Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 04-07-2012
«Պերմ ստրիտ». բացօթյա փառատոն հայերի կազմակերպմամբ
Քանի որ Հայաստանում միջոցները շատ սուղ են, հայ մասնագետները բացօթյա թատրոնների միջազգային փառատոն էին կազմակերպել Ռուսաստանում` Պերմ քաղաքում:
Բայց` ամեն ինչ հերթով: Պերմի «Սպիտակ գիշերներ» փառատոնի հրավերով այնտեղ էր մեկնել Հայ դերասանների միությունը` Արթուր Ղուկասյանի գլխավորությամբ: Առաջին անգամ հայ մասնագետները կազմակերպեցին «Պերմ ստրիտ» փառատոնը: ««Սպիտակ գիշերների» շրջանակում կազմակերպվում են մի քանի փառատոններ` կատարողական արվեստի, կինոյի, ժամանակակից արվեստի եւ այլն: Այդ բոլորին կապող օղակը «Պերմ ստրիտն» է: Այդ ամենը չափազանց ծախսատար էր. այդ պատճառով այստեղ էլ չենք կարող անել»,- ասում է փառատոնի կազմակերպիչ Արթուր Ղուկասյանը: Պերմյան սպիտակ գիշերները տեւել են հունիսի 1-ից 24-ը, իսկ 12-ից 17-ը «գիշերների տիրակալները» փողոցային դերասաններն էին: Հատուկ դրա համար Պերմում կառուցվել էր փառատոնային ավան, որտեղ քաղաքի բնակիչները կարող էին գալ, զբոսնել, նայել ներկայացումներ, երբեմն էլ` նույնիսկ մասնակցել: «Թատրոնը ստեղծվել է փողոցում: Հետո որոշվեց, որ այն պետք է փակվի պատերի մեջ: Հիմա այն հետ է գալիս փողոց, որտեղ ամեն ինչ կարելի է»,- նշում է Արթուրն ու դրանով մեկնաբանում փառատոնի կարգախոսը` «Առանց սահմանափակումների»: Հայաստանից «Պերմ ստրիտին» մասնակցել է «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը` «Մտքերի երկխոսություն» ներկայացմամբ: Ի դեպ, պրեմիերան էլ կայացավ հենց տեղում: «Մտքի 3 տեսակ էինք ընտրել` թեթեւ, ծանր եւ անհասկանալի: Քանի որ ներկայացումը բացօթյա է, կարող ենք նաեւ նյութեր (հող, ալյուր, ջուր) օգտագործել` առանց վախենալու, որ ինչ-որ մեկին կվնասենք: Այդ մտքերն էլ հենց նյութերի տեսքով ենք ներկայացրել»,- պատմում է թատրոնի ղեկավար Ցոլակ Մլքե Գալստյանը: Նշենք, որ գիշերային Պերմի փողոցներն աշխուժացնելու էին եկել 5 երկրների 7 թատերախմբեր: Նրանց մեջ էին նաեւ թատերական աշխարհում շատ հայտնի ֆրանսիական «Լե Պլաստիզեն Վոլանը», գերմանական «Անտագոնը» եւ այլն: Թե երբ Հայաստանում կտեսնենք այդպիսի փառատոն, ցույց կտա ժամանակը, բայց Պերմի փառատոնի կազմակերպիչներն ասում են, որ, օրինակ, «Հայֆեստի» բյուջեին պետք է ավելացնել եւս 250.000 ԱՄՆ դոլար, որպեսզի դա հնարավոր լինի: Պատկերասրահ` «Պերմ ստրիտ». բացօթյա փառատոն Ծովինար Կարապետյան