«Ես Աստծո ցավը տանեմ, ես իրեն հավատում եմ»
Տեղադրվել է 19-06-2010
Խոստովանում է Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը:
-Ինչո՞վ էր պայմանավորված քաշային կարգիդ փոփոխությունը:
- 2002 թ-ից հանդես էի գալիս 60 կգ քաշային կարգում. ծանրաբեռնվածությունը շատ էր, ինձ համար դժվար էր: Բայց վերջին երկու տարիներին միջազգային մրցաշարերում նաեւ 64-ում էի հանդես գալիս, սակայն Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում քաշ էի գցում 60-ին հասնելու համար: Եւ զգացի, որ դա մի քիչ էլ նյարդերի հետ է կապված. սոված մնալ, ջուր չխմել, զսպել, դիմանալ: Բռնցքամարտն էլ այնպիսի մարզաձեւ է, որ օլիմպիադայի հետ սկսվում է, օլիմպիադայի հետ ավարտվում: Եւ ամեն մենամարտից առաջ պարտադիր կշռվում ես: Մտածեցի` այս քաշում ինձ փորձեմ, եթե չստացվի, նորից կվերադառնամ նախկին քաշիս: Բայց մինչեւ օլիմպիադա կշարունակեմ այս քաշում մենամարտել: Կան թերություններ, որոնք ժամանակի խնդիր են, կմարզվեմ, կլուծվեն:
-Մոսկվայում մրցավարական կողմնապահությունը քո մենամարտերի վրա ազդե՞ց:
-Չնայած մրցավարական կողմնակալությունից գրեթե բոլոր հավաքականներում, այդ թվում` եւ մեր, դժգոհություն կար, սակայն իմ դեպքում որեւէ խնդիր չի ծագել: Դե՛, սպորտ է, ամեն մեկիս հետ էլ կարող է պատահել:
-Ո՞վ էր «ամենաանցանկալի» մրցակիցդ:
- Մենամարտից առաջ շատ լարված եմ եղել Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկի հետ: Չնայած նա այնքան էլ ուժեղ չէր (չեմ թերագնահատում ոչ մեկին), բայց լարված էի, որովհետեւ մեդալի համար պետք է պայքարեի: Այդպես էլ եղավ: Հաջորդ օրը հաղթեցի նրանից 2 անգամ ավելի ուժեղ բռնցքամարտիկի, բայց ավելի հանգիստ էի: Բոլորն էլ պայքարում են հաղթանակի համար: Պետք չէ թերագնահատել որեւէ մեկին: Ինձ հետ պատահել է, որ «լոպազացել եմ» ռինգ դուրս գալուց առաջ ու պարտվել եմ այնպիսի մարդու, որ իրավունք չունեի պարտվելու:
-Երբեւէ բռնցքամարտից հիասթափվե՞լ ես:
-Հիասթափություն եղել է, բայց` ժամանակավոր: Մի երկու ամիս առաջ այստեղ եղավ Գագիկ Ծառուկյանի գավաթի մրցաշարը, որի երկրորդ օրը մեդալի համար մենամարտում էի ղազախստանցու հետ: Մենամարտն ավարտվում է 2:2, հաղթանակը տալիս են նրան: Մրցաշարի առաջատարներից մեկն էի ու… պարտություն (բոլորը դարձան աչքիս գրողը): Ասացի` էլ չեմ պարապելու: Բայց անցավ մի 10 օր, որոշեցի, որ պետք է ապացուցեմ, որ իրենք սխալ են եղել: Ոչ մեկին չեմ մեղադրում… Դա նույնիսկ լավ էր. ավելի նպատակասլաց դարձա:
-Իսկ ո՞վ է մխիթարում:
-Ե՛ւ ընկերներս, ե՛ւ բարեկամներս լինում են կողքիս, բայց` ավելի շատ մայրս: Որ ասում եմ` չեմ պարապելու, մորս «կաթվածը պատրաստ է»: Փոքրուց էլ մայրս է հետեւել մարզումներիս:
-Իսկ ռինգ դուրս գալուց առաջ ի՞նչ ես անում:
-Ես միշտ աղոթում եմ: Երբեք թալիսման չեմ ունեցել: Բայց ես Աստծո ցավը տանեմ, ես իրեն հավատում եմ ու սենյակում միշտ աղոթում եմ, խաչակնքվում, նոր գնում մենամարտելու: Եթե մի բան խնդրում ես Աստծուց, ու կատարվում է, չես կարող չհավատալ:
-Հաղթանակներդ որեւէ մեկին նվիրո՞ւմ ես:
-Հայրս շատ էր ուզում, որ լուրջ մեդալ նվաճեմ: 2005 թ-ին, երբ նրան կորցրի, նպատակադրվեցի, որ պետք է մեդալ բերեմ: 2006 թ-ին Եվրոպայի փոխչեմպիոն դարձա: Իսկ այս տարվա մեդալս երեխայիս համար է, որ 3 ամսից կծնվի: Այս տարին իմ երեխայի տարին է: Նրա նվերն է:
-Կյանքում ի՞նչ երբեք չես անի:
-Թույլ մարդուն երբեք չեմ նեղացնի:
-Իսկ երբեմն ռինգը փողոց տեղափոխվո՞ւմ է:
-Արդեն ինչքան ժամանակ է` ոչ: Բայց նախկինում պատահել է. ո՞վ կռիվ չի արել: Ուրեմն պետք է ամբողջ օրը նստես տանը, ջութակ նվագես (չնայած ջութակահարն էլ, եթե մի օր մեկը նրան նեղացնի, ջութակը կտա գլխին): Աշխատում եմ ռինգից դուրս ուժ չկիրառել, բայց տեղը եկած պահին մի քանի վայրկյանով «մոռանում» եմ, որ մեդալակիր եմ:
-Լավ առաջարկի դեպքում այլ երկրի դրոշի ներքո հանդես կգա՞ս:
-Ո՛չ: Մեր Հայաստանը, մեր ազգը, մեր դրոշն ուրիշ են: Եթե մեր հանդեպ ուշադրությունը մեծ է, ապահովված ենք, գնալու կարիք չկա: Ուրախ ենք, որ մեր դրոշն է բարձրանում:
-Այս պահին ո՞ւմ շնորհակալություն կհայտնես եւ ո՞ւմից ներողություն կխնդրես:
-Ես միշտ էլ ինձ լավություն անողին շնորհակալություն հայտնում եմ: Եթե անում եմ մի բան, որ չպետք է անեի, ներողություն խնդրում եմ. դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ամոթ չէ: Այսօր այնպիսի բան չունեմ, որ ներողություն խնդրեմ, բայց շնորհակալություն կհայտնեմ շատ մարդկանց` իմ մարզչին, մեր ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին, բայց ամենաառաջինը` մորս…
Ծովինար Կարապետյան