Վարդինե Մանուկյան. «Սե՞ւ, թե՞ սպիտակ»

«Հայարտ» մշակութային կենտրոնում այսօր բացվեց երիտասարդ լուսանկարչուհու անհատական ցուցահանդեսը:
Վարդինե Մանուկյանի լուսանկարների գունային գամման երկու գույնից է բաղկացած` սեւ եւ սպիտակ: Այդ երանգները, անշուշտ, ունեն իրենց խորհրդանշային համակարգը` չարն ու բարին, լավն ու վատը, առաքինությունն ու մեղքը: Ցուցահանդեսի կազմակերպման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Զատկի տոնը, ինչի մասին վկայում են բոլոր լուսանկարներն ուղեկցող նորկտակարանային խորագրերը:
«Կյանքը սեւ եւ սպիտակ գույներով մի ճանապարհ է. ես շատ կցանկանայի, որ մարդիկ ընտրեին սպիտակը, քայլեին սպիտակ ճանապարհով»,- մեկնաբանում է Վարդինեն:
Ի դեպ, լուսանկարչուհու ամենասիրելի գործն իր մեջ այլ գույների համադրություն է պարունակում: Այն կարելի է տեսնել աստվածաշնչյան հետեւյալ խորագրի ներքո. «Սակայն յուրաքանչյուրը փորձվում է` իր ցանկություններից հրապուրվելով ու խաբվելով: Այնուհետեւ ցանկությունը հղանալով մեղք է ծնում, եւ կատարված մեղքը ծնում է մահ»:
Լուսանկարում պատկերված գունավոր թելերի կծիկները, ըստ Վարդինեի, խորհրդանշում են հենց մեղքի գրավիչ եւ բազմագույն լինելը: Սակայն, մեղքի դիմաց վարձը մահն է, որի խորհրդանիշը միմյանց խաչված շյուղերն են:
Վարդինե Մանուկյանը պատմում է, որ մասնագիտությամբ լուսանկարչուհի չէ: Նա անգլերեն լեզվի մասնագետ է` թարգմանչուհի: «Ինձ միշտ էլ գրավել է լուսանկարչության աշխարհը: Իմ կարծիքով` առաջին ստացված լուսանկարս եղել է սիրողական բնույթի ծաղկաձորյան մի բնանկար: Մոտ մեկ տարի առաջ էլ սկսեցի սովորել «Lumen» ֆոտոստուդիայում, ինչից հետո ավելի պրոֆեսիոնալ մոտեցում եմ ցուցաբերել` փորձելով լուսանկարչությունը դարձնել իմ հիմնական մասնագիտությունը»,- պատմում է լուսանկարչուհին:
Նա խոստովանում է, որ սիրում է պատկերել երեխաների, մարդկանց դեմքեր: Այցելուներից շատերին տպավորել էին նաեւ երեւանյան համայնապատկերները` վերամբարձ կռունկից, «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից լուսանկարված: Սեւի ու սպիտակի դասական համադրությունը նոր դրսեւորումներ է ստացել Վարդինեի լուսանկարներում եւ գրավում է այցելուներին:
Աստղիկ Մելիք-Քարամյան
Վերջին լուրեր