Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 29-09-2012
Ավանի Կաթողիկեն` աշխարհի գմբեթավոր հնագույն եկեղեցիներից մեկը
Սբ. Աստվածածին (Կաթողիկե, Ծիրանավոր) եկեղեցին գտնվում է Ավանում` բնակելի շենքերի արանքում, բայց կարծես այն անմարդաբնակ վայրում է:
591 թ-ին Բյուզանդիան Հայաստանի` իր ենթակայության ներքո գտնվող տարածքում հունադավան (քաղքեդոնական) կաթողիկոսություն հիմնեց` Հովհան կաթողիկոսի գլխավորությամբ։ Հովհան կաթողիկոսը գիտակցում էր, որ տաճարը ժողովրդի աչքում առավել կարժեւորվի, եթե կառուցվի նախապես ճանաչված սրբավայրում, ուստի այդպես էլ վարվեց` անտեսելով շրջակա ազատ տարածքները։ Այն տեղակայվեց Ավանում, սակայն կարճատեւ կյանք ունեցավ։ 609 թ-ին պարսիկների կողմից գերեվարված Հովհան կաթողիկոսը վախճանվեց։ Նրա աճյունը տեղափոխվեց Ավան` ամփոփվելով տաճարի տարածքում կառուցված դամբարանում։ Ըստ ճարտարապետներ Թորոս Թորամանյանի եւ Կարո Ղաֆադարյանի ուսումնասիրությունների` տաճարը կառուցվել է 6-րդ դարում։ Համալիրը բաղկացած է Կաթողիկե (Ծիրանավոր) եկեղեցուց, Ավանի տաճարից եւ կաթողիկոսական պալատից։ Շրջակայքում պահպանվել են նաեւ այլ կոթողներ (5-6-րդ դդ.) ու արձանագիր խաչքարեր, միջնադարյան գերեզմանոցի հետքեր (13-17-րդ դդ.)։ Ավելի ուշ` 1938-1968 թվականների ընթացքում, ամրակայման, մասնակի վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ Հայտնաբերվել է Ամենայն հայոց Եզր կաթողիկոսի ծածկագիր արձանագրությունը (7-րդ դարի 30-ական թվականներ), որն Ավանում պահպանված գաղտնագրման առաջին օրինակն է։ Եկեղեցին անվանում են նաեւ Ծիրանավոր: Ըստ վարկածներից մեկի` դա Տիրամոր պատվանուններից է: Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ եկեղեցու անվանումը պայմանավորված է ծիրանի հարակից այգիների առատությամբ: Համալիրի հիմնական կառույցը հայ միջնադարյան ճարտարապետության մեջ առաջին քառախորան, անկյունային խորշերով եկեղեցին է։ Կիսավեր է, պահպանվել են 2-2,5 մ բարձրությամբ պատերը։ Մուտքերը երկուսն են` արեւմտյան եւ հարավային շքամուտքեր: Վերջինով եկեղեցին կապվել է կաթողիկոսական պալատի հետ: Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձեւ հորինվածքով եկեղեցին նաեւ արտաքին անկյունավոր խորշեր ունի։ Ամենայն հավանականությամբ դա հետագայում է արվել` կառույցը թեթեւացնելու եւ գեղեցկություն հաղորդելու նպատակով: Տաճարի չորս անկյուններում կառուցվել են նաեւ ավանդատներ, որոնց շնորհիվ կառույցի ներքնամասի հորինվածքը խաչաձեւ է դառնում։ Տաճարը միայն մեկ խոշոր գմբեթ է ունեցել։ 1679 թ-ի ուժգին երկրաշարժից այն մասամբ ավերվել է: Տաճարը մեզ է հասել խիստ վնասված վիճակում։ Պահպանվել են արտաքին պատերի հատվածները, գմբեթի կամարներն ու չնչին մասը։ Պահպանված հատվածը մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն առումով, որ հենց այս տաճարի ճարտարապետական հորինվածքն է նախատիպ հանդիսացել վաղ միջնադարյան Հայաստանի մի շարք կառույցների համար` Հռիփսիմե, Մցխեթ (7-րդ դ.): Թեեւ պատմական ու մշակութային տեսանկյունից այն կարեւոր կառույց է, սակայն մերօրյա ավանցիների համար դա այնքան էլ այդպես չէ: Իհարկե, բարեպաշտ հավատացյալներ կան, ովքեր սրբապատկերներ են տեղադրել այնտեղ, ժամանակ առ ժամանակ մոմ են վառում, սակայն եկեղեցու խնամքն այդքանով ավարտվում է: Մեր նկարահանման պահին մի քանի պատանիներ, եկեղեցու կիսաքանդ պատերին նստած, «բլոտ» էին խաղում: Ուզում ենք լավատեսորեն հավատալ, որ դա առօրյա երեւույթ չէ: Թեեւ այլ եկեղեցիների նման այս կառույցի պատերին տարաբնույթ գրություններ չկան, բայց եթե պատկան մարմինների վերաբերմունքը չփոխվի, այդ օրն էլ հեռու չէ: Պատկերասրահ` Ավանի Կաթողիկե եկեղեցին Ծովինար Կարապետյան