիստների միության նախագահները: Ըստ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի` պետության ուշադրության կենտրոնում մշտապես պետք է երիտասարդներ եւս լինեն, քանի որ այդ երիտասարդներն են խթանելու երկրի զարգացմանը, նրանք են վաղվա սերունդին կյանք տվողը եւ դաստիարակողը: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը եւս կարեւորում է այս ծրագիրը, մատնանշում, որ այն հնարավորություն է տվել երիտասարդ գրողներին լուծելու իրենց բնակարանային հարցը. «Ցավոք, կայուն ու բարձր աշխատավարձը երիտասարդների դեպքում միշտ չէ, որ առկա է, այնպես որ ֆինանսական որոշակի դժվարությունների առաջ Գրողների միության երիտասարդ անդամները, այնուամենայնիվ, կանգնում են, սակայն դա այլ հարց է: Մատչելի բնակարան ունենալու հնարավորությունից ինքս էլ կօգտվեի, եթե ես էլ երիտասարդ լինեի եւ բնակարանային խնդիր ունենայի. իսկապես լավ հնարավորություն է: Այսօր սա միակ ծրագիրն է, որը հնարավորություն է ստեղծում երիտասարդների համար սեփական անշարժ գույք ունենալու»: Գեղանկարիչ Նինա Աղավելյանը եւս արժեքավոր ու կարեւոր ծրագիր է համարում երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին մատչելի բնակարաններ տրամադրելը, սակայն ֆինանսական կայուն հիմքեր ունենող երիտասարդները, նկարչուհու կարծիքով, այնքան էլ շատ չեն. «Ոչ միայն երիտասարդ, այլեւ փորձառու արվեստագետներ չեն կարող հպարտանալ ֆինանսական կայունությամբ: Կարծում եմ` այս բնակարանները որպես արվեստանոց եւս կօգտագործվեն երիտասարդ ստեղծագործողների կողմից: Ուրախ եմ նրանց համար, որովհետեւ ի վերջո արդյունքն է կարեւորը, կապ չունի, թե որտեղ ես ստեղծագործում` առանձին արվեստանոցում, թե սեփական տանը»: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից Արմինե Գաբրիելյանի ընտանիքում այսօր եւս տոն էր. բազմանդամ ընտանիքը սպասում էր բնակարանամուտին շատ անհամբեր: Ըստ Արմինե Գաբրիելյանի 14-ամյա որդու` Արտաշեսի, նոր միջավայրն իրեն եւս արդեն սկսել է դուր գալ. «Դեռ չգիտեմ, թե ինչպիսին է լինելու մեր բնակարանը, սակայն վստահ եմ` այն կարող է ինձ ու ընտանիքիս համար հաջողության գրավական դառնալ: Շատ ուրախ եմ, որ նոր միջավայրում եմ ապրելու: Այստեղ հարմարվելը, չեմ կարծում, թե դժվար կլինի»: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակիցը փաստում է, որ թեպետ երկար ժամանակ անհանգիստ են եղել` մտածելով ծրագրի վերջնարդյունքի ինչպիսին լինելու մասին, սակայն այժմ իրենց աչքերով տեսնելով բնակարանները` վերանորոգված ու կոմունալ հարմարություններով ապահովված, շատ են ուրախացել. «Փառք Աստծո, մենք արդեն այսպիսի գեղեցիկ շենքում ենք ապրելու, ունենք գեղեցիկ բնակարան: Արժեր թեկուզ երկար սպասել այս ամենն ունենալու համար»: Հարկ է նշել, որ բնակելի համալիրներն ունեն մեկ, երկու, երեք եւ չորս սենյականոց 291 բնակարաններ: Բազմաբնակարան շենքը մոնոլիտ-երկաթբետոնյա է, բազալտի եւ ֆելզիտի արտաքին երեսապատմամբ: Այն ունի 15 բնակելի հարկ: Շենքի բակում շուտով կառուցվելու է նաեւ կանաչապատ հանգստի գոտի, իսկ մանկական խաղահրապարակն արդեն պատրաստ է: Շենքային համալիրների առաջին հարկերում շուտով տեղակայվելու են նաեւ հասարակական սպասարկման տարածքները (խանութներ, ցուցասրահներ եւ այլն): Պատկերասրահ՝ Բնակարանամուտ «Զեյթուն 1-ում» Հեղինակ` Հարություն Ծատրյան, Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի