Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

11 Սեպտեմբեր, Շաբաթ | 03:06
ՄՇԱԿՈՒՅԹ
NewsInterviewAnalyticsGallery
Ծաղկաձորի փողոցները վերածվում են թատերաբեմի՞
Տեղադրվել է 23-07-2010
«Առաջին հայ դերասանուհի» Նազենիկը բեմը զիջում է Լեոնիդ Ենգիբարյանին:
Օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձոր քաղաքում կանցկացվի մնջախաղի միջազգային փառատոն, որն արդեն ավանդական է դառնում եւ այս տարվանից կրելու է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Մեծանուն դերասանի անունը կրող փառատոնը կանցկացվի երկրորդ անգամ:

Սակայն պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ: 2001 թ-ին Հայաստանում առաջին անգամ կայացավ թատերական միջազգային փառատոն, որի կազմակերպիչներից մեկը Ժիրայր Դադասյանն էր: Փառատոնը կրում էր «Նազենիկ» անունը` ի պատիվ Խորենացու հիշատակած Տրդատ իշխանի սիրեցյալ Նազենիկի` նրան համարելով հայոց պատմության մեջ հիշատակված առաջին դերասանուհին:

Բավականին երկար դադարից հետո` 2008 թ-ին, «Նազենիկը» ներկայացավ նոր շնչով: Այս տարի փառատոնին կմասնակցեն Հայաստանի եւ տարբեր երկրների թատերական խմբեր, անհատ կատարողներ:

«Գաղափարախոսություն ունի այս փառատոնը. ոչ թե հանդիսատեսին ես բերում թատրոն, այլ թատրոնն ես տանում դեպի հանդիսատեսը: Դա լավագույնս կարելի է անել հանգստի գոտում»,- նշում է փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը:

Պարոն Դադասյանի հավաստմամբ` փառատոնը կկազմակերպվի այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանի մնջախաղի պետական թատրոնը չունի շենք: Սա նաեւ ուշադրություն գրավելու մի ձեւ է: Նշենք, որ այժմ թատրոնի ներկայացումները ժամանակավորապես ցուցադրվում են Պատանի հանդիսատեսի թատրոնում:

«Ժանրի տեղ է պահանջվում, այլ ոչ թե թատրոնի: Այնտեղ կարող են գործունեություն ծավալել նաեւ թատերական մյուս խմբերը»,- ասում է պարոն Դադասյանը:

Ակրոբատներ, փողոցային ժանրի ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ միմեր եւ գունեղ շոուներ. այս ամենը` օրը ցերեկով Ծաղկաձորի փողոցներում: Բեմական եւ փողոցային ներկայացումները դիտելու հնարավորություն կունենան ոչ միայն տեղացիները, այլեւ մայրաքաղաքի բնակիչները: Իսկ տեղափոխումն անվճար կիրականացնեն հատուկ ավտոբուսները:

Ներկայացումները կլինեն ցերեկային ժամերին: Բացման արարողության ժամանակ բոլոր խմբերը եւ արտիստները կներկայացնեն փոքրիկ էտյուդներ, իսկ մյուս օրերին` ամբողջական ներկայացումներ: Մնջախաղի պետական թատրոնը ներկայացնելու է վերջերս բեմադրված «Արդաղիոնը»: Փառատոնի անցկացման համար պետությունից տրամադրվել է 8 մլն դրամ:

Փառատոնի անակնկալներից մեկն էլ այն է, որ Հայաստան է ժամանելու նաեւ Լեոնիդ Ենգիբարյանի թոռը, ով հանդես է գալիս Պետր Պոպպեր անունով: Փառատոնի ընթացքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ www.pantomimefest.com պաշտոնական կայքէջից:

Ծովինար Կարապետյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am