Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 05-12-2014
Արվեստի նոր ձեռնարկներ
Հայաստանում առաջին անգամ հրատարակվել են փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ:
Դեկտեմբերի 4-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում տեղի ունեցավ Վալենտին Թովմասյանի հեղինակած «Փայտյա, պղնձյա փողային եւ հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» եւ «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչությունը լույս է ընծայել արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանի «Փայտյա, պղնձյա փողային եւ հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» եւ «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկները: Ձեռնարկները նախատեսված են մասնագետների, երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաեւ համապատասխան հետաքրքրություններով ընթերցողների լայն շրջանակի համար: Հեղինակն իր ուսումնասիրություններում հաստատել ու ապացուցել է, որ այսօրվա երաժշտական մշակույթի բնականոն ընթացքը խիստ փոխկապակցված է անցյալի հետ: Վ. Թովմասյանը գտնում է, որ փողային գործիքների կատարողական արվեստը հասել է շոշափելի հաջողությունների, սակայն այդ նկարագիրը, կենսագրությունն ու պատմությունը մինչ օրս հավուր պատշաճի չէին ուսումնասիրվել եւ իմաստավորվել: Երկու ձեռնարկներում էլ ամփոփված ուսումնասիրություններն ու պատմագրական տեղեկությունները լրացնում են այդ բացը: Աշխատություններում արժանին է հատուցվում փողային գործիքների կատարողների այն համաստեղությանը, ովքեր XX-րդ դարի 20-ական թթ. առ այսօր իրենց ստեղծագործական ու կազմակերպչական որոնումներով նպաստել են հայկական ազգային փողային եւ հարվածային կատարողական դպրոցի կայացմանն ու զարգացմանը, մասնագետ երաժիշտների պատրաստմանը: Վ. Թովմասյանը հայ երախտավորների նվաճումները համադրում է ժամանակաշրջանի հայրենասիրական ոգու եւ ազգային մշակութային զարթոնքի հետ. անհատների ջանքերի շնորհիվ ստեղծվեց սիմֆոնիկ նվագախումբ, որը հնչեցրեց ոչ միայն ազգային երաժշտությունը, այլեւ համաշխարհային դասականների ստեղծագործություններ՝ նպաստելով ազգային մշակույթի զարգացմանն ու ժողովրդի գեղագիտական ճաշակի դաստիարակմանը: Հեղինակն իր գիտական հետազոտությունները դիտարկել է համամարդկային երաժշտական մշակույթի լավագույն ձեռքբերումների, համաշխարհային առաջավոր փորձի համատեքստում: Արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի ռադիոյում, հեղինակել է ավելի քան 5000 ռադիոծրագիր, հրատարակել է դասագրքեր եւ մենագրություններ, դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, «Երաժշտական Հայաստան» ամսագրի պատասխանատու խմբագիրն է: