Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 08-05-2015
Աշխարհի երիտասարդական ամենամեծ ՀԿ-ն Հայաստանում է
Այսօր մեկնարկեց «Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի» ժողովը:
Ժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանել շուրջ 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ: Ժողովին մասնակցում են նաեւ ՀՅԴ Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական եւ ուսանողական միությունների ներկայացուցիչները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում հյուրընկալված ժողովի ընթացքում ելույթով հանդես եկան ԸԵՄՄ-ի նախագահ Ֆելիպե Խելդերեսը, Ընկերվար-Միջազգայնականի (Սոցինտեռն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ինչպես նաեւ այլ հրավիրյալ բարձրաստիճան հյուրեր: «Հավասար աշխարհ հնարավոր է» կարգախոսի ներքո անցկացվող երկօրյա ժողովի օրակարգը քննելու է մարդու հիմնարար իրավունքների իրացման գործում երիտասարդության դերի, զբաղվածության, աշխատունակության եւ այլ հարցեր: Ժողովի շրջանակում հատուկ քննարկման առարկա են արդի աշխարհի առջեւ ծառացած բնապահպանական խնդիրները` աշխարհի կայուն զարգացման հեռանկարում: Նշենք, որ սա աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է, որն իր շուրջն է համախմբում սոցիալիստական գաղափարներ կրող երիտասարդներին: Այն տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ: ՀՅԴ բյուրոյի գրասենյակի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Արփինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Թուրքիան եւս այս կառույցի անդամ է, բայց հրաժարվել է հայկական կողմի հրավերից. «Նրանց օրակարգն առանձին է, եւ մենք ունենք նաեւ մեր օրակարգը. մենք վաղը կայցելենք Ցեղասպանության թանգարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բացի դրանից՝ մենք հայանպաստ բանաձեւ ենք մշակել, որն ուղղված է հենց պահանջատիրությանը»: Այն հարցին, թե ինչ կտա համաժողովը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս պահին Հայաստանում աշխարհի ամենամեծ երիտասարդական ՀԿ-ն ու կուսակցություններն են, եւ այս երիտասարդները վաղվա քաղաքական գործիչներն են լինելու: Կարծում եմ՝ արդեն պարզ է, թե նրանք ինչ կարող են տալ Հայ դատին»: Հավելենք, որ միջոցառման կայացմանն աջակցել է նաեւ Սպորտի եւ Երիտասարդության նախարարությունը: Նյութը՝ Սաթենիկ Խաչատրյանի Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի