Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

11 Սեպտեմբեր, Շաբաթ | 03:42
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
NewsInterviewAnalyticsGallery
Վիրտուալ համալսարանում իրական ուսանողներ են սովորում
Տեղադրվել է 30-06-2010
16-ից մինչեւ 81. սրանք Հայկական վիրտուալ համալսարանի ամենաերիտասարդ ու ամենատարեց ուսանողների տարիքներն են:
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի՛ տուն» ծրագրի մասնակիցներն այսօր Հայկական վիրտուալ համալսարանի հյուրերն էին: Մինչ այդ նրանք արդեն հասցրել էին այցելել Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի ու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ:

Մեկամյա պատմություն ունեցող համալսարանն արդեն հինգ հարյուրից ավելի ուսանողներ ունի: Աշխարհի տարբեր երկրներում գտնվող ուսանողներին համախմբողը Հայաստանն է ու հայերենը, որոնք էլ համալսարանի ուսումնական ծրագրի գլխավոր բաղկացուցիչներն են: ՀՎՀ-ում ուսուցումն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով` լեզու, պատմություն, մշակույթ, եւ 6 լեզուներով` հայերեն (արեւելահայերեն, արեւմտահայերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ իսպաներեն:

Վիրտուալ համալսարանի պատմությանն ու առաջարկվող դասընթացներին «Արի՛ տուն»-ցիներին ծանոթացրեց համալսարանի հիմնադիր-նախագահը` Երվանդ Զորյանը: «Դժբախտաբար, սփյուռքի ամեն քաղաքում չկա հայկական դպրոց, ուր կարող են հաճախել հայ պատանիները: Այս համալսարանը ստեղծվել է հենց այդ նպատակով` հասանելի լինելու ամեն մի հայի: Նրանք, ովքեր մուտք ունեն ինտերնետ, կարող են դառնալ մեր ուսանողը»,- նշում է Երվանդ Զորյանը:

Ըստ նրա` ՀՎՀ-ն ոչ միայն Հայաստանի մասին գիտելիքներ ստանալու հնարավորություն է, այլեւ միջոց` աշխարհի տարբեր երկրներում ապրող հայրենակից-ընկերներ ձեռք բերելու համար: Վիրտուալ համալսարանի աշխատակիցները «Արի՛ տուն» ծրագրի երիտասարդներին ներկայացրին վաղ միջնադարյան հայկական մշակույթին վերաբերող օն-լայն դասախոսություն, որին հետեւեց նյութի յուրացման մակարդակը պարզելուն ուղղված հարցուպատասխանը:

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի՛ տուն -2010» ծրագրի առաջին փուլն արդեն 7 օրվա պատմություն ունի: Մեկ շաբաթվա ընթացքում ծրագրի շուրջ 90 մասնակիցները շատ տեղերում են եղել, իսկ հաջորդ շաբաթն էլ ավելի բուռն է լինելու: Ծրագրի մասնակիցներն արդեն մտերմացել են իրենց հյուրընկալած ընտանիքների հետ:

17-ամյա Սվետլանա Մանասյանն ու Ալինա Հարությունովան Երեւան են եկել հարեւան Վրաստանից: Երկու ընկերուհիներն այստեղ բնակվում են նույն ընտանիքում: Աղջիկները պատմեցին, որ իրենց «ժամանակավոր ընտանիքի անդամների» հետ վաղը թատրոն են գնալու. ընտանիքի «մայրն» արդեն գնել է տոմսերը:

Ջուլիետ Առուշանյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am