Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 20-04-2013
«Զարուհի» ամսագիրը հրապարակեց մրցանակաբաշխության հաղթողների անունները
Մրցանակակիրները ԱԺ պատգամավորներ էին, երգիչ-երգչուհիներ, մոդելներ...
Այսօր Զեյթունի մշակույթի տանը տեղի ունեցան «Զարուհի» կանանց հանդեսի 2-ամյակին նվիրված միջոցառում-մրցանակաբաշխությունը, ինչպես նաեւ դիզայներ Տաթեւիկ Հովհաննիսյանի նորաձեւության ցուցադրությունը: «Զարուհու» խմբագրական խորհրդի կողմից հրապարակվեցին քաղաքական, մշակութային-շոուբիզնեսյան եւ սպորտի ասպարեզում «Տարվա լավագույնները» ճանաչվածների անունները: «Իրավունք» հոլդինգի տնօրեն, ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբախանյանը, հյուրերին ողջունելով, հանդես եկավ բացման խոսքով. «Մեր ամսագիրն ունի ոչ այնքան ժամանցային, որքան գաղափարախոսական բովանդակություն: Որպես հանդեսի գլխավոր խմբագիր` կարող եմ նշել, որ մեր նպատակը հայ կնոջ կերպարը լուսաբանելն է` պահպանելով ավանդականը: Մենք չենք ուզում կորցնել այն, ինչ ունենք: Հայաստանը կանգնած է գլոբալիզացման շեմին, սակայն մենք դեմ ենք ֆեմինիստական տարբեր ուղղություններին, որոնք ներմուծվել են մեր հասարակությունը փոխելու համար: Հաճախ լինում եմ ԱՄՆ-ում, եւ ինձ հարցնում են, թե արդյոք մեր երկրում գենդերային հավասարություն է գործում: Ես միշտ պատասխանում եմ` ո՛չ. մեզ մոտ կինը շատ ավելի բարձր տեղ ու դիրք է զբաղեցնում, քան տղամարդը»: Թերեւս դա էր պատճառը, որ մրցանակակիրներից 15-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ էին: Սակայն, ինչպես նշում է ամսագրի պատասխանատուներից մեկը` Արմենուհի Հակոբյանը, մի քանի հատուկ մրցանակ հանձնվել է նաեւ արական սեռի ներկայացուցիչներին, ովքեր ամսագրի էջերից իրենց խոսքն են ուղղել հայ կնոջը: «Տարվա լավագույն կնամեծար տղամարդ» Նարեկ Բավեյանը նշում է, որ իր համար` որպես տղամարդու, շատ մեծ պատիվ է այդ մրցանակին արժանանալը: «Լավագույն սպորտսմենուհի» Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նշում է, որ այնքան հուզված է, որ իրեն ավելի հեշտ կլիներ ծանրաձող բարձրացնելը, քան տպավորությունները բառերով արտահայտելը: Մրցանակաբաշխությունը շատ ջերմ ու անմիջական մթնոլորտում անցավ, իսկ Աիդա Սարգսյանի ելույթի ժամանակ հայկական գեղեցիկ պար ներկայացրին հնդկուհի Սանտոշ Կումարին եւ երգչուհի Լիանան: Նշենք, որ մրցանակակիրներն ընտրվել են քվեարկության, ինչպես նաեւ խմբագրություն ուղարկված նամակների հիման վրա: Ստորեւ ներկայացնում ենք անվանակարգերում հաղթող ճանաչվածների անունները.
  • «Կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնող տարվա լավագույն կին գործիչ»` ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան,
  • «Լավագույն քաղաքական գործիչ»` ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան,
  • «Տարվա լավագույն լրագրող»` Զառա Ռշտունի,
  • «Տարվա լավագույն Զարուհի»` Զարուհի Խաչատրյան,
  • «Տարվա լավագույն դերասանուհի»՝ Իռա Հարությունյան,
  • «Տարվա լավագույն կին ղեկավար»` Ռուզաննա Սիրունյան,
  • «Տարվա լավագույն կնամեծար տղամարդ»` Նարեկ Բավեյան,
  • «Տարվա լավագույն օտար հարս»` Սանտոշ Կումարի,
  • «Տարվա լավագույն հաղորդավարուհի»` Կարինա Դանիելյան,
  • «Տարվա լավագույն, ամենաընթերցված բժիշկ»` մաշկաբան Արտակ Ղազարյան,
  • «Տարվա միսթեր մոդել»` Դավիթ Ղարիբյան,
  • «Տարվա լավագույն մոդել»` Սեդա Տոնոյան,
  • «Տարվա միսս մոդել»` Սեդա Սերոբյան,
  • «Տարվա լավագույն դիզայներ»` Տաթեւիկ Հովհաննիսյան,
  • «Տարվա լավագույն սպորտսմենուհի»` Հռիփսիմե Խուրշուդյան,
  • «Տարվա լավագույն կոմպոզիտոր»` Կարեն Գրիգորյան,
  • «Տարվա լավագույն գործիչ պարի ասպարեզում»` Մարիաննա Մամյան,
  • «Տարվա լավագույն մայրիկ»` երգչուհի Լիանա,
  • «Տարվա լավագույն երգչուհի»` Աիդա Սարգսյան: Ակտիվ եւ որակյալ լուսաբանումների համար մրցանակ շնորհվեց նաեւ «Զարուհի» ամսագրի լրագրող Հրանտ Սարաֆյանին: Պատկերասրահ՝ «Զարուհի» ամսագիրը 2 տարեկան է Աստղիկ Մելիք-Քարամյան