Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 22-05-2015
Աշխարհի երիտասարդները Երեւանում են…
Այսօր Երեւանի քաղաքապետարանում մեկնարկեց Հայաստանում եվրոպական երիտասարդության կողմից կազմակերպված Եվրոպական երիտասարդական պառլամենտի երկրորդ միջազգային համաժողովը:
Տասնյակ երկրների երկու հարյուրից ավելի պատվիրակներ Երեւանում են: Նրանք այս օրերին կքննարկեն այնպիսի կարեւոր նշանակություն ունեցող հիմնախնդիրներ, ինչպիսիք են մարդու իրավունքները, հանրային կառավարումը, տնտեսական կայունությունը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ հույս հայտնեց, որ համաժողովն իր դրական արդյունքները կունենա: Քաղաքապետի տեղակալն ընթերցեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, որում նա վստահություն է հայտնում, որ երիտասարդական ավյունով թարմ մոտեցումները խնդիրներին լուծումների ինքնատիպ տարբերակներ կառաջադրեն: Երեւանի քաղաքապետն իր ուղերձում նաեւ ընդգծել է, որ համաժողովի բացման արարողությունը Երեւանի քաղաքապետարանում անցկացնելը պատահական չէ, քանի որ քաղաքապետարանն այն կառույցն է, որի գործունեության եւ ձեռքբերումների առումով իրենց կարեւոր ներդրումն ունեն ակտիվ ու բանիմաց երիտասարդները. «Կասկածից վեր է, որ այսօրվա երիտասարդությունը թե´ կամք եւ թե´ համապատասխան ներուժ ունի ոչ միայն իր երկրի առաջընթացն ու զարգացումն ապահովելու համար, այլեւ բաց է այլ երկրների իր հասակակիցների հետ երկխոսելու, փորձի փոխանակման, նաեւ միմյանցից սովորելու համար»: Բացման արարողությանը հաջորդեց «Ժողովրդավարական հասարակության զարգացման մարտահրավերներն Արեւելյան գործընկերության երկրներում» թեմայի քննարկումը: Նյութը՝ Սաթենիկ Խաչատրյանի, Լուսանկարը՝ www.yerevan.am կայքից