Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 28-08-2015
2016 թ.-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքը Գյումրին է
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ նիստը: Օրակարգի առաջնային հարցը «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի անդամների գնահատականների ներկայացումն էր. պետք է վերջապես պարզվեր, թե ի վերջո ո՞ր քաղաքն է 2016 թ.-ին լինելու Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքը: Այս տարի, ինչպես արդեն հայտնել էինք, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքները: Հետաքրքիր է, որ ավելի վաղ ամփոփվել էր նաեւ բջջային կարճ հաղորդագրությունների միջոցով մրցույթի շրջանակում իրականացված քվեարկությունը, որում Գյումրի քաղաքի հայտը բացահայտ առավելություն էր ստացել. եթե Ծաղկաձորի օգտին ստացվել էր ընդամենը 3 SMS, ապա Գյումրու օգտին հաշվվում էր 100-ից ավելի SMS քվեներ: Ինչեւէ, թեպետ այդպիսի իրականությունը հաղթելու անգամ չնչին շանսեր չէր տալիս Ծաղկաձորին, սակայն ամենից կարեւորը հենց փորձագիտական հանձնաժողովի անդամների գնահատականներն էին: Փորձագետ 10 երիտասարդները, օրեր առաջ լինելով երկու քաղաքներում, հենց տեղում ծանոթացել էին այդ քաղաքների հասարակական կազմակերպությունների գործունեությանը, քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված ծրագրերին, երիտասարդական ոլորտներին: Եվ ահա լինելով անկախ փորձագետներ` այսօր ներկայացրին իրենց ամփոփ եզրահանգումը` համապատասխան գնահատականների տեսքով: «Կարծում եմ, որ Գյումրին իր հազարավոր երիտասարդներով շատ ավելի ակտիվ քաղաք է, քան Ծաղկաձորը: Դա բնական է, քանի որ Ծաղկաձորն ունի բավականին փոքրաքանակ բնակչություն, թեեւ Ծաղկաձոր քաղաքի ենթակառուցվածքը, ինչ խոսք, զգալիորեն ավելի լավն է: Ահա այստեղ է, որ Գյումրին խնդիրներ ունի ու, իմ կարծիքով, ենթակառուցվածքների առումով լավ գնահատական չի ստանա»,- նշեց փորձագետ երիտասարդներից մեկը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի գլխավորությամբ մրցույթի կազմկոմիտեն ամփոփիչ նիստին մասնակցող փորձագիտական հանձնաժողովի անդամների եւ լրագրողների ներկայությամբ մեկ առ մեկ ներկայացրեց յուրաքանչյուր փորձագետի գնահատականը` առանց փորձագետների անձնական տվյալները բացահայտելու: Արդյունքը զարմանալի չէր. 10 փորձագետներից 9-ը ակնհայտ առավելությամբ էին գնահատել Գյումրու հայտը, միայն մեկ փորձագետ էր Ծաղկաձորի հայտն առավել համարել, այն էլ այս դեպքում շատ չնչին միավորով էր Գյումրին զիջել... Այդուամենայնիվ ընդհանուր 840.5 միավորով մրցույթում հաղթեց Գյումրին (Ծաղկաձորի հայտը, փորձագետների գնահատմամբ, ստացավ 559.5 միավոր): Մրցույթի ամփոփմանը մասնակցող Գյումրի քաղաքի ներկայացուցիչն այդպիսի կատարյալ «հաղթանակից» հետո չթաքցրեց իր ուրախությունը, թեպետ նշեց, որ իրենք դեռ բավականին մեծ աշխատանքներ ունեն իրականացնելու: Մինչդեռ Ծաղկաձոր քաղաքի ներկայացուցիչը հայտարարեց, որ Գյումրին Ծաղկաձորից ավելի շատ ունի երիտասարդական մայրաքաղաք կոչվելու կարիք. «Կուզեի, որ երբեմնի հրաշալի ու ծաղկուն քաղաքը` Գյումրին, նորովի ու նոր շնչով վերականգնվի: Կուզեի, որ Ծաղկաձորի դրության մեջ լինի Գյումրին»: Հետաքրքիր է, որ մրցույթի ամփոփիչ նիստի վերջում Ծաղկաձոր քաղաքի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ գալիք տարի Գյումրիում կնշվի նաեւ Ծաղկաձորի օրը... Գյումրի քաղաքի ներկայացուցիչն այդ առաջարկությանը բավականին լուրջ վերաբերեց եւ խոստացավ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն անցկացվում է 2013 թվականից: Հայտերի գնահատումը բավականին պարզ տեսք ունի. փորձագիտական գնահատականների եւ կարճ հաղորդագրությունների տեսքով քվեարկության արդյունքների համադրմամբ որոշվում է մրցույթի հաղթողը, որն էլ ճանաչվում է Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք: Հ.Գ.: Հավելենք, որ մրցույթում հաղթող ճանաչված քաղաքը ստանում է պետական աջակցություն՝ երիտասարդական ոլորտում ծրագրեր իրականացնելու համար: Ավելին, օրինակ, 2016 թվականին Գյումրի քաղաքում թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներով պետք է իրականացվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մշակած ծրագրերի զգալի մասը: Բացի դրանից՝ նախարարությունը 2 մլն դրամի չափով բյուջե է հաստատելու յուրաքանչյուր եռամսյակի համար` դրամաշնորհի տեսքով աջակցելով Գյումրի քաղաքում գրանցված երիտասարդական հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին (յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն չափը 500 հազար ՀՀ դրամ է): Պատկերասրահ՝ Գյումրին հռչակվեց ՀՀ 2016 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Հեղինակ` Հարություն Ծատրյան