Վերարտադրողական առողջություն
Յուրաքանչյուրն մարդ ունի վերարտադրողական առողջության իրավունք, ինչը հենք է հանդիսանում առողջ երեխաներ, առողջ ինտիմ հարաբերություններ և երջանիկ ընտանիք ունենալու համար: Վերարտադրողական առողջությունն ընդգրկում է ՄԱԲՀ-ի տեսլականի առանցքային հատվածները՝ որ յուրաքանչյուր երեխա ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ մարդ՝ զերծ ՁԻԱՀ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին՝ արժանապատիվ և հարգալից վերաբերմունք վայելող:

Վերարտադրողական առողջության խնդիրները շարունակում են մնալ պտղաբեր տարիքի կանանց վատառողջության և մահվան հիմնական պատճառը ողջ աշխարհում: Աղքատության մեջ հայտնված կանայք՝ հատկապես նրանք, ովքեր բնակվում են զարգացող երկրներում, շատ ավելի շատ են տառապում անցանկալի հղիությունից, մայրական մահացությունից և հաշմանդամությունից, սեռական ճամապարհով փոխանցվող վարակներից՝ ներառյալ ՄԻԱՎ-ը, գենդերային բռնությունից և վերարտադրողական առողջությանն ու սեռական վարքագծին վերաբերող այլ խնդիրներից:

Զարգացման համար վերարտադրողական առողջության ունեցած կարևորագույն նշանակությունը ճանաչվել է ամենաբարձր ատյաններում: 2005 թ. տեղի ունեցած համաշխարհային գագաթնաժողովում աշխարհի առաջնորդները վերարտադրողական առողջության առողջության համատարած մատչելիությունն ավելացրին Հազարամյակի զարգացման նպատակների համակարգում ներառված թիրախների շարքին: 

Մեր երկրում բնակվում են վերարտադրողական տարիքի (15 և բարձր) մոտ 1.32 միլիոն կանայք և աղջիկներ:

Վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր վեց կնոջից մեկը տառապում է անպտղությամբ (16.8%-ը՝ գրեթե 220 հազար կին), ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%):

Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտավորապես 385 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Քաղցկեղի այդ տեսակից մեր երկրում ամեն տարի մահանում է ավելի քան 200 կին: Այն հայ կանանց շրջանում տարածվածությամբ երրորդ քաղցկեղն է, իսկ վերարտադրողական օրգաններում չարորակ նորագոյացությունների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում 15-ից 44 տարեկան կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: