Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 12-08-2015
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Հարգելի՛ գործընկերներ, մենք շատ ենք կարևորում և՛ ձեր գործուն մասնակցությունը մեր երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, և՛ ձեր ակտիվ ներգրավվածությունը միջազգային երիտասարդական կառույցներում ու ծրագրերում: Մենք ձգտում ենք հնարավորինս նպաստել այդ գործընթացներին, ստեղծել բարենպաստ պայմաններ ձեր կայացման ու զարգացման համար՝ ի շահ մեր երկրի զարգացման և հզորացման, ազգային անվտանգության ամրապնդման: Շնորհավորում եմ քե՛զ, հայո՛ց բանակի երիտասարդ զինվոր, քո ուժը, քաջությունն ու անձնվիրությունն են Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր գրավականը: Այս տարի համայն հայ երիտասարդությունը եւ աշխարհի առաջադեմ երիտասարդությունը եւս նշում են պատմական հայրենիքում Օսմանյան կայսրության կողմից բնաջնջված ավելի քան 1,5 միլիոն մեր հայրենակիցների հիշատակի ոգեկոչման եւ հայ ժողովրդի հայրենազրկման 100-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար մեր պայքարում եւս շատ կարեւոր ու ծանրակշիռ են երիտասարդության դերն ու մասնակցությունը: Պայքար, որի նպատակը ոչ միայն պատմական իրողության արձանագրումն է, դրա հետեւանքների վերացումը, մարդկային արժեքների վերահաստատումը, այլեւ նմանաբնույթ նոր ոճիրների կանխումը: Ուստի, այսօր դիմում եմ ձեզ առանձնահատուկ կոչով՝ ձեր բոլոր ուժերն ու կարողությունները, գիտելիքներն ու կամքը, ինչպես նաեւ միջազգային կապերը ներդրե՛ք՝ մեր հայրենիքը հզորացնելու, նաեւ աշխարհի երիտասարդների հետ համայն մարդկության խաղաղ ու անվտանգ ապագան կերտելու համար: Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով նախաձեռնողականություն, նորարարական գաղափարներ եւ խանդավառություն: