Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 05-08-2015
Երիտասարդական մայրաքաղաք մրցույթի կազմկոմիտեն որոշումներ է կայացրել
Կազմվել է փորձագիտական հանձնաժողով, որը կայցելի Ծաղկաձոր եւ Գյումրի` տեղում ուսումնասիրելու քաղաքների ներկայացրած հայտերը:
«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն այսօր կարևոր նիստ էր գումարել` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի նախագահությամբ: Նիստի մասնակիցները մեկտեղվել էին միասին քննարկելու «Հայաստանի Հանրապետության 2016 թ.-ի տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով ներկայացված 12 հայտադիմումները, որի արդյունքում պետք է ընտրեին միայն 10-ին. ըստ մրցույթի կանոնակարգի` փորձագիտական հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 10 անձից: Մանրամասնորեն քննարկելով ներկայացված բոլոր հայտադիմումները, հաշվի առնելով հայտատու երիտասարդների կենսագրական նվաճումները եւ հաջողությունները, աշխատանքային փորձն ու երիտասարդական ոլորտում ներգրավված լինելու հանգամանքը` կազմկոմիտեն որոշեց, թե ովքեր են այն հաջողակները, որ պետք է ընդգրկվեն մրցույթի փորձագիտական հանձնաժողովում: Վերջիններս իսկապես երիտասարդական ոլորտում աշխատանքային փորձ ունեն, ակտիվ հայ երիտասարդներ են ներկայացնում են ՀՀ մարզերն եւ մայրաքաղաք Երեւանը: Մրցույթի կազմկոմիտեն ուշադրությամբ էր դիտարկում յուրաքանչյուր հայտ, քանի որ կարևոր է, որ փորձագետը կարողանա փորձագիտական ամբողջական կարծիք ներկայացնել մրցույթին ներկայացված հայտերի վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության 2016 թ.-ի տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ներկայացված երկու հայտերի ուսումնասիրման նպատակով` կազմկոմիտեն որոշեց ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաք այցելել ս.թ. օգոստոսի 13-ին, իսկ օգոստոսի 14-ին լինել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Հավելենք, որ սկզբնական շրջանում մրցույթին մասնակցելու հայտադիմում էին ներկայացրել ոչ միայն Ծաղկաձոր (հայտը կցվում է) եւ Գյումրի (հայտը կցվում է) քաղաքները, այլեւ Արարատ քաղաքը: Ավելի ուշ, սակայն, Արարատ քաղաքը հետ էր կանչել իր հայտը: «Հայաստանի Հանրապետության 2016 թ.-ի տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ ներկայացնելու մասին «Երիտասարդ» առցանց պարբերականն արդեն անդրադարձել է` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարելի էր մասնակցել: Ստորեւ ներկայացնում ենք տեսահոլովակ, որտեղ ներկայացվում է, թե այս տարի ինչպես կարելի է մասնակցել քվեարկությանը: Դե ինչ, քվեարկե՛ք: Հեղինակ` Հարություն Ծատրյան