iPhone 4-ն ու խնդիրները
Տեղադրվել է 19-07-2010
Մի օր iPhone 4 հեռախոսները սկսեցին այնքան էլ լավ չաշխատել:
Դուք տեղեկատվական տեխնոլագիաների ու բջջային հեռախոսների նորամուծությունների մեծ սիրահա՞ր եք ու Ձեր երազանքների բարձակետն ու գագաթնակետը «Apple» ընկերության iPhone 4 հեռախոսնե՞րն են: Դե լսեք մի բան պատմեմ:
Խնդիր կար ու պետք էր շուտափույթ գտնել հարմար լուծումներ: «Apple» ընկերությունը «մտածեց-մտածեց» ու «Էվրիկա»: Լուծումը գտնված էր: Հրավիրեցին ասուլիս, ասեցին, խոսեցին ու ընկերությունը հայտարարեց, որ բոլոր տիպի սմարթֆոններն էլ կապի հետ խնդիր ունենում են:
Ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը մեկ այլ միջոցառման ընթացքում պատմել էր, որ ազդանշանի ընդունման խափանումների խնդիրներ ունեն բոլոր սմարթֆոնները: Նա «բոլորի» մեջ ընդգծել էր հատկապես «HTC», «Samsung», «RIM», «Nokia» եւ «Motorola» ընկերությունների ներկայացրած սմարթֆոնները:
«Apple»-ի պաշտոնական կայքում նույնիսկ տեղադրվել էին մրցակիցների ներկայացրած սմարտֆոնների անսարքությունների մասին պատմող հոլովակներ: Ըստ հոլովակների` հեռախոսը որոշակի ուղղությամբ պահելու դեպքում հեռախոսն այնքան էլ լավ չի որսում ազդանշանները:
Նշված ընկերությունների ներկայացուցիչների արձագանքը, բնականաբար երկար սպասեցնել չտվեցին: «Motorola»-ն հայտարարեց, որ նմանատիպ խնդիրներ առաջանում են միայն հեռախոսի արտաքին կողմից տեղադրված ալեհավաքի պատճառով, իսկ իներց հեռախոսները նման խնդիրներ չունեն:
«HTC»-ը միանգամից բողոքարկել է հայտարարությունը: Իսկ «Nokia»-ն ընդունել է, որ նման հեռախոսների ազդանշաններ որսալու վրա ազդում է հեռախոսի` ձեռքում երկար պահելու փաստը, բայց նաեւ հավելել է, որ իրենց ընկերության հեռախոսներն այնպես են նախագծված, որ խնդիրներ չառաջացնեն: Բայց ամենամրցակցային հայտարարությունն արել է «RIM»-ը, որն ասել է, թե «Apple»-ի այդ հայտարարությունը կարող է միայն մի բանով պայմանավորված լինել. ընկերությունն ուզում է ստվեր գցել մրցակից ընկերությունների վրա ու իր սմարթֆոնային խնդիրները բարդել նաեւ մյուսների վրա:
Տեղեկությունները` The Wall Street Journal-ի:
Լիլիթ Գրիգորյան