Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 22-08-2010
Տիտանիկ» երազող հայ մոդելը
Նորաձեւության շքեղ ամսագրերի փայլուն շապիկներին մշտապես հայտնվում են նրանք, ովքեր թելադրում են ոճ, գեղեցկություն ու հմայք:
Շապիկների դեմքերը հայտնվում են գովազդներում, տեսահոլովակներում, ֆիլմերում: Մենք էլ ուզենք, թե ոչ, փորձում ենք նմանվել նրանց, հիանում ենք քայլվածքով, հագնվում ենք նրանց պես, քննադատում սանրվածքները, հետաքրքրվում անձնականով ու այս ամենով փորձում մի փոքր ավելի մոտենալ շենշող արտաքիններով, բայց երբեմն անիրական ու եթերային թվացող մոդելներին: Քաղաքակրթությունների ու նորաձեւության կենտրո՞ն: Դե՛, իհարկե Եվրոպա: Մեծ բացահայտում չէր, ոչ էլ նորություն: Ու ոչ էլ զարմանալու որեւէ բան կար ասվածում: Բայց զարմանալու ու նաեւ հպարտանալու առիթ մենք հաստատ ունենք: Մոդել-մոդելային բիզնես եւ հայկական իրականություն բառակապակցությունները գուցե միեւնույն նախադասության մեջ չի կարելի կողք կողքի դնել, կասեք դուք: Իսկ ես ձեզ կասեմ, կա մի երիտասարդ ով ոչ թե պարզապես շատ լրջորեն զբաղվեց մոդելային բիզնեսով, այլեւ հասցրեց 20 տարեկանում արդեն դառնալ Եվրոպայի լավագույն մոդելներից մեկը, հայտնվել «Calvin Klein», «BlackBerry», «Black Orchid» համաշխարհային համարվող բրենդերի գովազդներում, մասնակցել բազմաթիվ մրցույթների ու շատ շուտով էլ ներկայացնել Հայաստանը Փարիզում կայանալիք «Mister Earth» մրցույթում: Պատմությունս հեքիաթի նմանվե՞ց ու հավատ չի՞ ներշնչում: Փորձեք համաշխարհային համացանցի խճճված սարդոստայնում որոնող ամենահայտնի «Google» համակարգում լատինատառ հավաքել «Դավիթ Ղարիբյան» անուն ազգանունը: Արդյունքում կհամոզվեք ինքներդ: Իսկ ես ներկայացնեմ ու ծանոթացնեմ ձեզ նրան, ով այսօր Եվրոպայի լավագույն թոփ-մոդելներից մեկն է: «Դեռ մանկուց շատ էի սիրում դիտել հաղորդումներ նորաձեւության մասին: Ինքս ինձ վրա աշխատում էի, քայլվածքս էի մշակում, փորձում էի գտնել սեփական ոճս: 2006 թ-ից սկսեցի գործնական մոտեցում ցուցաբերել մոդելային բիզնեսին: Այս ընթացքում արդեն մասնագիտությանս ընտրության լուրջ հարցն էր առաջ եկել: Ես շատ էի ուզում թատերական ինստիտուտ ընդունվել ու դերասան դառնալ: Բայց ծնողներիս խորhրդով ընդունվեցի Ճարտարագիտական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետ: Բայց սրան զուգահեռ, միեւնույն է, չմոռացա մոդելային կարիերայի մասին»: Ասում էի, չէ՞, որ հպարտանալու եւ պարծենալու առիթ ունենք: Սկզբում պարզապես հոբբի համարվող զբաղմունքը կարճ ժամանակի ընթացքում Դավիթի համար դարձավ մասնագիտություն ու կենսակերպ: Բայց կա մի «բայց»: Ինչպես միշտ լավագույն անունները պիտի հնչեն ու ներկայանան դրսից, որ մենք էլ սկսենք վստահել, խոսել, ներկայացնել ու նրանց համարենք կայացած: «2008 թ.-ին հանդիպեցի Աշոտ Խաչատրյանին: Նա ինձ առաջարկեց մասնակցել միջազգային մրցույթների: Իսկ միջազգային մրցույթը խաղ ու պար չէ: Չես կարող պարզապես ուզել, գնալ, մասնակցել: Բավականին լուրջ աշխատանք պետք է մինչ այդ տարվի: Ընդհանրապես շատ ուրախ եմ, որ հանդիպեցի Աշոտ Խաչատրյանին: Միջազգային նման մրցույթների լիցենզիան Հայաստանում նրան է պատկանում: Եվ նա արդեն շատ լավ գիտի, թե ինչ աշխատանքներ պիտի տարվեն մինչ մրցույթին մասնակցելը: Ես, բոլոր աշխատանանքների լրջությունը գիտակցելով, միանգամից համաձայնեցի: Ուկրաինայում քասթինգն անցա: Ինձ համար իսկապես զարմանալի էր, որ այդքան մոդելներից հենց ես ընտրվեցի եւ ճանաչվեցի "Mister Ukraine 2009": Դրանից հետո ավտոմատ կերպով մասնակցեցի «Best Model of Europe» մրցույթին եւ արժանացա Եվրոպայի լավագույն մոդել տիտղոսին»: Մրցույթն ավարտվեց, ու բազմաթիվ առաջարկները սպասեցնել չտվեցին: Մրցույթից անմիջապես հետո Դավիթը նորաձեւության համաշխարհային երեք կենտրոններից` Նյու Յորքից, Միլանից ու Փարիզից, գործնական առաջարկներ ստացավ` միանգամից երեք հրավեր եւ ընտրեց. «Փարիզը: Նախ Փարիզն իսկապես իմ երազանքների քաղաքն է: Չգիտեմ, մի տեսակ համարում եմ աշխարհի մշակութային կենտրոնը, աշխարհի սիրտը: Շատ մարդիկ հենց այստեղ են ինքնահաստատվել ու կայացել, որովհետեւ երեւի քաղաքն էլ է ստիպում ու օգնում: այստեղ էլ կմասնակցեմ «Mistr Earth» մրցույթին: Բավականին լուրջ մրցույթ է: Այս անգամ, ինչպես անունն է հուշում, միայն տղաներն են մասնակցելու: 114 երկրների մասնակիցներ կլինեն: 2011 թ-ին կկայանա մրցույթը, բայց աշխատանքներն արդեն հիմա էլ սկսել են»: Համաշխարհային բրենդների գովազդներն ու նմանատիպ մրցույթներն իրենց գործն արել են ու շատ արագ Դավիթ Ղարիբյանին սկսեցին ճանաչել թե՛ երեւանյան փողոցներում ու թե՛ Եվրոպայում: Իսկ ճանաչումն էլ երբեմն փոխում է մարդուն: Մանավանդ երբ դեռահաս ես, տաքարյուն ու երիտասարդ: «Ինձ ճանաչում են, մոտենում են, խնդրում նկարվել, ստորագրությունս են ուզում: Չգիտեմ, հաճելի պահեր են: Ինձ այդ ամենը դուր է գալիս շատ: Բայց դե երբեք չեմ ասի, որ աստղ եմ կամ նման մի բան: Առհասարակ ես համարում եմ, որ բոլոր մարդիկ տիեզերքում իրենց աստղերն ունեն: Ու ոչ ոք չի կարող կոչվել աստղ ու դրանով մյուսներից առանձնանալ: Չեմ հպարտացել, չեմ փոխվել: Մարդկային արժեքներս չեմ կորցրել, հակառակը շատ լավ հատկանիշներ եմ ձեռք բերել: Ես էլի նույն Դավիթն եմ: Ես կարճ ժամանակում կյանքի փորձ եմ ձեռք բերել: Մի քիչ գուցե ավելի զգույշ եմ դարձել, որովհետեւ ժամանակին չափազանց միամիտ էի»: Իսկ հաջողության ամենամեծ գաղտնիքը. «Իմ հաջողության գաղտնիքը: Ես էլ իմ աստղն ունեմ: Դա էլ իմ գատնիքն է: Ինձ նկատում են ու միանգամից սիրում: Ինքս էլ չգիտեմ` ինչու: Մի կարգախոս ունեմ. «Ուզո՞ւմ ես փոխել աշխարհը, սկսի՛ր փոփոխությունները քեզնից»: Ես հենց այդ կարգախոսով էլ առաջնորդվում եմ: Հաջողության գաղտնիքը նաեւ այն է, որ երբեք չեմ լսել շրջապատի կարծիքը, զբաղվեցի հենց այն գործով, ինչն իսկապես սիրում եմ: Ճիշտ է, դժվար ընթացք էր: Ծնողներիս համոզելը, ինստիտուտային հարցերը, շրջապատը: Բայց ես համառ եմ ու աշխատասեր: Ինձ ինչքան շատ էին ասում` մի զբաղվիր այս գործով, ավելի էի ոգեւորվում»: Ոչինչ միանգամից չի ստացվում: Ու կյանքում ամեն ինչին հասնելու համար պետք է նախ մեծ ցանկություն, հետո ծով աշխատասիրություն եւ իհարկե, սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Հ.գ. Մեզնից յուրաքանչյուրը նվիրական մի երազանք ունի: Դավիթն էլ բացառություն չէ: Չնայած մեծ ձեռքբերումներին, օրեցօր մեծացող ճանաչմանն ու բավականին լուրջ եվրոպական բեմերին` Դավիթի երազանքը գողտրիկ, մաքուր ու յուրահատուկ է: «Երազում եմ «Տիտանիկի» նման նավ ունենալ: Մեծ, շքեղ, անկրկնելի: Բայց նրանով կշրջագայեն նրանք, ովքեր ոչ թե շատ փող ու հնարավորություն կունենան, այլ նրանք, ում ես կցանկանամ տեսնել իմ նավին, դե՛, այսինքն այն մարդիկ, ովքեր չգիտեն, որ իրենք «փոքրիկ իշխանիկներ» են: Չգիտեմ` ինչու, բայց համոզված եմ, որ մի օր այս երազանքս էլ իրականություն կդառնա»: Լիլիթ Գրիգորյան